Հարցազրույց

20.03.2015 13:12


Արամ Ա կաթողիկոս. «Պահանջատիրությունը մեր ժողովրդի դատի էությունն է»

Արամ Ա կաթողիկոս. «Պահանջատիրությունը մեր ժողովրդի դատի էությունն է»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը սովորական տարեթիվ չէ եւ ոգեկոչման արարողություններին զուգահեռ պետք է հստակ լինի, թե որն է հայ ժողովրդի նպատակը, որն է թիրախն ու ինչի վրա պետք է շեշտը դնել: Այս մասին ընդգծում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում: Վեհափառը ներկայացնում է Հայոց ցեղասպանության տարելիցին եւ դրանից հետո հայ ժողովրդի անելիքների իր տեսլականը, կարեւորում Հայոց ցեղասպանութայն հարցի բարձրացումը իրավական հիմքի վրա:

-Վեհափառ Տեր, այս տարի հայ ժողովուրդը կոգեկոչի Հայոց ցեղասպանության 100-րդտարելիցը: Ո՞րն է Ձեր պատգամը հայ ժողովրդին եւ միջազգային հանրությանը:

-Երբ շուրջ երեք տարի առաջ սկսեցինք պատրաստվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներին, մենք կարեւորությամբ շեշտեցինք հետեւյալը. որպես մեր գործընթացի մեկնակետ, ինչպես նաեւ նպատակակետ` առաջին հերթին հայտարարեցինք, որ 2015-ը սովորական տարելից չէ, որ պետք է նշենք եւ իր խորքով, բնույթով ու նպատակով բոլորովին պետք է տարբերվի: Սովորական ձեռնարկներից բացի, պետք է հստակ դառնա մեր նպատակը` որտեղ պետք է շեշտը դնել` որն է լինելու մեր թիրախը: Ռազմավարական եւ մարտավարական մեր մոտեցումները պետք է հստակորեն ճշտենք: Նույնը պետք չէ կրկնել: Ներկա պայմանների լույսի ներքո վերատեսության պետք է ենթարկենք մեր մոտեցումները: 100-րդ տարելիցը չպետք է նկատել գագաթնակետ Հայ դատի գծով հարյուր տարի կատարած աշխատանքի համար: Այն միայն գագաթ է եւ հետեւաբար ավելի բարձր գագաթներ նվաճելու հանձնառությունը պետք է մղիչ ուժ դառնա Հայ դատի աշխատանքներում: Հիշյալ մոտեցման լույսի տակ երեք բառերի մեջ փորձեցինք խտացնել մեր անելիքները` հիշել, հիշեցնել եւ պահանջել: Հակիրճ կերպով բացատրեմ, թե ինչ է դա նշանակում:

Ա. Հավաքական հիշողությունը ժողովրդի կյանքում կենսական նշանակություն ունի: Պատմությունը սոսկ դեպքերի ու դեմքերի մասին տեղեկությունների ամբողջություն չէ ամփոփված գրքի մեջ, այլ շարունակվող եւ կենդանի իրականություն: Սերնդեսերունդ փոխանցված հիշողությունն է, որ անցյալը անցած չպետք է դարձնենք, այն պետք է վերածել կենդանի ու գոյութենական ներկայության: Հավաքական հիշողությունն է, որ սերնդեսերունդ ինքնությունը կկազմավորի եւ նրանց պատկանելության արմատները կզորացնի: Հավաքական հիշողությունն է, որ սերունդներին դեպի ապագան կառաջնորդե` նրանց մեջ վառ պահելով իրենց ազգային գերագույն իդեալներն ու ձգտումները: Միթե այսպես չեղավ հարյուր տարի մեր հավաքական հիշողությունը` ցեղասպանությանը հաջորդող սերունդների կյանքի մեջ:

Բ. Անհրաժեշտ է անցյալի մեր հիշողությունը վերածել նաեւ հիշեցման` ուղղված մեր շրջապատին: Համաշխարհայնացած ներկա աշխարհը, որտեղ գոյություն չունեն ցանկապատեր, մեզ կպարտադրի, որ զանազան ձեւերով հիշեցնենք մեր շրջապատին, որ հայ ժողովրդի դեմ իրականացվել է ցեղասպանություն եւ այդ ոճիրը շարունակում է անպատիժ մնալ: Անցնող հարյուր տարիների ընթացքում այս ուղղությամբ կարեւոր աշխատանք է կատարվել: Քարոզչական, հրատարակչական, հարաբերական, քաղաքական, կրոնական եւ այլ ոլորտներում եկեղեցին, կուսակցությունները, Հայ դատի մարմինները, վերջին երկու տասնամյակում Հայաստանի Հանրապետությունը կարեւոր աշխատանք կատարեցին: Այս աշխատանքները վերանորոգված թափով պետք է շարունակվեն, սակայն տարբեր մոտեցումներով, մեթոդներով ու շեշտադրումներով, որովհետեւ աշխարհը հիմնովին փոխվել է:

Գ. Պահանջատիրությունը մեր ժողովրդի դատի էությունն է: Մենք ոչ միայն մեր ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանությունը պետք է հիշենք, հիշեցնենք աշխարհին, այլ պետք է արդարություն պահանջենք: Պահանջատիրական ոգով եւ մոտեցումով պետք է մշակենք մեր ժողովուրդների իրավունքների պաշտպանության հետ աղերս ունեցող ծրագիրներն ու ճշտենք քայլերը: Մեր մարդկային իրավունքները տակավին կմնան բռնաբարված: Մեկուկես միլիոն հայի արյուն է թափված: Մեր ազգապատկան, եկեղեցապատկան ու անհատական կալվածները ցեղասպան թուրքի կողմից բռնագրավված են: Այս կացության դիմաց մենք չենք կարող միայն ողբալ, գրել ու խոսել: Պետք է մեր իրավունքները պահանջենք: Մեր պահանջատիրությունը պետք է լինի տրամաբանված, ծրագրված եւ պատմաիրավական տվյալներով ամուր, հեռու մնա ամեն տեսակի զգացական, պարագայական եւ ժամանակավրեպ մոտեցումներով:

-Վեհափառ տեր, ի՞նչ դաս պետք է քաղենք Հայոց ցեղասպանությունից եւ 100-րդ տարելիցիցհետո, որոնք պետք է լինեն հայ ժողովրդի քայլերը:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին խոսելով` մենք հաճախ կհիշեցնենք մեր ժողովրդին, որ անհրաժեշտ է նայել հարյուրամյակից այն կողմ: Այս խոսքով, մեր ծրագիրները պետք է այնպես կատարվեն, որ մեզ առաջնորդեն 100-րդ տարելիցի շրջագծից այն կողմ: Նեղ օղակների մեջ պարփակված գործելը մեզ հեռու կպահի հաջողության առաջնորդող ճամփաներից: Ինչպես արդեն նշեցի 100-րդ տարելիցը գագաթնակետ չէ Հայ դատի աշխատանքներում, այն միայն հանգրվան է, հանգրվան, որը մեզ կմղի անցյալը նայելու, կատարված աշխատանքը վերլուծելու, արժեւորելու եւ գնահատելու եւ ապա ապագայատեսիլ մոտեցում ծրագրելու 100-րդ տարելիցին այն կողմ: Հետեւաբար, ինչ պետք է անել 100-րդ տարելիցին հետո: Ամենից առաջ հայ ժողովրդի պայքարը կստիպի մեզ միասնական ոգով եւ համահայկական մոտեցմամբ ու ծրագրով կատարենք այս աշխատանքը: Միայն առիթից առիթ քովեքով չգանք ու պարագայաբար մեր միասնականությունը չարտահայտենք: Դժբախտաբար նման մոտեցում ունեցանք անցնող հարյուր տարվա ընթացքում: Մեր միասնականությունը պետք է մեր կյանքում մնայուն ներկայություն ունենա եւ այն պետք է դառնա պահանջատիրական պայքարի մղիչ ուժը: Անհրաժեշտ է այս ուղղությամբ համահայկական մտածողություն մշակել: Մեր միասնականությունը կդառնա զգացական եւ ժամանակավոր, երբ այն համահայկական մտածողության վրա խարսխված չէ: Մեր ժողովուրդին ներկայացնող կառույցների ներկայացուցիչները, բնականաբար, Հայաստան պետության գլխավորությամբ, պետք է միասնաբար մտածեն, թե ինչպես կարելի է կազմակերպել մեր ժողովրդի արդար իրավունքների ձեռքբերման աշխատանքը 100-րդ տարելիցից հետո:

Համահայկական հռչակագիրը համահայկական մտածողության եւ աշխատանքի առաջին եւ մեծապես կարեւոր քայլն է: Հռչակագրին պետք է հաջորդեն գործնական քայլեր ու ճշտվի քննարկումների ու ծրագրերի հստակ գործընթաց: Այս առումով զանազան առիթերով հիշեցրել ենք, մեր պահանջի գծով հստակեցում կատարելուն առընթեր, անհրաժեշտ է նաեւ աշխատանքի բաժանում կատարել: Բնականաբար Հայաստանն իր անելիքը պետք է ունենա, սփյուռքն` իր: Կատարելիքները պետք է իրար ամբողջացնեն եւ ներդաշնակ լինեն` ունենալով նույն ուղղվածության նպատակակետը:

Վերջապես, ինչ վերաբերում է պահանջատիրության խորքին ու բնույթին, կարծում ենք, որ ժամանակն է, որ մեր աշխատանքներում կիզակետը դառնա իրավական ոլորտը: Բնականաբար, հիշելու եւ հիշեցնելու մեր աշխատանքները պետք է շարունակվեն, սակայն մեծապես անհրաժեշտ է, որ մեր դատը մուտք գործի իրավական դաշտ: Տասնամյակներ առաջ Հայ դատի մասն խոսելիս ասում էինք` այժմեականություն, քաղաքականացում եւ միջազգայնացում: Այս ուղղությամբ գնահատելի աշխատանք է կատարված: Այս գործընթացը շարունակելով հանդերձ անհրաժեշտ է ծրագրված կերպով եւ հանգրվանային մոտեցումներով մուտք գործել իրավական դաշտ: Սակայն պետք է լինել իրատես, այս բնագավառն այնքան էլ վարդագույն պատկերով չի ներկայանում: Միջազգային օրենքի տվյալներն այնքան էլ մեր դատին ի նպաստ չեն: Աշխարհաքաղաքական պայմանները նույնպես: Այս դառը իրականությանը հակառակ, չպետք է ունենալ պարտվողական ոգի եւ կրավորական մոտեցում, այլ քաջություն իրավական ոլորտում գործնական քայլերի դիմելու համար: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության առնելիք իրավական քայլն այս նպատակը կհետապնդի:

Ինչպես գիտեք, շուրջ երեք տարի մենք լծված ենք հատուկ աշխատանքի: Իրավական թղթածրար ենք պատրաստում` պահանջելու Սիսի մեր պատմական կաթողիկոսարանը: Այս քայլին պետք է հաջորդեն մեր ազգապատկան ու անհատական կալվածների պահանջը: Սակայն սա դյուրին գործ չէ: Այն հետեւողական ու լուրջ աշխատանք կպահանջի նաեւ նյութական լայն հնարավորություն: Հետեւաբար, 100-րդ տարելիցից հետո այս ուղղությամբ պետք է անհրաժեշտ գործնական քայլերի դիմենք: Անհրաժեշտ է մեր արխիվները քննել, ուսումնասիրել, կազմել մեր կորուստները եւ ուսումնասիրել այդ հարցի առնչությամբ միջազգային օրենքները: Այս ողղությամբ վերջին տարիներին գնահատելի աշխատանք է կատարվել: Անհրաժեշտ է այդ աշխատանքները համահայկական ճիգով ավելի լայն հիմքի վրա դնել եւ աշխատանքի գործընթացը ճշտել: Այս ուղղությամբ Հայաստանի պետության դերը խիստ կարեւոր է: Այն առաջնորդողի դեր պետք է ստանձնի, քանի որ հայ ժողովրդի դատի իրավատերը Հայաստանի պետությունն է:

-Ի՞նչ կարելի է ակնկալել միջազգային հանրությունից Հայոց ցեղասպանության ճանաչմանհարցի առնչությամբ: Արդյո՞ք այս հարցի առնչությամբ նույնպես հայ ժողովուրդը պետք էապավինի սեփական ուժերին:

-Հայոց ցեղասպանության ճանաչման ընթացքը բնականոն կերպով պետք է շարունակվի: Որոշ պետություններ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը մեր կողքին են կանգնած, մյուսները Թուրքիայի հետ շահերից կամ մտահոգություններին ելնելով կամ կրոնական զգացմունքները նկատի ունենալով այս հանգրվանին պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սակայն մենք վստահ ենք, որ նրանք էլ ներքուստ մեզ հետ են: Նրանք շատ լավ գիտեն, որ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է: Հետեւաբար, մեր մոտեցումը այդ պետությունների ու կառույցների նկատմամբ չպետք է լինի ժխտական, այլ բարեկամական, միշտ հիշեցնելով նրանց մեր ակնկալիքների մասին: Երբեք չմոռանանք, որ յուրաքանչյուր պետություն գործում է ելնելով իր շահերից: Հետեւաբար, հայ ժողովուրդը պետք է իր սեփական ուժերին ապավինի: Եղիշե Չարենցի պատգամը հավիտենական ճշմարտության վերահաստատումն է. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Այո, մեր հզորությունը մեր միասնականության ու սեփական ուժի մեջ է: Մեր միասնականությունը, Հայաստանի հզորացումը, Արցախի անկախության ամրապնդումը, Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդումը մեր սեփական ուժի հիմքն են: Պետք է մեր ազգին ու հայրենիքը, մեր սեփական տան հիմքը պահենք ամուր ու զորեղ` համախմբվելով մեր գերագույն եւ ընդհանրական արժեքների եւ իդեալների շուրջ: Սա է մեզ թելադրում մեր դարավոր պատմությունը:

Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյանի

Այս խորագրի վերջին նյութերը