Լրահոս

13.10.2009 17:57


ՍԴՀԿ հայտարարությունը

Սոցիալ - Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ահազանգերը ուղղված հայ - թուրքական երկկողմ հարաբերությունների և արդեն իսկ ստորագրված արձանագրությունների վերաբերյալ, այդպես էլ մնաց գործող վարչախմբի համար անըմբռնելի և հետևանքների խայտառակ ընթացքը  անխուսափելի:

Ստորագրված արձանագրությունները իրենց բովանդակությամբ և կատարված փաստով խոսում են Հայաստանի իշխանությունների քաղաքական սնանկության, անհեռատեսության և դիվանագիտական խայտառակ պարտության մասին: Թուրքական' դարերով եկող դիվանագիտական հմուտ նենգությունը հերթական հաղթանակը գրանցեց Հայաստանի ապօրինի իշխանությունների, սակայն ոչ հայ ժողովրդի արդուն մտքի նկատմամբ:

1.   Թուրքիան ստացավ այն, ինչ ուզում էր:

2.   Հայաստանի իշխանությունները' այն, ինչին արժանի էին:

3.   Հայ ժողովուրդն ու Հայաստանը, չստացավ ոչինչ, բացի ցեղասպանության ուրացումից:

4.   Այս արձանագրությունների արդյունքում, ապագայում Արցախի հայությունը կմնա անպաշպան:

5.   Թուրքիան հարավային Կովկասում կստանա գերակայող դիրք:

Մայր կուսակցությունն իր ստեղծման պահից ի վեր շուրջ 122 տարի պայքար է մղել հանուն ազգային շահերի, Արևմտյան և Արևելյան Հայաստանի երանելի միավորման, միջազգային ատյաններում համառ և հետևողական պայքար է տարել ցեղասպանության ճանաչման համար:

Սոցիալ -Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարում է' երբեք չի համակերպվի այս արձանագրությունների խայտառակ, ապազգային բովանդակության հետ:

Հայ - թուրքական հարաբերությունների հաստատման նմանօրինակ բովանդակությունն ու ընթացքը համարում ենք դավաճանություն հայ ժողովրդի և Հայոց պետականության նկատմամբ:

Սոցիալ - Դեմոկրատ Հնչակյան կուսակցության

վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը