Հարցազրույց

19.03.2015 13:29


Ռիչարդ Չարնեցկի. «ՀՀ իշխանությունները չեն կարող հրապարակավ խոսել ԵՄ անդամագրման մասին»

Ռիչարդ Չարնեցկի. «ՀՀ իշխանությունները չեն կարող հրապարակավ խոսել ԵՄ անդամագրման մասին»

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին, որը մասնակցում է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստին, պատասխանել է «Ժողովուրդ»-ի մի քանի հարցերին:

-Պարո՛ն Չարնեցկի, Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ինչպիսի՞ն են Սերժ Սարգսյանի հայտարարած «եւ, եւ»-ի քաղաքականության իրագործման հնարավորությունները. ներկայումս կա՞ն ռեալ նախադրյալներ՝ ԵՏՄ-ի կազմում լինելով՝ ԵՄ հետ ասոցացման գործընթացը շարունակելու համար:

-Շատ լավ: Կարելի է ասել, որ դա շատ տիպիկ է հայկական ապրելակերպին, հայկական իշխանության կառավարման բալանսին, բայց ես կարծում եմ, որ ելնելով իր ազգային շահերից՝ Հայաստանը ցանկանում է միաժամանակ լավ հարաբերությունների մեջ գտնվել թե՛ ԵՏՄ-ի եւ թե՛ ԵՄ-ի հետ, այսինքն՝ թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Եվրոպայի հետ: Ես կարծում եմ, որ Հայաստանի եւ հատկապես հայ ժողովրդի տնտեսական շահերից ելնելով՝ ԵՄ-ն կարող է նորանոր դռներ բացել, եւ այդ քաղաքականությունը կարող է շատ արդյունավետ լինել: Հիմա ես ցանկանում եմ ավելի կոնկրետ խոսել ԵՄ եւ Հայաստան հարաբերությունների մասին. ավելի շատ ներմուծում, ավելի շատ արտահանում` սա տնտեսական առումով, ինչ վերաբերում է քաղաքականին, ապա քայլ առ քայլ Հայաստանը կարող է խորացնել իր ասոցացումը ԵՄ-ի հետ` ընդհուպ մինչեւ անդամագրում: Սակայն ես տեղյակ եմ, որ հայաստանյան իշխանությունները չեն կարող հրապարակայնորեն խոսել այդ մասին, եւ դա հեշտ թիրախ չի կարող լինել:

-Ամեն դեպքում, ներկայումս ՀՀ եւ ԵՄ միջեւ բանակցություններ են ընթանում նոր փաստաթղթի ստորագրման շուրջ: Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն կլինի այդ բանակցությունների արդյունքը:

-Ես կարծում եմ, որ արդեն իսկ այն փաստը, որ Ձեր երկիրը՝ Հայաստանն է հանդիսանում Եվրանեսթի կազմակերպիչը, խոսում է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ հետագա զարգացման հնարավորությունների մասին, եւ ինչպես նշել եմ` Հայաստանը պետք է գտնի համագործակցության ոսկե միջինը թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Եվրոպայի հետ: Լինելով այդքան մոտ Ռուսաստանի հետ՝ միաժամանակ փակել դռները Եվրոպայի առաջ, դա, իհարկե, Հայաստանի կողմից մեծագույն սխալ կդիտվի:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ադրբեջանական պատվիրակությունը վերջին պահին հրաժարվել մասնակցել Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստին:

–Ես հիշում եմ, որ Բաքվում կայանալիք խորհրդաժողովի ժամանակ Հայաստանի պատվիրակությունը ներկա է գտնվել: Ցավալի է, որ Ադրբեջանի պատվիրակությունն այսօր բացակա է: Ես, իհարկե, հարգում եմ նրանց բացակա լինելու իրավունքը, բայց կավելացնեմ, որ հայկական կողմն ավելի ուժեղ գտնվեց, քան Ադրբեջանը: Ամեն դեպքում, ես հուսով եմ, որ ապագայում Ադրբեջանը կվերադառնա Եվրանեսթին:

-Իսկ եթե Հայաստանն այդպես էլ ԵՄ-ին չասոցացվի` մնալով ԵՏՄ անդամ, ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստան-Լեհաստան հետագա համգործակցությունը տարբեր ոլորտներում:

-Լեհաստանում կա հայ համայնք, ես պատմագետ եմ եւ գիտեմ, որ հայ համայնքն ունեցել է իր դրական ազդեցությունը լեհական պետությունում, եւ մենք գնահատում ենք հայ համայնքի դերը մեր երկրի զարգացման տարբեր ոլորտներում: Կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք համագործակցության ընդհանուր լեզու գտնել հատկապես տնտեսության ոլորտում, եւ պետք է ամեն ինչ անենք՝ կատարելագործելու տնտեսական կապերը, քայլ առ քայլ տնտեսական առաջընթացը կարող է մեծ դռներ բացել քաղաքական դաշտի համար:

Մանրամասները՝ «Ժողովուրդ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը