Լրահոս

09.10.2009 18:14


Սրբազանը ներում է Գյումրու քաղաքապետարանին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել են դատալսումներ Շիրակի թեմի առաջնորդարանի՝ Գյումրու քաղաքապետարանից եկեղեցապատկան հողերը Շիրակի թեմի սեփականություն ճանաչելու պահանջով:

Խոսքը նախկին Սպայի տան, այժմ՝ Հայորդաց տան հարակից հատվածի մասին է: Սույն խնդրի մասին առաջին անգամ հաղորդագրություն էր տարածել ՀՀ գլխավոր դատախազությունն անցած գարնանը: Համաձայն հաղորդագրության՝ Մայր Աթոռի սեփականությունը ենթարկվել է ապօրինի վաճառքի: Որպես ապօրինի գործարքին ուժ տվող անձինք են ներկայացվել Գյումրու քաղաքապետարանի և Կադաստրի պետական կոմիտեի երկու շարքային անձինք:

Հիշեցնենք նաև, որ Մայր Աթոռին պատկանող տարածքի վերոհիշյալ մասի սեփականատեր էր դարձել Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի որդին: Սակայն գարնանը Շիրակի թեմի առաջնորդարանի և Գյումրու քաղաքապետարանի միջև հաշտեցում է կայացել, և հիշյալ տարածքը քաղաքապետարանի կողմից ճանաչվել է որպես Շիրակի թեմի սեփականություն:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը ևս պաշտոնական գրությամբ  հայտնել է, որ ցուցաբերում է քրիստոնեական ներողամտություն սույն գործում մեղավորների նկատմամբ, քանի որ վեճը լուծված է, և նա հակված չէ այն բանին, որ ինչ-որ մեկը գործով պատասխանատվություն կրի:

Չնայած այս ամենին՝ Շիրակի մարզի քննչական մարմինները սույն գործն ուղարկել են դատարան, և գործի քննությունը նոր է սկսվում:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը