Հարցազրույց

13.10.2009 18:29


Ժիրայր Դադասյան

Ժիրայր Դադասյան

Հարցազրույց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ժիրայր Դադասյանի հետ

-Ինչպե՞ս եք վերաբերվում հայ-թուրքական ներկա գործընթացին։

-Առհասարակ, այս վերջին երկու տարում ես շատ առիթներ ունեցա լինել Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում։ Հետաքրքրվեցի, թե ինչ հասարակություն է այսօր Թուրքիայում, ինչ գրականություն, մշակույթ կա։ Պետք է ասեմ, որ ինձ զարմացրեց այն, ինչին ես ծանոթացա և խորապես մտահոգեց, որովհետև ես վստահ չեմ, որ այսօր մեր հասարակությունները շատ լավ տեղյակ են իրարից։ Մեր պատկերացումները թուրքերի և Թուրքիայի մասին սկսվում և ավարտվում են 1915-ով։ Սակայն այսօր Թուրքիայում բոլորովին այլ հասարակություն է։ Դրա համար բավական է կարդալ Փամուկի վեպը՝ «Ձյունը», որի գործողությունները ծավալվում են Կարսում մեզանից ընդամենը 10 տարի առաջ, և որոնք շատ մտահոգիչ են։ Մենք դեռ այսօրվա Թուրքիան պետք է ճանաչենք, նոր սկսենք խոսել այն մասին՝ հաստատե՞լ հարաբերություններ, թե՞ ոչ։ Այն, որ անպայմանորեն պետք է սկսենք որոշակի հարաբերություններ, ես չեմ կասկածում։ Ինչ-որ մի կետից պետք է սկսեն այդ հարաբերությունները։ Մենք ունենք չորս հարևան՝ մեկը ոխերիմ թշնամի է, մեկն ուղղակի թշնամի է, մեկն այնքան էլ վստահելի չէ, վերջինից էլ չես հասկանում՝ վաղն ինչ կլինի։ Չի՛ լինում այդպես։ Երբ մարդ ապրում է իր հարևանների  հետ, գոնե մի հարևան ունենում է, որին թողնում է բանալին, որ երեխան դպրոցից գա և կարողանա դուռը բացել։

-Ոչ ոք չի առարկում, որ հարաբերություններ պետք է ունենալ, սակայն ինչպե՞ս կգնահատեիք հարաբերությունների հաստատման ներկա գործընթացը։

-Անշո՛ւշտ, դրական եմ գնահատում։ Ձեզ թվում է, որ կնքված արձանագրություններն առաջին և վերջին փաստաթղթե՞րն են լինելու հայ-թուրքական հարաբերություններում։ Սրանով սկսվում և ավարտվո՞ւմ է, թե՞ սա առաջին քայլն է, որով մենք սկսում ենք կոնտակտը։

-Կիսո՞ւմ եք արձանագրությունների վերաբերյալ հնչող մտավախությունները։

-Մտավախություններ միշտ կան։ Ինչպե՞ս կարող են չլինել։ Սակայն կա նաև այսօրվա աշխարհը, որն ուղղակի ստիպում է, որ անպայման այդ քայլին գնաս, բացես սահմանը։ Ի դեպ, ոչ թե դու բացես, այլ դիմացինդ։ Այսօրվա Թուրքիան ինձ ավելի շատ է մտահոգում, քան 1915թ. Թուրքիան։ Այն ժամանակ ամեն ինչ պարզ էր, դրա համար էլ այդպես եղավ։ Նույնիսկ այս պարագայում ես կարծում եմ, որ միակ ելքը ճանապարհի բացման խնդիրն է, իսկ այս արձանագրությունները դա թույլ են տալիս առանց զիջումների գնալու։ Ես չեմ տեսել այնտեղ ո՛չ Ցեղասպանության խնդիրը, ո՛չ Ղարաբաղի։ Եթե թաքնված բաներ փորձենք փնտրել, լիքն են։ Ուրիշ բան պետք է ասեմ։ Մեր հասարակությունները մի քիչ պատրաստ չէին այս շփումներին, դրա համար էլ մի քիչ հապճեպ ստացվեց։

-Ձեր կարծիքով հապճեպության պատճառը ո՞րն էր։ Ճնշումնե՞ր կային։

-Եթե անգամ ճնշումներ կան Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից, այս պարագայում այդ ճնշումները հօգուտ մեր պետության և մեր երկրի շահերի են։ Այդպես եմ կարծում։ Պատմական մի կարևոր կետում ենք, որտեղ աշխարհի շահը համընկել է մեր շահի հետ, և պետք է օգտվել այդ առիթից։ Միևնույն է, վաղ թե ուշ այդ հարաբերությունները պետք է հաստատվեին։ Չեք պատկերացնում՝ ճապոնացիները որքա՜ն էին ատում ամերիկացիներին Նագասակիից հետո, բայց շփում եղավ, հասկացան, խնդիրները լուծվեցին։ Ես վստահ եմ, որ մեր խնդիրներն էլ կլուծվեն։ Ժամանակակից Թուրքիայում հսկայական առաջադեմ մտավորականություն կա, հատկապես երիտասարդության շրջանում։

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը