Մեկնաբանություն

12.04.2015 16:30


Հռոմի պապն ու Քիմ Քարդաշյանն՝ ընդդեմ «Ֆուտբոլային» դիվանագիտության

Հռոմի պապն ու Քիմ Քարդաշյանն՝ ընդդեմ «Ֆուտբոլային» դիվանագիտության

Այսօր Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ է մատուցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը՝ օգտագործելով «ցեղասպանություն» բառը։ Սա Ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստող կամ առնվազն միջազգային հանրության ուշադրությունը գրավող երևույթ է։ Բայց ասել, որ սա աննախադեպ բան է, սխալ կլինի։

Իշխանական քարոզչամեքենան՝ իր արբանյակներով հանդերձ, Վատիկանում տեղի ունեցածը փորձում է ներկայացնել որպես իր բացառիկ ձեռքբերումը, բայց դա այդպես չէ։

2001 թվականին Հայաստան եկավ եւ Ծիծեռնակաբերդում աղոթք հնչեցրեց Հռոմի պապը՝ Հովհաննես Պողոս Երկրորդը (այն ժամանակ Ծիծեռնակաբերդի լույսերը որևէ մեկի մտքով չէր անցնի անջատել): Դա ավելին էր, քան «ցեղասպանություն» բառի օգտագործումը։ Այնպես որ, էժանագին շոուներ սարքելու կարիք չկա։ Իհա՛րկե, լավ է, որ Ֆրանցիսկոսը պատարագ է մատուցել, բայց դա «նախաձեռնողականության» հաղթանակ ներկայացնելն առնվազն գավառամտություն է։ Ինչևէ։

Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նույնպես միջազգային մակարդակով բարձրաձայնում է խնդրի մասին։

Քիմն ու Ֆրանցիսկոսը տարբեր հարթություններում են և տարբեր մոտիվացիաներով են անդրադառնում Հայոց ցեղասպանության խնդրին, բայց երկուսն էլ նույն գործն են անում։ Երկուսն էլ կասկածի տակ չեն առնում Հայոց ցեղասպանության հարցը, և երկուսն էլ իրերն կոչում են իրենց անուններով։ Երկուսն էլ առևտրի առարկա չեն դարձնում Ցեղասպանության հարցը (թեև Վատիկանի բանկային համակարգին քաջածանոթներն այլ բան կարող են պնդել)։ Դրանով իսկ՝ երկուսն էլ դեմ են դուրս գալիս «Ֆուտբոլային» դիվանագիտությանը, որի շրջանակներում հայ և թուրք պատմաբանները պետք է «գյալաջի» անեին Հայոց ցեղասպանության թեմայով՝ մինչ այդ պոկված տեսնելով Արարատի պատկերը մերոնց մարզաշապիկների վրայից։

Քիմի ու Ֆրանսցիսկոսի ֆոնին փիառվող իշխանությունները հիմա փորձում են «հայրենասիրություն» և «պահանջատիրություն» խաղալ, բայց դա առնվազն ժպիտ է առաջացնում, քանզի հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունների վրա շարունակում է մնալ Հայաստանի ստորագրությունը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, հետևաբար, սառեցված վիճակից կարող է առաջ շարժվել միայն այն դեպքում, երբ «Ֆուտբոլային» դիվանագիտության գաղափարախոսներն ու այդ դիվանագիտության կիրառողները միասնաբար հայտնվեն ամբողջությամբ խաղից դուրս վիճակում։

Ի վերջո, միայն հայաստանակենտրոն, այլ ոչ թե «քիրվայական» կամ «պահանջատիրական» մտածողություն ունեցող մարդիկ կարող են Հայաստանը ներկայացնել և պաշտպանել մեր շահերը միջազգային ասպարեզում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը