Լրահոս

13.10.2009 09:27


Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումը իշխող վարչախմբի քաղաքական սնանկության և դիվանագիտական խեղճության հերթական ցավալի ապացույցն է:

Ցյուրիխյան ուրացման գործարքով Հայաստանի վարչախումբը նպատակ ուներ հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը' դրա դիմաց վճարելով պատմական փաստերն ուսումնասիրող տխրահռչակ հանձնաժողովի գաղափարի ընդունմամբ, դրանով իսկ' աշխարհի առջև կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը: Անգամ ինքնին անբարո ու անթույլատրելի այս գործարքը Հայաստանի սպասելիքի մասով չիրականացավ: Խորհրդարանների վավերացումից անկախ, Թուրքիան արդեն իսկ ստացել է իր ուզածը: Մինչդեռ, ինչպես մինչև փաստաթղթերի ստորագրումը, այնպես էլ դրանից հետո, Թուրքիան ամենաբարձր մակարդակով շարունակում է պետական սահմանների բացման հարցը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի խնդրով, մասնավորապես' անվտանգության գոտի հանդիսացող տարածքների վերադարձմամբ:

Անխուսափելի այս ընթացքի մասին Հայ ազգային կոնգրեսն ահազանգում է մեկ տարի շարունակ' զգուշացնելով, որ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարին Սերժ Սարգսյանի տված հավանությունից հետո հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան կարգավորման խնդիրները ներառվելու են մեկ փաթեթի մեջ:

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հետևանք է վերջին տասը տարիների ընթացքում Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի վարած քաղաքականության, որի պատճառով երկրում ստեղծվեց քրեաօլիգարխիկ, կոռումպացված համակարգ, իսկ Ցեղասպանության հարցն ընդգրկվեց արտաքին քաղաքականության օրակարգ' այդ դարձնելով քաղաքական սակարկության առարկա: Չունենալով ժողովրդի աջակցությունը և իր հենարանը փնտրելով միջազգային հանրության շահերն սպասարկելու մեջ' Ս. Սարգսյանի վարչախումբը պատրաստվում է նույնքան անընդունելի զիջումների ղարաբաղյան հիմնախնդրում:

Հակազգային այս գործընթացը կանխելու և հետագա կորուստներից խույս տալու միակ միջոցը, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա, Հայ ազգային կոնգրեսը շարունակում է համարել Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչին տվյալ պայմաններում հնարավոր է հասնել միայն համընդհանուր ընդվզմամբ և այդ պահանջի շուրջ հայաստանյան քաղաքական ուժերի և հասարակության տարբեր խավերի առավելագույն համախմբմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը