Լրահոս

09.10.2009 21:43


Տեղի ունեցավ ՀՅԴ կազմակերպած երթն ու հանրահավաքը

Տեղի ունեցավ ՀՅԴ կազմակերպած երթն ու հանրահավաքը

Հոկտեմբերի 9-ին Հանրապետության հրապարակից մեկնարկել է ՀՅԴ երթ-հանրահավաքը, որին մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամները, Գերագույն մարմնի ներկայացուցիչները, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, Ժառանգություն կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, «Գոյամարտ» կուսակցության նախագահ Սերյոժա Ղազարյանը, Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը և այլոք։ Երթը բավական մարդաշատ էր՝ 40-50 հազար ։

Երթը Հանրապետության Հրապարակից ուղղություն վերցրեց մինչև Բաղրամյան պողոտա՝ նախագահի նստավայր, այնուհետև Ծիծեռնակաբերդ։ Նախագահի նստավայրի դիմաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ընթերցել է հանրահավաքի մասնակիցների նամակը՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ  իրենց «ո՛չ»–ն  էին ասում նախաստորագրված արձանագրություններին։

Այնուհետև երթի մասնակիցները շարժվել են դեպի Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի է ունեցել հուժկու հանրահավաք։ Ելույթ են ունեցել ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Արմեն Մարտիրոսյանը, Արամ Կարապետյանը, Սերգեյ Ղազարյանը և Գեղամ Մանուկյանը։

Ելույթ ունեցողների մեծամասնությունը՝ մասնավորապես Վահան Հովհաննիսյանը նշել են, որ իշխանափոխությունն իրենց համար նպատակ չէ, այլ այն միջոց է նպատակին հասնելու համար, սակայն, եթե «հասցնեն դրան», ապա այդ միջոցին էլ կդիմեն։

Հանրահավաքի մասնակիցները ծաղկեպսակ են դրել Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18։00, Կ/Թ Մոսկվային հարակից հրապարակում։  

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը