Լրահոս

10.10.2009 12:06


Րաֆֆի Հովհաննիսյան. «Հրաժարականը հոկտեմբերի 10–ից արդեն կդառնա առարկայական իրականություն»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Հրաժարականը հոկտեմբերի 10–ից արդեն կդառնա առարկայական իրականություն»

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մասնակցել է նախաստորագրված արձանագրությունների դեմ Ծիծեռնակաբերդում ՀՅ Դաշնակցության կազմակերպած հանրահավաքին, «7օր»-ին ասել է, որ այդ հանրահավաքը հզոր ալիքի սկիզբ է դառնալու։

-Հայ ժողովուրդը՝ Հայաստանից սկսած, մինչև Արցախ և Սփյուռք, էապես միակամ է այս հարցում, որ մենք ասում ենք այո՛ բաց սահմանին (իրենք փակել են, թող իրենք բացեն՝ առանց մեզնից կորզելու հավելյալ նախապայմաններ), այո՛ դիվանագիտական հարաբերություններին՝ առանց նախապայմանների (եթե նպատակն այն է, որ ուզում են ճշմարտության հիման վրա լուծում տալ Ցեղասպանության և հայրենազրկման հետևանքներին) և ո՛չ Հայաստանի ստրկատիրությանը,- ասել է Ր. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ համազգային օրակարգում զոհասեղանին են դրվել ոչ միայն հայրենիքի և մեր երեխաների ապագան ու իրավունքները, այլ նաև Հայաստանի ազգային անվտանգությունը, և սա այն հարցն է, որ մոտ ապագայում «մեկ հրապարակում ի մի կբերի Հայաստանի ազգային և ժողովրդավարական ողջ օրակարգերը»։

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիրը հուսով է, որ մինչև հոկտեմբերի 10-ի ժամը 21։00-ն փոփոխություն կլինի, և ՀՀ նախագահը չի՛ ստորագրի հայ-թուրքական նախաստորագրած արձանագրությունները.

-Որովհետև եթե չկատարվի, սա ժամանակակից Սարդարապատի մարտակոչին համարժեք կլինի, և ցույց կտա, որ հայ մարդու, հայ իշխանավորի ձեռամբ վավերացվում է մեր հայրենազրկումը՝ բոլշևիկների և քեմալական շարժման դավադիր պայմանագրերի տեսքով, և մեր հարցը, թեկուզ ոչ որպես ազգային տենչանք, ավելի հուզական հասկացություն, այլ որպես կոնկրետ ազգային անվտանգության առաջադրանք, մարտավարական և դիվանագիտական գործիք, թաղվում է և ոչ թե օտարի ձեռքով, այլ մեր իսկ ձեռքով,- ասել է Ր. Հովհաննիսյանը՝ շարունակելով, որ դա կհանգեցնի նաև ՀՀ նախագահի հրաժարականին.

-Ինձ համար որևէ անձնական բավարարում չի տվել այս կամ այն հրաժարականի պահանջը, բայց ներկա դրությամբ ես համարում եմ, որ հրաժարականը հոկտեմբերի 10-ից արդեն կդառնա առարկայական իրականություն՝ Հայաստանի իշխանավորների ձեռամբ։ Իրե՛նք կգնան ինքնահրաժարականի սեփական պաշտոնից, իրենց սահմանադրական պարտականություններից և նաև հայրենիքի ու, թեկուզ ապագայում, ազգային օջախ վերադառնալու տարրական իրավունքից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը