Լրահոս

09.10.2009 18:15


Բողոքի երթի մասնակիցների նամակը ՀՀ նախագահին

Պարոն նախագահ

Մենք' 2009թ. հոկտեմբերի 9-ի բազմահազարանոց բողոքի երթի մասնակիցներս, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը շեղվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու ուղեգծից: Նախաստորագրված արձանագրություններում առկա են մեր պետության եւ ժողովրդի համար խիստ վտանգավոր դրույթներ, որոնք սպառնալիք են մեր ազգային, պետական շահերին եւ միասնությանը:
Ներքաղաքական քննարկումների համար սահմանված վեց շաբաթն ապացուցեց, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը' թե' Հայաստանում, թե' Սփյուռքում, դեմ է այս տեսքով փաստաթղթերի ստորագրմանը:
Միայն մեկ վայրում' Հանրապետության հրապարակում, ստորագրահավաքին միացել են 50 հազարից ավելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: 12 կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Փաստաթղթերին բացասաբար են արձագանքել 60-ից ավելի հասարակական կազմակերպություններ:
Եվ սա այն դեպքում, երբ երկրում գործող հեռուստաընկերությունները, մասնակի բացառությամբ, արձանագրություններին դեմ արտահայտվողներին փաստացի զրկել էին մարդկանց բացատրելու, իրազեկելու հնարավորությունից:
Դեմ չլինելով առանց նախապայմանների սահմանը բացելու եւ հարաբերություններ հաստատելու քաղաքականությանը' մենք վճռակա ՙոչ՚ ենք ասում սերունդների իրավունքը ոտնահարող, մեր պետության եւ ժողովրդի անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող այս արձանագրություններին եւ Ձեզանից պահանջում ենք չստորագրել դրանք:
Հակառակ պարագայում Դուք եք պատասխանատու լինելու այս գործընթացի անկանխատեսելի հետեւանքների համար:

 

Այս խորագրի վերջին նյութերը