Լրահոս

10.10.2009 10:46


Հայ–թուրքական արձանագրությունների վերաբերյալ Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Հայաստանում և նրա սահմաններից դուրս լայնորեն քննարկվում են նախաստորագրված արձանագրությունները, որոնց հիման վրա ենթադրվում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավում։

Ռուսաստանի հայերի միությունն ուշադրությամբ հետևում էր այս փաստաթղթերի հետ կապված քննարկումների ընթացքին, սակայն նպատակահարմար չէր գտնում այդ հարցի կապակցությամբ հայտնել իր տեսակետը, մինչև Ռուսաստանում հայ համայնքի հետ Հայաստանի նախագահի նախանշված հանդիպումը։

Համահայկական շրջագայության շրջանակներում դեկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում կայացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցերը։

Բացման խոսքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկաներին պատմեց, թե ինչպես է ինքը տեսնում նախաստորագրված փաստաթղթերի նշանակությունը, իր շրջագայության ընթացքը և Փարիզում, Նյու Յորքում, Լոս-Անջելեսում ու Բեյրութում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը։ Այնուհետև նա հրավիրեց ներկաներին ելույթ ունենալ և իր պատրաստակամությունը հայտնեց պատասխանել ցանկացած հարցի։

Առաջին խոսքի իրավունքը տրվեց Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին։ Նա հայտարարեց, որ ՌՀՄ-ի անդամների մեծամասնությունն աջակցում է առանց նախապայմանների հարևան Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու Հայաստանի ղեկավարության վարած ընդհանուր քաղաքականությունը։ Միաժամանակ նա ընդգծեց, որ արձանագրությունների քննարկվող տեքստերի որոշ դրույթներ լայն և ոչ միանշանակ մեկնաբանման հնարավորություն են տալիս, ինչը շատերի մոտ լուրջ մտահոգություն է առաջացնում։

Այս կապակցությամբ առաջարկվել է առաջին փուլում սահմանափակվել հարաբերություններ հաստատելու վերաբերյալ փաստաթղթերի ընդունմամբ, իսկ այլ հարցերի կապակցությամբ կողմնորոշվել դրանց փորձագիտական մանրամասն ուսումնասիրությունից հետո։

Ա. Աբրահամյանի ելույթին ի պատասխան՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ իր այցելությունը միտված է արտերկրի հայրենակիցների կարծիքին ծանոթանալուն, և որ հետագա որոշումները  պետք է կայացվեն հնչած ցանկությունները հաշվի առնելով։

Ռուսաստանում հայերի միությունը շարունակում է ուշադրությամբ հետևել այս հարցի կապակցությամբ իրադարձությունների հետագա զարգացմանը։ 

ՌՀՄ մամուլի ծառայություն

 

Այս խորագրի վերջին նյութերը