Լրահոս

14.10.2009 17:04


Վահան Շիրխանյանի կտրուկ հայացքները զարմացրել են Համլետ Հարությունյանին

Վահան Շիրխանյանի կտրուկ հայացքները զարմացրել են Համլետ Հարությունյանին

-Մենք ի սկզբանե դեմ ենք եղել Թուրքիայի հետ որևէ հարաբերության ստեղծմանը, վերականգնմանը, քանի դեռ Թուրքիան չի ընդունել Ցեղասպանությունը,- «Հայելի» ակումբում ասել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը։

Արձանագրությունների քաղաքական վնասներից խոսելիս նա ասել է, որ դրանց պատճառով Հայաստանը կորցնում է Սփյուռքը, հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները։

-Հայաստանն իր անկախ գոյության տարիներին ունեցել է չորս հաղթաթուղթ՝ Սփյուռքը, Ցեղասպանությունը, ռուսական բազան և Արցախը։ Սրանք ճիշտ օգտագործելու ժամանակ կարող էինք ունենալ շատ ավելի մեծ հաջողություններ, բայց ոչ այս վիճակը։ Այս հաղթաթղթերից Սփյուռքը, Ցեղասպանությունը և ռուսական բազան այս արձանագրություններով դրվում են հարցականի տակ,- նշել է նա։  

Պատասխանելով Վահան Շիրխանյանի նման հայտարարություններին՝ նույն ակումբի հյուր ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանն ասել է, որ զարմանում է Վահան Շիրխանյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ այդքան  կտրուկ հայացքներ ունենալուց, քանի որ նա «պատկանում է մի շարժման, որը հենց հայ-թուրքական հարաբերությունների ջատագովն ու գաղափարախոսն է»։ Նրա կարծիքով ստորագրված արձանագրությունները միակ փաստաթուղթն են, որ Հայաստանը Թուրքիայի հետ ստորագրել է որպես իրավազոր պետություն։ Մնացած բոլոր պայմանագրերը՝ Կարս, Ալեքսանդրապոլ և այլն, Հայաստանի համար ստորացուցիչ և վիրավորական են եղել։

Հակազդելով Հ. Հարությունյանին՝ Վահան Շիրխանյանն ասել է, թե ցավում է, որ Հ. Հարությունյանն այսօր, «լինելով Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, որը Նժդեհից շեղվել, գնացել չոլերն է ընկել, ստիպված է պաշտպանել մի փաստաթուղթ, որն ամբողջ հայության դեմ է»։

Հ. Հարությունյանը նշել է, որ արձանագրություններն ընդամենը միտված են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, իսկ ինչ վերաբերում է դրանց վավերացմանը, նրա կարծիքով շատ հավանական է, որ Թուրքիան դրանք վավերացնի, մյուս օրն էլ ասի՝ դուրս բերեք զորքերը Ղարաբաղից, մենք էլ ասենք՝ դուրս չենք բերում։ Նա նշել է, որ Հայաստանն այսօր խնդիր ունի ճեղքելու դիվանագիտական շրջափակումը, և հայ-թուրքական հարաբերությունները դրա առաջին քայլն են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը