Մեկնաբանություն

23.03.2015 19:42


Ինչու է հայ զինվորը սպիտակ դրոշ բարձրացրել, և ինչ է պետք անել

Ինչու է հայ զինվորը սպիտակ դրոշ բարձրացրել, և ինչ է պետք անել

Ինչպես հայտնի է, օրերս արտառոց և աննախադեպ բան է տեղի ունեցել։ Հայ զինվորը թողել է դիրքերն ու անցել հակառակորդի կողմը։ Այդ մասին հաղորդել է ԼՂՀ ՊԲ–ն։ Ադրբեջանցիներն էլ հրապարակել են տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես է հայ զինվորը, սպիտակ դրոշը պարզած, մոտենում ադրբեջանական դիրքերին (տվյալ դեպքում արդեն էական չէ, թե արդյոք կեղծ է այդ տեսանյութի բովանդակությունը, թե ոչ. էականն այն է, որ հակառակորդի կողմն անցնելու փաստը հաստատում է հայկական կողմը)։

Ոմանց զարմացրել, իսկ ոմանց էլ զայրացրել է պայմանագրային զինծառայող Գրիգորյանի վարքագիծը, բայց զարմանալ ու զայրանալ պետք չէ։ Մտածել ու մտահոգվել է պետք։ Քանզի նոնսենս է, երբ պատերազմը հաղթած կողմի զինվորը, սպիտակ դրոշը ձեռքին, գնում է դեպի պարտված կողմը։ Սա նշանակում է, որ մենք մսխել ենք հաղթանակը։ Նաև՝ պետությունը։

Դավաճանության ու դասալքության փաստը նշանակում է նաև, որ մեզանում մթնոլորտն այնքան է գաղջացել, ու այնքան բացասական էներգետիկա կա, որ հայ զինվորն անցնում է շատ ավելի հետադիմական հակառակորդի ճամբար ու հանձնվում։

Բա ինչպես գաղջ մթնոլորտ չառաջանա, եթե ՀՀ քաղաքական դաշտը վերածվել է «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի։ Դասալքությունն ու դավաճանությունը դարձել են սովորական երևույթներ։

Հանրությունը շատ լավ հասկանում է, թե ինչ տեղի ունեցավ քաղաքական դաշտում։ Հասկանում է, բայց վիճակը փոխելու համար ազդեցության լծակներ ու գործիքներ չունի։ Դրա համար էլ արտագաղթում է, կամ էլ վերջին հույսով առայժմ մնում այստեղ։ Դե, իսկ սահմանում տեղի ունեցածը շոկային էր, բայց՝ ոչ անհավանական։

Ինչո՞ւ պետք է չզայրանանք ու չզարմանանք իրենց քաղբանտարկյալ հռչակածների և բոցաշունչ ելույթ ունեցող «քաղաքական գործիչների» վարքագծից ու նրանց բարձրացրած սպիտակ դրոշից, բայց զայրանանք ու զարմանանք զինվորի քայլի կապակցությամբ։ Հետո ի՞նչ, որ ՀՀ արդարադատության կամ մշակույթի նախարարությունը, կամ էլ անշարժ գույքի գրանցմամբ զբաղվող պետական ռեգիստրը ԼՂՀ ՊԲ–ի պես հաղորդագրություն չտարածեց այն մասին, որ քաղաքական դաշտում այսինչ ու այնինչ ուժերը և անհատները, հռչակած սկզբունքներն ու ծրագրերը թողնելով մարտական հենակետում, անցել են հակառակորդի կողմը։

Եթե «թունդ ընդդիմադիրները», իրար հերթ չտալով, քաղաքական դաշտում են դասալքությամբ ու դավաճանությամբ աչքի ընկնում, ապա դա պղտորում է միջավայրը և գարշահոտությունը հասցնում մինչև դիրքեր։ Արդյունքում՝ ականատեսն ենք դառնում աննախադեպ երևույթի։ Կապն, իհա՛րկե, անուղղակի է, բայց այն կա, ու պարտադիր չէ, որ շոշափես, որ համոզվես դրանում։

Գրիգորյանը հաստատ չի հետևել քաղաքական դաշտի թեթևաբարոների վարքագծին, բայց անկախ իր կամքից՝ շնչել է այն օդը, որն աղտոտվել է գարշահոտությունից։ Ամենևին էլ դասալիքին արդարացնելու համար չենք ասում այս ամենը, այլ անդրադառնում ենք սառցաբեկորի չերևացող մասերին։

Դասալիք զինվորի քայլը շատ լուրջ ու վտանգավոր ինդիկատոր է։

Մինչ իշխանությունները զբաղված են պաշտպանության ոլորտի ղեկավարի շուրջ կեղծ PR–նախագծերի առաջմղմամբ (հիմա արդեն մոռացել են նրան, քանզի քաղաքական դաշտի վերաձևումից հետո այլևս կեղծ նախագծերի վրա ժամանակ, հավես ու փող չեն ուզում ծախսել), Գրիգորյանը բացահայտեց, թե իրականում ինչպիսին է բանակի վիճակը՝ ակամայից «մեսիջ» հղելով ողջ հանրությանը, որպեսզի վերջինս ուշքի գա։

Ուշքի կգա հանրությունը, թե ոչ, կախված է բոլորիցս։ Կձևավորվի նոր միջավայր ու նոր հոսանք՝ կպահենք մեր հաղթանակն ու կզարգացնենք պետությունը։ Չի հաջողվի դա անել, ուրեմն ականատես կլինենք կատաստրոֆիկ գործընթացների։

Մեկ բան ակնհայտ է. եթե մենք չունենանք դրական փոփոխություններ, ապա սպիտակ դրոշ կբարձրացնի արդեն Հայաստանը, ինչը որևէ պարագայում չի կարելի թույլ տալ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը