Կեղծ բանավեճի շահառուները. Հայաստանը տուժող կողմն է
Քաղաքական դաշտի անապատացման պայմաններում կեղծ թեմաների, կեղծ օրակարգերի ու կեղծ բանավեճերի պակաս չի զգացվում։ Բանավիճում են բոլոր տեղերում՝ խորհրդարանում, մամուլի ակումբներում, մամուլի էջերում, ֆուրշեթի սեղանների շուրջ, հեռուստատեսային տաղավարներում։
Նողկալի է հետևելը, թե ինչպես են «Ֆուտբոլային» դիվանագիտության գաղափարախոսներն ու այդ գաղափարախոսությունը կյանքի կոչողներն այժմ իրար հետ «սկզբունքային» դիրքերից բանավիճում։ Իրար դեմ հրապարակախոսական նյութեր են տարածում, միմյանց վրա «կեղտ» բռնում և այլն։ Եվ դա այն դեպքում, երբ Գյուլի երևանյան այցի ժամանակ ներկայիս բանավիճող կողմերը՝ սկսած «թուրքագետ» կոչվածներից, վերջացրած «քիրվայախոսության» դրոշակակիրներով, ողջունում էին «նախաձեռնողականությունը» և ամեն կերպ աջակցում այդ կուրսին։
Կեղծ բանավեճի կողմերն այժմ պիտակավորում են միմյանց։ Մեկը ասում է՝ դուք «քյալլագյոզ պահանջատեր» եք, իսկ մյուսն էլ թե՝ դուք «ապազգային» եք։
Իրականում գործ ունենք ձևով տարբեր, բայց բովանդակությամբ նույն մտածողության կրողների հետ։ Քանզի դատարկ տեղը ծովից ծով Հայաստան պահանջելը և ամեն գնով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ քիրվայություն անելը նույն արդյունքին են հանգեցնելու։ Ասել է թե՝ երկու կողմերի մոտեցումներն էլ հակապետական են, հետևաբար դուրս պետք է մղվեն քաղաքական օրակարգից։
Տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության բերած բացասական հետևանքները գործնականում ցույց տվեցին «քիրվայական» գաղափարախոսության ողջ սնանկությունը։ Բոլորի համար էլ տեսանելի ու հասկանալի դարձավ, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ պետք է լինի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը։
Տեսանելի և հասկանալի դարձավ նաև ամենակարևորը, այն է՝ հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունները պետք է տարանջատվեն միմյանցից։ Այո՛, Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են դրանք տեսնել մեկ փաթեթի մեջ և հօգուտ իրենց լուծել խնդիրները, բայց մեր քաղաքականությունն էլ պետք է լինի հակառակը։
Պետք է Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման, բայց դրա գինը Ղարաբաղի հարցում միակողմանի զիջումներն ու Հայոց ցեղասպանության հարցը պետական քաղաքականության օրակարգից հանելը չեն։ Չի կարելի նաև Ցեղասպանության հարցը պատմաբանների քննության առարկա դարձնել, քանզի դա քաղաքական, այլ ոչ թե նեղ մասնագիտական հարթության հարց է։
Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելը ևս ցանկալի է, բայց ֆաշիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող մեր հարևանի հետ գոյակցելու գինը Ղարաբաղի զիջումները չպետք է լինեն։ Պարզ է, որ պետք է Ղարաբաղի հարցը լուծել (ի դեպ, «լուծման» տակ ամեն մեկը տարբեր բան կարող է տեսնել), բայց ո՞րն է լուծման գինը։ Հատկապես որ Իլհամ Ալիևը Սյունիքն ու Երևանն է ուզում և չի էլ թաքցնում, որ որևէ պարագայում չի համաձայնելու Ղարաբաղի անկախ գոյությանը։ Դա նշանակում է, որ Ալիևին պետք է խաղաղություն պարտադրել, իսկ դրան հասնելու համար քաղաքական ու տնտեսական փոփոխությունների պետք է հասնել Երևանում, այլ ոչ թե մեր երկրի զարգացման բանալիները դնել Բաքվում և Անկարայում։ Քանզի եթե հայտարարում ես, որ առանց Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարցերի արագ կարգավորման՝ մենք մեր կենսական խնդիրները լուծելու հնարավորություն չենք ունենա, ապա փաստացի ընդունում ես, որ մեր այդ կենսական խնդիրների լուծումը գտնվում է Հայաստանի թշնամիների ձեռքերում։ Իսկ դա, համաձայնե՛ք, որ աբսուրդային գաղափարախոսություն է։ «Հանձնենք, որ լավ ապրենք»–ը «Ծովից ծով գրավենք, որ լավ ապրենք»–ի պես մի բան է և բացարձակապես կապ չունի Հայաստանի ու Ղարաբաղի շահերի հետ։
Մեկ այլ հարցի մասին։ Հայտարարել, թե պետք է Ղարաբաղի հարցի արագ կարգավորում և միևնույն ժամանակ խոսել հայ–ադրբեջանական շփման գծում խաղաղապահ ուժերի տեղակայումից, մեղմ ասած, սխալ է և չի դիմանում ոչ մի քննադատության։ Նախ՝ խաղաղապահները ոչ մի տեղ էլ խաղաղություն չեն ապահովում։ Նրանք գործում են կոնյուկտուրայից ելնելով։
Եվ ամենակարևորը՝ եթե հայ–ադրբեջանական խնդիրն արագ լուծելու հնարը գիտեն «քիրվայականները», ապա ինչո՞ւ են նրանք անընդհատ խոսում խաղաղապահներից։ Բա եթե մենք պետք է տարածքները զիջենք («քիրվայականները» միայն այդպես են տեսնում իրենց գերհզոր ծրագրի իրագործումը) ու ադրբեջանական նոր հարձակումներից խուսափելու համար արանքում խաղաղապահներ խցկենք, ապա այդ դեպքում ինչո՞ւ պետք է տարածք հանձնենք, որ թշնամին ավելի լավ դիրքերում հայտնվի։
Վերացական են բոլոր այն դատողությունները, թե Հայաստանը պետք է ձգտի շուտափույթ կերպով հասնել հայ–թուրքական և հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Դրանք տրաֆարետային ու նաև դեմագոգիկ ձևակերպումներ են։ Ո՞րն է կարգավորման ճանապարհային քարտեզը։ Կոնկրե՛տ։ Եթե կոնկրետիկայի տակ ոմանք նկատի ունեն Էրդողանի առաջ քաշած նախապայմանների բավարարումը, ապա դա այլ խոսակցության թեմա է։
Այն ուղին, որն առաջարկվում է «քիրվայականների» կողմից, ցույց տվեց իր վտանգավորությունն ու հակապետականությունը «Ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ։ Ու մինչև հիմա դրա տված վնասներն իրենց զգացնել են տալիս։
Գործող իշխանություններն այժմ փորձում են «Ֆուտբոլային» արկածախնդրության տակից դուրս գալ «պահանջատիրության» գիրկն ընկնելու միջոցով, բայց դա էլ է արկածախնդրություն։
Բացի այդ՝ ծիծաղելի է Վուդրո Վիլսոնի իրավարար վճռից, Սևրի դաշնագրից ու ծովից ծով Հայաստանից խոսելը, ճոռոմ ձևակերպումներով հռչակագիր ընդունելը և միաժամանակ հայ–թուրքական արձանագրություններից կառչած մնալը։ Այդ ամենը էժանագին շոու է, ուրիշ ոչինչ, ինչպես որ էժանագին շոու է, իբր, իրապաշտության դիրքերից (իրականում՝ «քիրվայական» դիրքերից) «պահանջատերերի» հետ վեճի բռնվելը։ Այդ վեճը կեղծ է, և վեճի կողմերն իրար արժեն, բայց դե, ամեն մեկը փորձում է հանրության աչքերին թոզ փչել ու ժամանակ ձգել, մինչև տեսնեն, թե ինչ է գալիս գլխներին։ ՀՀ–ի ու ՀՀ քաղաքացիներին հուզող հարցերը նրանց ամենավերջինն են հետաքրքրում, կամ էլ չեն հետաքրքրում ընդհանրապես։
Ի դեպ, այդ զգացմունքը փոխադարձ է, քանի որ հանրությանն էլ բանավիճող կողմերը չեն հետաքրքրում։ Դա է պատճառը, որ մի մասն արտագաղթում է, իսկ մյուս մասը սպասում է հայաստանակենտրոնության դիրքերից իրական փոփոխությունների հասնելու հնարավորության ստեղծմանը։

Կորյուն Մանուկյան