Մեկնաբանություն

05.04.2015 22:10


Մոռուկն ու անմոռուկը (չհաշված 3000–անոց «Մատյան» գունդը)

Մոռուկն ու անմոռուկը (չհաշված 3000–անոց «Մատյան» գունդը)

Հայրենասիրությունը պաշտոնապես հայտարարված է որպես պետական քաղաքականություն։

«Լճից լիճ Հայաստանին» փոխարինելու է եկել «Ծովից ծով Հայաստան» ռազմահայրենասիրական հայեցակարգը, իսկ «Մոռուկին»՝ «Անմոռուկը»։

Սահմանված է հայրենասիրության չափման միավորը՝ որքան անմոռուկդ մեծ է, որքան այն շատ տեղերում ես փակցրել և որքան շատ ես դաստիարակությունիցդ բխող երևակայությանդ զոռ տվել ու անմոռուկակոխ արել շուրջբոլորդ, այդքան հայրենասեր ես։

Պարտիայի հայրենանվեր քայլերի շնորհիվ անմոռուկը դարձրել են հայտնի «զնաչոկի» պես մի բան՝ համարյա «նառուշիլովկա»։ Մեքենայի ու խանութի վրա անմոռուկի առկայությունը ցույց է տալիս, որ դու Պարտիայի հետ ես, հիշող ու պահանջող ես և համատեղությամբ՝ նաև հայրենասեր (ասում են, թե ավտոմեքենայի հետևի ապակու վրա անմոռուկ փակցնողների խախտումներն արագաչափերն ու տեսախցիկները չեն ֆիքսում, իսկ ֆիքսելուց էլ զեղչեր են կիրառում)։

Ի դեպ, անմոռուկի պահով մի փոքր հարց կա։

Բանն այն է, որ անմոռուկամոլները մոռուկ են, որ նույն ոգևորությամբ ողջունել են «նախաձեռնողականությունը», ծափահարել են «Ֆուտբոլային» դիվանագիտությունը, Ծիծեռնակաբերդում շոուներ կազմակերպելուց առաջ Գյուլի խաթեր համար անջատել են այնտեղի լույսերը, Վուդրո Վիլսոնի վկա դառնալուց առաջ Արարատը վերացրել են մերոնց մարզաշապկի վրայից, ինչպես նաև համաձայնել են թուրքերի հետ քննարկել Հայոց ցեղասպանության հարցը պատմաբանների ենթահանձնաժողովում՝ փաստացի մոռուկ դարձնելով այդ հարցը։

Չի կարելի մի ձեռքով անմոռուկ պատրաստել, իսկ մյուս ձեռքով ստորագրել հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները։ Բայց դե, կարևորը հայրենասիրությունն է։

Ինչ վերաբերում է թվով 3000 գերուրախ կանանց մասնակցությամբ Ծիծեռնակաբերդի վրա կազմակերպված գրոհին, ապա սա արդեն անմոռուկից ու մոռուկից անդին է։ Մնում է, որ Քիմ Քարդաշյանը ռեաբիլիտացնի մեզ, և շտկի իրավիճակը։

Ահա այսպես է հայրենասիրությունը հորդառատ անձրևի պես թափվում բոլորիս գլխին։ Եվ մենք դրա համար շնորհակալ պետք է լինենք Պարտիային (չհաշված 3000–անոց «Մատյան» գունդը)։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Հայրենասիրության վառ դրսևորում է նաև ձու կռվացնելը։ Բայց սա արդեն ուրիշ թեմա է։

Այս խորագրի վերջին նյութերը