Լրահոս

13.10.2009 17:38


Հարուցվել է քրեական գործ՝ իրական ծավալներին չհամապատասխանող կատարողական ակտերը հաստատելու դեպքի առթիվ

Լոռի. Հարուցվել է քրեական գործ՝ իրական ծավալներին չհամապատասխանող կատարողական ակտերը հաստատելու դեպքի առթիվ

Լոռու դատախազությունում հարուցվել է  քրեական գործ՝  շինարարության իրական ծավալներին չհամապատասխանող կատարողական ակտերը հաստատելու դեպքի առթիվ:

Մասնավորապես՝ պետական  շահերի պաշտպանության  նկատառումներով նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ  2008թ. «Մար եւ Գար» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Մարգարյանը  Լոռի մարզի Մարգահովիտ համայնքի միջոցներով իրականացվող նույն համայնքի մանկապարտեզի՝ 47 502 800 դրամ նախահաշվային արժեքի  հիմնանորոգման, մրցութային կարգով շահած  աշխատանքների կատարման ընթացքում կատարողական ակտերում  փաստացի կատարած  աշխատանքների ծավալները  ավել ցույց տալու   և միավորների գները խախտելու  եղանակով  հավելագրել է  2 620 000 դրամ եւ յուրացրել:

Հիշյալ շինարարական աշխատանքների նկատմամբ  տեխնիկական վերահսկողություն իրականացնող  «Ղարաքիլիսա»  ՍՊԸ փաստացի ղեկավար, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Գ. Հախինյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է  ծառայության շահերին հակառակ,  չի ստուգել եւ չի  հայտնաբերել վերոնշյալ հավելագրումները, այլ նույն ընկերության տնօրեն Լ. Ջաղացպանյանի ստորագրությունը կեղծելով՝  հաստատել է Գ. Մարգարյանի  կազմած շինարարության  իրական ծավալներին չհամապատասխանող  կատարողական ակտերը:

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացում), 308-րդ (Պաշտոնեական լիազորությունների չարաշահում) եւ 314-րդ (Պաշտոնեական կեղծիք) հոդվածների 1-ին մասերով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության  Լոռու քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:

 

Այս խորագրի վերջին նյութերը