Մեկնաբանություն

12.04.2015 22:25


«Տոն», որը մեզ հետ չպետք է լինի

«Տոն», որը մեզ հետ չպետք է լինի

Ժողովո՛ւրդ, բա իմացա՞ք՝ ինչ եղավ։ Հռոմի պապը «և՛, և՛»–ի քաղաքականության, «նախաձեռնողականության» և «Ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում է պատարագ մատուցել Վատիկանում։ Չլիներ «Ֆուտբոլը», չլիներ «նախաձեռնողականությունը», չլինեին հայ–թուրքական մեռելածին արձանագրությունները, և վերջապես, եթե չլիներ ...

Մի խոսքով, Ֆրանցիսկոսը տեղից շարժվողը չէր, եթե չլիներ հայկական դիվանագիտության աշխատանքը (իրո՞ք)։

Իսկ եթե ավելի լուրջ, ապա պետք է նկատել, որ Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցն այս իշխանությունները վերջնականապես վերածեցին «տոնի», որը հաստատ մեզ հետ չպետք է լիներ։ Սակայն այլ բան պետք էլ չէր սպասել, քանզի «հայրենասիրությունն» ու «պահանջատիրությունը» նեոբոլշևիկների վերջին հանգրվանն է։

Մեզանում հիմա ոչ թե կազմակերպվում է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ապրիլքսանչորսյան միջոցառումը, այլ, այսպես ասած, տոնվում է Ցեղասպանության օրը։ Համենայնդեպս, իշխանական քարոզչությունն այդ «լադի» վրա է (նկատի չունեմ միայն ՀՀԿ–ական կանանց ուրախ զբոսանքը Ծիծեռնակաբերդի տարածքում)։

Ուրիշ էլ ի՞նչ պետք է անեին։ Պետք է անմոռուկներով շոու սարքեին, սեփական փիառն անեին ու էժանագին սերիալի վերածեին անմեղ զոհերի ոգեկոչման արարողությունը։

Սրանք հիմա «կինոյի մեջի տղա» են խաղում (հեռուստատեսություններն էլ են իրենց ձեռքը, կայքերի ճնշող մեծամասնությունն էլ, ֆեյքերն էլ, «անկախ» ստատուսագիրներն էլ)։ Եվ դա այն դեպքում, երբ հանուն աթոռի՝ բառիս բուն իմաստով առևտրի առարկա դարձրին Հայոց ցեղասպանության հարցը՝ «Բաց սահմաններ՝ Ցեղասպանության փաստացի մոռացության դիմաց» թեմայով։ Ի դեպ, Ցեղասպանությունը հանձնեցին, բայց բաց սահմաններ չստացան, ու չէին էլ կարող ստանալ, քանի որ «նախաձեռնողականությունն» այլ արդյունք չի ենթադրում։

Արտաքին ոլորտում ամբողջությամբ ձախողվել են, բայց դե, «Գեբելսյան» քարոզչամեքենան փորձում է «սվաղել» այդ ամենը։ Իրենց կցված բոլորին հիմա հրահանգել են առնվազն մեկ ստատուս գրել, թե բա «մալադե՛ց». ինչ լավ միջոցառում են կազմակերպել Վատիկանում։ Կարծես, Հռոմի պապը ՀՀԿ–ական օդիոզ դեմքերից է, որ Բաղրամյան 26–ից պատվեր տաս, ու զրնգոցը լսես։

Այս հրահանգված խայտառակ «տոնախմբության» մեջ, թերևս, ամենասոլիդն իրեն պահեց Քիմ Քարդաշյանն ու հատկապես նրա աշխարհահռչակ ամուսինը։ Նրանք ձևականությունների հետևից չընկան ու շատ ավելի մեծ օգուտ տվեցին, քան Ծիծեռնակաբերդում տարիներ առաջ էլեկտրիկություն անողները։

Նողկալին այն է, որ այսօր մեկ կենտրոնից եկած հրահանգով վատիկանյան միջոցառման մասին հիացական բացականչություններ արտադրողները Թուրքիայի՝ այժմ արդեն նախկին նախագահ Գյուլի գալուց առաջ նույնպիսի շոու էին սարքել ու նույն բառերով գովերգում էին «Ֆուտբոլային» իմաստուն քաղաքականությունը։

Այսօրվա կեղծ սգավորները Ցեղասպանության տարելիցի կազմակերպումը շփոթել են ընտրակեղծիքների կազմակերպման հետ։ Նույն աշխատանքային մեթոդն է։ Պարզապես «ռակուրսներն» են տարբեր։ Ոչինչ, սա էլ կանցնի։

Գևորգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը