Հարցազրույց

14.03.2015 11:58


ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը սլովենական «Delo» օրաթերթին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը սլովենական «Delo» օրաթերթին

Պոլոնա Ֆրելիխ. Եկեք սկսենք Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ցավալի տարեթվից: Արդյոք փոխվո՞ւմ է միջազգային հանրության վերաբերմունքը Ցեղասպանության ճանաչման հարցում:

Էդվարդ Նալբանդյան. Այս տարի` 2015թ.-ին, ինչպես Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, և կարելի է ասել՝ ամբողջ աշխարհում, ոգեկոչվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ոգեկոչումը տեղի է ունենալու չորս հիմնական ուղղություններով. առաջին` հարգանքի տուրք է մատուցվելու Ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ առաքելական եկեղեցին պատրաստվում է սրբադասել Հայոց ցեղասպանության զոհերին: Երկրորդ` մեր երախտիքի խոսքն է բոլոր նրանց, ովքեր ձեռք մեկնեցին հայ ժողովրդին մեր համար ծանր փորձությունների պահերին: Իսկ այդպիսի երկրները, ժողովուրդները շատ են: Հայ ժողովուրդը միայնակ չմնաց: 100-րդ տարելիցը առիթ է՝ ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքը ասելու: Երրորդ` դրանք նոր ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելմանն ուղղված ջանքերն են: Դա կարևոր է ոչ միայն Հայաստանի և հայ ժողովրդի, այլև ամբողջ միջազգային հանրության համար: Եթե Առաջին համաշխարհային պատերազի շղարշի տակ քողարկված մարդկության դեմ հանցագործությունը պատշաճ կերպով դատապարտվեր, ապա միգուցե հնարավոր կլիներ կանխարգելել մարդկության դեմ հետագա, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի քողի ներքո և դրանից հետո իրականացված մարդկության դեմ հանցագործությունները:

Եվ չորրորդ ուղղությունը` վերածնունդ: Հայ ժողովուրդը ոչ միայն վերապրեց ցեղասպանությունը, այլև կարողացավ վերածնվել: Մենք կարողացանք վերականգնել մեր անկախ պետականությունը, զարգացնել մեր մշակույթը և գիտությունը: Վերածնունդը տեղի ունեցավ ոչ միայն Հայաստանում: Հայերը ստեղծեցին իրենց օջախները աշխարհի շատ երկրներում և իրենց ներդրումն ունեցան ու շարունակում են ունենալ այդ երկրների զարգացմանը:

Մենք` միջազգային հանրության հետ համատեղ, ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը` «Այլևս երբե՛ք» կարգախոսով:

Պոլոնա Ֆրելիխ. Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը այնքան է սրվել, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում սկսեցին խոսել դանդաղ ընթացող պատերազմի մասին: Ո՞վ է ձգտում սրել իրավիճակը, և, ըստ Ձեզ, ի՞նչ նպատակով: Ո՞վ է սրում իրավիճակը:

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, այս մասին շատ հստակ ձևով արտահայտվեցին Մինսկի խմբի համանախագահները: Սովորաբար, միջնորդները փորձում են լինել չեզոք և հասցեական հայտարարություններ չանել: Բայց քանի որ Ադրբեջանը հատեց բոլոր կարմիր գծերը, հունվարի 27-ին համանախագահները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, հանդես եկան հասցեական հայտարարությամբ, որտեղ կոչ էին անում Ադրբեջանին դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները, կոչ էին անում Բաքվին չքննադատել Մինսկի խմբի համանախագահներին, չքննադատել բանակցային գործընթացը, այսինքն` ցուցաբերել առավել կառուցողական մոտեցում, որպեսզի հնարավոր լինի հասնել կարգավորմանը:

Այն, որ Ադրբեջանը հրահրում է լարվածությունը մեր տարածաշրջանում, ակնհայտ է: Վերջին տաս տարիների ընթացքում Ադրբեջանն ավելացրել է իր ռազմական բյուջեն` հասցնելով այն 163 մլն ԱՄՆ դոլարից գրեթե 5 մլրդ ԱՄՆ դոլարի, ասել է թե` 30 անգամ մեծացրել է իր ռազմական բյուջեն: Դժվար թե հնարավոր լինի գտնել միջազգային հարթակում մի այնպիսի պետություն, որը 30 անգամ մեծացրած լինի իր ռազմական բյուջեն:

Ադրբեջանը ոչ միայն իր ռազմական բյուջեն է մեծացնում, այլև սպառնում է նոր ռազմական գործողություններով, նոր պատերազմով: Բոլորին հայտնի է, որ պատերազմը խնդրի լուծման միջոց չէ, և բոլոր պատերազմներից հետո պետք է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ այսօր մենք հնարավորություն ունենք շարունակելու բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Համանախագահները` ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամները` ԱՄՆ-ն, Ռուսաստանն և Ֆրանսիան, նախագահների մակարդակով, ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հանդես են եկել 5 հայտարարությունով: Հայաստանը պատրաստ է կարգավորման գնալ վերոնշյալ հայտարարությունների հիման վրա:

Պոլոնա Ֆրելիխ. Ձեր կարծիքով արդյոք ուկրաինական ճգնաժամը որևէ ազդեցություն ունի՞ հետխորհրդային տարածաշրջանում, այսպես կոչված, սառեցված հակամարտության վրա:

Էդվարդ Նալբանդյան. Դուք գիտեք, որ Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների արդյունքում տարածաշրջանում լարվածությունն առկա էր նաև մինչ Ուկրաինայում իրավիճակի սրումը: Համանախագահները կոչ էին անում ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմ: Ադրբեջանը հրաժարվեց: Համանախագահները կոչ էին անում հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցներ ընդունել: Ադրբեջանը հրաժարվեց: Համանախագահները կոչ էին անում դուրս բերել դիպուկահարներին Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծից և Հայաստան - Ադրբեջան սահմանից: Ադրբեջանը կրկին անգամ հրաժարվեց: Այսինքն, իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա, քանի որ հենց Ադրբեջանն է հրաժարվում համանախագահների վերոնշյալ առաջարկություններից, այդ թվում և՝ վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ բոլոր մնացած առաջարկություններից:

Պոլոնա Ֆրելիխ. Մարտին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում սկսվեցին ՌԴ զինված ուժերի զորավարժությունները: Ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանում այս փաստին. հատկապես նկատի ունեմ հայկական ընտանիքի սպանությունը ՌԴ զինծառայողի կողմից:

Էդվարդ Նալբանդյան. Այն, ինչ Դուք հարցնում եք՝ սպանության հետ կապված, և այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, սարսափելի ողբերգություն է: Քննությունը շարունակվում է: Մենք վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, ապա այդ հարաբերությունները զարգանում են, ամրապնդվում են և ընդլայնվում: Առկա է շատ սերտ համագործակցություն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև: Ինչ վերաբերում է ռուսական ռազմական բազային, ապա այն գտնվում է Հայաստանում միջկառավարական պայմանագրի հիման վրա և հանդիսանում է անվտանգության ապահովման կարևոր գործոններից:

Պոլոնա Ֆրելիխ. Արևմուտքում հույս են տածում, որ Գյումրիում տեղի ունեցածը, տնտեսական խնդիրները կգժտեցնեն Հայաստանին և Ռուսաստանին: Այս կապակցությամբ հարց ունեմ՝ արդյոք Հայաստանում փոխվե՞լ է վերաբերմունքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և, ընդհանրապես, Ռուսաստանի հանդեպ:

Էդվարդ Նալբանդյան. Ես չգիտեմ՝ ով է այդպիսի հույսեր փայփայում: Դրանք անլուրջ հույսեր են: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները ռազմավարական, դաշնակցային են, որոնք անցել են ժամանակի փորձությունը, և հենց դա է բնութագրում մեր երկրների ղեկավարների միջև հարաբերությունները:

Պոլոնա Ֆրելիխ. Կարելի է ասել, որ Ռուսաստանը ձեր հավատարիմ դաշնակի՞ցն է:

Էդվարդ Նալբանդյան. Այո՛, Ռուսաստանի հետ մենք ունենք սերտ դաշնակցային հարաբերություններ: Բայց, այնուհանդերձ, մենք ցանկանում ենք աշխարհի բոլոր երկրների հետ զարգացնել, ամրապնդել բարեկամական գործընկերությունը:
Որոշ երկրներ հավակնում են, թե ունեն ռազմավարական հարաբերություններ աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ: Նման բան դժվար թե հնարավոր է:

Պոլոնա Ֆրելիխ. Մենք ապրում ենք ճգնաժամային շրջանում, որը վերաբերում է և՛ տնտեսությանը, և՛ քաղաքականությանը, ինչի մասին է վկայում, մասնավորապես, հետխորհրդային տարածաշրջանում ազգային դրամների արժեզրկումը: Հայաստանում ասում են, որ հայերը հարստանում են բոլոր վայրերում, բացի իրենց հայրենիքից: Արդյոք այս արտահայտությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը:

Էդվարդ Նալբանդյան. Դուք գիտեք, մեր ժողովրդի ⅔-ը ապրում է աշխարհի 100 երկրում: Ավելի շատ հայեր ապրում են արտասահմանում, քան Հայաստանում: Եվ, բնականաբար, ավելի շատ հաջողակ հայեր ապրում են արտասահմանում, քան Հայաստանում: Հայերը միշտ հայտի են եղել որպես լավ ձեռներեցներ, վաճառականներ և գործարարներ: Այնպես որ, կարելի է ասել, որ այդքան էլ մեծ տարբերություն չկա նրանում, թե հայերը ապրում են արտասահմանում, թե Հայաստանում:

Ճգնաժամը գլոբալ բնույթ ունի, վերաբերում է գրեթե ամբողջ աշխարհին: Եթե ձեռներեցությունը ճգնաժամ է ապրում, պատճառը այն չէ, որ այն հայկական է:

Պոլոնա Ֆրելիխ. Ինչպե՞ս է ազգային դրամի արժեզրկումը անդրադառնում հայերի կենսամակարդակի վրա:

Էդվարդ Նալբանդյան. Իհարկե, ճգնաժամը ազդում է և Հայաստանի վրա, բայց, ընդհանուր առմամբ, Հայաստանի կառավարության ջանքերի շնորհիվ հաջողվում է սանձել բացասական միտումները՝ որքան որ հնարավոր է:

Պոլոնա Ֆրելիխ. Հաղորդվում է, որ արտահանման ծավալները Հայաստանից Ռուսաստան, որը հանդիսանում է ձեր հիմնական առևտրային գործընկերը, կրճատվել են նույն ճգնաժամի պատճառով: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը ստիպված է լինելու կողմնորոշվել դեպի այլ տարածաշրջաններ:

Էդվարդ Նալբանդյան. Ռուսաստանը մեր առևտրային հիմնական գործընկերն է, հիմնական ներդրողը: Սակայն, դրանով հանդերձ, մենք զարգացնում ենք ակտիվ տնտեսական հարաբերություններ ԵՄ անդամ երկրների, այլ տարածաշրջանների և երկրների հետ: Ճգնաժամային իրավիճակների պատճառով կոնյունկտուրային մոտեցում ցուցաբերել, շարժվել այն ուղղությամբ, որտեղ փչում է քամին, չեմ կարծում, թե ճիշտ է:

Պոլոնա Ֆրելիխ. Ամեն դեպքում, Հայաստանը բացառիկ երկիր է, որը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, և դրանով հանդերձ՝ ԵՄ-ի հետ ունի արտոնյալ մաքսային ռեժիմ: Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է` այս գործոնը դարձնի ձեր երկիրը տնտեսական միջնորդ Ռուսաստանի և ԵՄ միջև:

Էդվարդ Նալբանդյան. Ես կարծում եմ, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Ռուսաստանը իրենց տնտեսական հարաբերությունների զարգացման համար միջնորդների կարիք չունեն: Մենք Եվրասիական միության անդամ ենք, միևնույն ժամանակ, ունենք լավ տնտեսական հարաբերություններ ԵՄ երկրների հետ: Եվ եթե կան առավելություններ, ապա մենք, բնականաբար, կփորձենք օգտագործել այդ առավելությունները՝ ելնելով Հայաստանի շահերից, ինչպես նաև ելնելով մեր եվրասիական և եվրոպական գործընկերների շահերից:

Պոլոնա Ֆրելիխ. Իսկ կոնկրետ ի՞նչ է տալիս Հայաստանին անդամակցությունը Եվրասիական միությունում, քանի որ շատերը Արևմուտքում վախենում են դրանից:

Էդվարդ Նալբանդյան. Չեմ կարծում՝ ճիշտ է գաղափարական երանգ տալ տնտեսական հարաբերություններին: Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի անդամակցությունը Եվրասիական միությանը, ինչը մեզ հնարավորություն է ընձեռում ավելի պարզեցված ձևով մուտք գործել պաշտպանված ապրանքաշուկաներ, Եվրասիական միության ծառայությունների միասնական շուկա, ներդրումներ բերել, ստեղծել արդյունաբերական և գյուղատնտեսական կոոպերացիաներ, առանց մաքսատուրքերի մուտք գործել ռեսուրսային բազա, ինչպես նաև ԵԱՏՄ տրանսպորտային միջանցքներ, դյուրացնել միգրացիոն ռեժիմը և այլն: Ես այդ ոլորտի մասնագետ չեմ, տնտեսագետ չեմ, բայց առավելություններն ակնհայտ են:

Պոլոնա Ֆրելիխ. Դուք միգուցե լսել եք ԵՄ ծրագրի մասին՝ համագործակցել Ադրբեջանի հետ էներգետիկայի, հատկապես՝ գազի ոլորտում: Արդյոք Ձեզ թվո՞ւմ է, որ ԵՄ-ն չափից ավելի մեղմ է վերաբերվում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին, քանի որ ԵՄ-ն ունի համագործակցության տնտեսական ծրագրերի Ադրբեջանի հետ: Նույնը վերաբերում է և Միացյալ Նահանգներին. չէ՞ որ ԱՄՆ-ը նույնպես քննադատում է մարդու իրավունքների խախտումները ամբողջ աշխարհում, իսկ Ադրբեջանի պարագայում շատ մեղմ է վերաբերվում, քանի որ նույնպես առկա է գազի խնդիրը:

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանն ունի սին պատրանքներ, թե, իբր, կարող է օգտագործել իր էներգետիկ հնարավորությունները` ընկերներ գնելու, ովքեր աչք կփակեն այդ երկրում մարդու իրավունքների խախտումների վրա: Սակայն ի՞նչ է իրականում տեղի ունենում. մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունները՝ եվրոպական և ոչ միայն, քննադատում են Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող վիճակը: Համաշխարհային ԶԼՄ-ն բնութագրում է Ադրբեջանը` որպես բռնապետական երկիր, նշում այդ երկրում առկա լուրջ իրավախախտումների մասին: Դրանով հանդերձ՝ ոչ ոք չի հերքում, որ Ադրբեջանն ունի մեծ էներգետիկ ռեսուրսներ: Այսինքն, այն պատրանքը, թե հնարավոր է օգտագործել էներգետիկ ռեսուրսները ևս ինչ-որ բանի համար, շրջվել է հենց Ադրբեջանի դեմ:

Պոլոնա Ֆրելիխ. Այնուհանդերձ, ԵՄ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են Բաքու և ունեն լավ հարաբերություններ Իլհամ Ալիևի հետ:

Էդվարդ Նալբանդյան. Գիտեք, եղել են ժամանակներ, երբ տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Լիբիա, հանդիպել են Քադաֆիի հետ, այցելել են Իրաք, հանդիպել Սադդամ Հուսեինի հետ: Մենք գիտենք, թե ինչպես այդ ամենն ավարտվեց:

Պոլոնա Ֆրելիխ. 2010թ. Երևանում տեղի ունեցավ հայ-սլովենական գործարար համաժողով, որին մասնակցեցին երկու երկրների տասնյակ գործարարներ: Արդյոք մեր երկրների` Սլովենիայի և Հայաստանի միջև առկա՞ է առևտրատնտեսական հարաբերությունների ներուժ:

Էդվարդ Նալբանդյան. Իհարկե, առկա է: Եվ մենք իմ այցի շրջանակներում խոսեցինք այդ մասին Սլովենիայի ղեկավարության հետ: Մենք պայմանավորվեցինք գործադրել հավելյալ ջանքեր՝ այդ ներուժն օգտագործելու, երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերն ընդլայնելու համար:

Պոլոնա Ֆրելիխ. Շատ շնորհակալ եմ:

Էդվարդ Նալբանդյան. Շնորհակալ եմ Ձեզ։

Այս խորագրի վերջին նյութերը