Լրահոս

12.10.2009 16:52


Բանավիճել են «ցեղակրոն պարոն Մինասյանն» ու «ոչ ցեղակրոն և թուրքասեր պարոն Ռուբինյանը»

Բանավիճել են «ցեղակրոն պարոն Մինասյանն» ու «ոչ ցեղակրոն և թուրքասեր պարոն Ռուբինյանը»

«Հարգելի՛ ցեղակրոն պարոն Մինասյան», «հարգելի՛ ոչ ցեղակրոն և թուրքասեր պարոն Ռուբինյան»,-«Հայելի» ակումբում բանավիճող ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը և Հայ ազգային կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանն այսպես են սկսել միմյանց դիմել հատկապես այն ժամանակ, երբ Կ. Ռուբինյանը պնդել է, որ հայ-թուրքական հարաբերությունները և ԼՂ-ի հարցը փոխկապակցված են, իսկ Գ. Մինասյանը պնդել է հակառակը։

Կրքերն ավելի են թեժացել, երբ ՀԱԿ անդամը, ՀՀ նախագահի մասին խոսելիս, ասել է Սերժիկ Սարգսյան, ինչից վրդովված, Գ. Մինասյանն էլ հիշել է «Լյովիկին»։ «Լյովիկը դո՛ւ ես»,- ՀՀԿ-ական պատգամավորին արձագանքել է Կ. Ռուբինյանը։

Գ. Մինասյանը պնդել է, որ Ցյուրիխում երկու անգամ թուրքական կողմին ելույթով հանդես գալը թույլ չտալու փաստը հայկական դիվանագիտության մեծագույն հաղթանակն է.

-Քիթը կոտրվեց հենց Շվեյցարիայում. այդ քիթը բռնեցին ու մտցրեցին այնտեղ, որտեղից դժվար է հանել։ Որովհետև իրենք երկու անգամ իրենց գրած հայտարարությունը չկարողացան կարդալ,- ասել է Գ. Մինասյանը՝ հավելելով, որ արդեն միայն միջազգային և քաղաքական հանրությունը ընկալել է, որ հայկական կողմը տեղի չի տալու թուրքական նախապայմաններին, և որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի պահվածքն ապացուցել է, որ Թուրքիային թույլ չեն տա հայ-թուրքական հարաբերությունները կապել ղարաբաղյան խնդրի հետ։

-Բայց եթե անգամ վավերացումը տեղի չունենա, ապա հայկական կողմը շատ ավելի դրական բագաժով դուրս կգա այս իրավիճակից, քան երբ մտել էր այս իրավիճակի մեջ։ Ես ձեզ երաշխավորում եմ, որ այդ պարագայում Ցեղասպանության հարցի միջազգային ճանաչումը շատ ավելի սրընթաց ընթացք կունենա, քան մինչև հիմա,- նշել է ՀՀԿ-ական պատգամավորը՝ ավելացնելով, որ մինչև արձանագրությունների վավերացումն էլ «կլինեն բազմաթիվ խութեր», որտեղ ադրբեջանական գործոնը չորրորդական նշանակություն ունի։

Նա նաև նշել է, որ ստորագրված արձանագրությունները կա՛մ կվավերացվեն միաժամանակ, կա՛մ հայկական կողմն այն կվավերացնի Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը