Լրահոս

14.10.2009 09:33


Հանրապետկան զորակոչային հանձնաժողովի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

Հանրապետկան զորակոչային հանձնաժողովի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ հանրապետական զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը' ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի նախագահությամբ, որին ներկա էին ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչներ, կառավարության անդամներ, ՀՀ մարզպետներ, Երևանի քաղաքապետ Գ. Բեգլարյանը, ՀՀ ոստիկանապետ Ա. Հարությունյանը, տարածքային զինվորական կոմիսարները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Հրավիրվածներին ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը' իր խոսքում կարևորելով զորակոչի դերն ու նշանակությունը զինված ուժերի համալրման գործում: Ընդգծվեց զորակոչը արդարության սկզբունքով անցկացնելու անհրաժեշտությունը:

Ապա ելույթ ունեցավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը: Իր ելույթում նա ներկայացրեց 2009թ. գարնանային զորակոչի արդյունքները և նշեց այն զինկոմիսարիատները, որոնք առավել արդյունավետ և պատշաճ մակարդակով են իրականացրել անցած զորակոչը: ԼՂՀ զինվորական կոմիսար, գնդապետ Ֆ.Գաբրիելյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում անցկացված զորակոչի արդյունքները:

Ելույթներով հանդես եկան նաև հանրապետության մարզպետները, ովքեր անդրադարձան մարզերում իրականացված զորակոչային աշխատանքներին, տեղ գտած թերություններին և բացթողումներին, ինչպես նաև քննարկեցին 2009թ. աշնանային զորակոչի խնդիրները: Խոսվեց զորակոչի ընթացքում ծագող խնդիրների, զորակոչիկների առողջական վիճակի զննության կազմակերպման մասին: Արվեցին առաջարկություններ' որոշ հիվանդությունների բուժզննումն իրականացնել նաև մարզերում' ծնողների շրջանում առաջացող դժգոհություններից խուսափելու և պետական միջոցները խնայելու համար:

ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Ա. Պետրոսյանն իր ելույթում անդրադարձավ զինակոչիկների շրջանում առավել հաճախ հանդիպող հիվանդություններին, բացթողումներին, հիվանդությունների վաղ հայտնաբերման և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումներին:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2009թ.-ի գարնանային զորակոչը արդյունավետ կազմակերպելու գործընթացում ակտիվ մասնակցություն ցուցաբերած հանրապետության մի շարք զինկոմներ և զինկոմիսարիատների աշխատակիցներ,  Երևանի քաղաքապետ Գ. Բեգլարյանը, բարձրաստիճան սպաներ, բուժծառայության, ոստիկանության, ռազմական ոստիկանության մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով,  գերատեսչական մեդալներով և թանկարժեք նվերներով:

Ամփոփելով նիստը' Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին և շնորհավորեց խրախուսվածներին' հույս հայտնելով, որ վերջիններս էլ ավելի եռանդով կշարունակեն կատարել իրենց առջև դրված խնդիրները, նշելով, որ 2010թ.-ին բարեփոխումներ կիրականացվեն նաև այս բնագավառում, ինչը կնպաստի զորակոչի առավել արդյունավետ և արդարացի կազմակերպմանը:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը