Լրահոս

29.11.2010 16:57


Դավիթ Հակոբյանն ու Ընտրական օրենսգիրքը

Դավիթ Հակոբյանն ու Ընտրական օրենսգիրքը

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, հատկապես խորհրդարանական ընդդիմության երեք հիմնական՝ 100% համամասնական ընտրական համակարգի, ընտրական հանձնաժողովներում կուսակցությունների հավասար բաշխվածության և ընտրամատյանները պատին փակցնելու վերաբերյալ առաջարկություններին՝ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն ասել է, որ օրինակ ընտրական հանձնաժողովները պետք է ձևավորվեն ներքևից՝ յուրաքանչյուր գրանցված կուսակցությանը մեկ տեղ տալով։ Նրա խոսքերով՝ եթե գրանցված 70 կուսակցություն կա, ուրեմն 70-ն էլ պետք է ձայն ունենան, քանի որ ընտրություններից առաջ «խորհրդարանական» և «ոչ խորհրդարանական» հասկացողություն չկա.

-Ես ավելի եմ հստակեցնում. ոչ թե զավզակությամբ եմ զբաղվում «Ժառանգության» նման, այլ կոնկրետ ասում եմ՝ պարտավոր է հասարակության անվտանգությունն ապահովելու համար ընտրական հանձնաժողովները ձևավորել ներքևից և գրանցված յուրաքանչյուր կուսակցությանը տալ մեկ տեղ։ Եթե դրանք շատ են, ուրեմն՝ յուրաքանչյուր 5 կուսակցության մեկ տեղ հատկացնել, բայց ապահովել կուսակցությունների ներկայացվածությունը,- ասել է նա։

Ինչ վերաբերում է համամասնական ընտրակարգին անցնելուն՝ Դավիթ Հակոբյանն ասել է, թե ամբողջությամբ այդ համակարգին անցնելն ինքը համարում է մարդու իրավունքների կոպիտ խախտում։

-Համամասնական ցուցակին անցնելը, կարծում եմ՝ դեռ, մանավանդ գաղափարական նման պայմաններում, ժամանակին չէ,-նշել է Դավիթ Հակոբյանը և հավելել, որ կուսակցական ցուցակները, սակայն, պետք է ձևավորի ոչ թե կուսակցությունը (որ ինչքան շատ փող տան, այնքան առաջին համարում հայտնվեն կուսակցության, ինչպես ՀՀԿ-ն, Դաշնակցությունն են անում, մի ժամանակ էլ՝ կոմունիստները), այլ կուսակցական ցուցակները պետք է ներկայացվեն այբբենական հերթականությամբ, այնուհետև ուղարկվեն մեծամասնական տեղամասեր, և ըստ նրանց բերած ձայների՝ ձևավորվի վերջնական ցուցակը։

Ամեն դեպքում՝ 41 մեծամասնական տեղերը, ըստ նրա, պետք է պահպանվեն։

Անդրադառնալով ընտրամատյաններն անմիջապես պատին փակցնելուն, բանախոսն ասել է, թե դա էլ կատարյալ հիմարություն է։

-Ցուցակ-մուցակ, это все ерунда, мошенничество։ Ամենակարևորը՝ որ բոլոր քաղաքացիները պարտավոր են մասնակցել ընտրություններին։ Եթե մենք ապահովում ենք պասիվ էլեկտորատի 100%-ոց մուտքն ընտրական տեղամաս, ցուցակներն այլևս պետք չեն,-ընդգծել է նա։

Նա նշել է, որ իր առաջարկություններն արդեն ներկայացրել է բազմիցս, սակայն. «Ավետարանը գայլի ձեռքին է, գաղափարախոսությունը՝ մեր։ Ժամանակը կգա, ամեն ինչ կընկնի իր տեղը»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը