Լրահոս

13.10.2009 15:53


Երևանի քաղաքապետարանն արգելեց ՀՅԴ–ին՝ «Մոսկվա» կ/թ.-ին հարակից տարածքում հանրահավաք անցկացնել

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Ա. Ռուստամյանը հոկտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում՝ ս/թ. հոկտեմբերի 16-ին «Մոսկվա» կ/թ.-ին հարակից տարածքում (Շառլ Ազնավուրի անվան հրապարակում) զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին:
Ըստ իրազեկման՝ միջոցառումը մեկնարկելու է ժ. 18:00-ին և ավարտվելու է ժ. 20:00-ին: Իրազեկումը քննարկվել է ս/թ. հոկտեմբերի 12-ին, Երևանի քաղաքապետարանում՝ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Թաթուլ Հարությունյանի մասնակցությամբ:
Քննարկման արդյունքում Երևանի քաղաքապետարանն արգելեց ս/թ. հոկտեմբերի 16-ին զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը՝ հիմք ընդունելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ միջոցառումը կարող է արգելվել միայն այն դեպքում, եթե նշված օրը, ժամին և նշված վայրում անցկացվելու է մեկ այլ զանգվածային հրապարակային միջոցառում, որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը, կամ նշված օրը, ժամին և նշված վայրում անցկացվելու է ոչ զանգվածային հրապարակային միջոցառում կամ այլ միջոցառում, որոնց վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է իրազեկում և որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը:
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ իրազեկման հեղինակը պատշաճ կարգով ծանուցվել է կայացված որոշման մասին: Որոշումը փակցվել է նաև Երևանի քաղաքապետարանի՝ քաղաքացիների ընդունելությունների սրահում, դրա համար նախատեսված և բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում:

Երևանի քաղաքապետարան

 

 

Այս խորագրի վերջին նյութերը