Հարցազրույց

05.03.2015 14:42


Ռիչարդ Միլլս. «Կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է, եթե կա քաղաքական կամք»

Ռիչարդ Միլլս. «Կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է, եթե կա քաղաքական կամք»

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլլսը պատասխանել է «ԳԱԼԱ»-ի գրավոր հարցադրումներին, որոնք առնչվում են կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու ՀՀ կառավարության նախաձեռնությանը և ամերիկյան կողմից մեր երկրին տրամադրվող ֆինանսական օժանդակություններին:

-Պարո՛ն Միլլս, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծել: Այն գլխավորելու է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա հետ կոռուպցիայի դեմ պայքարելու են նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը, արդարադատության ու ֆինանսների նախարարները, գլխավոր դատախազը և այլք: Անուններ, որոնք ոչ միայն վստահություն չեն ներշնչում, այլ նաև քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գնահատմամբ, ունակ չեն պայքարել կոռուպցիայի դեմ:

Ի՞նչ կարծիք ունեք՝ այս կառույցն իրապես կարո՞ղ է պայքար ծավալել կոռուպցիայի դեմ:

-Միացյալ Նահանգները մշտապես հանդես է բերել ու շարունակում է հանդես բերել կուռ հանձնառություն՝ աջակցելու Հայաստանին անվտանգության հաստատման, ժողովրդավարության զարգացման, տնտեսության կայացման ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում:

Պետքարտուղարությունը հետևողականորեն Մարդու իրավունքների ամենամյա զեկույցում շեշտադրել է կոռուպցիայի հիմնախնդիրը: Հայաստանում տեղյակ են կոռուպցիայի խնդրից և գիտակցում են, թե ինչ հետևանքներ է դա ունենում տնտեսության, անվտանգության ու մարդու իրավունքներին առնչվող հարցերում: Հարցն այն չէ, թե երկրում կոռուպցիա կլինի՞, թե՞ ոչ (այո, կլինի), այլ այն, թե իշխանություններն ու ժողովուրդը, որին իշխանությունները ներկայացնում են, ինչպես կպայքարեն դրա դեմ:

Միացյալ Նահանգների կառավարությունն այստեղ է աջակցելու, և ամեն պատեհ առիթով մենք հնչեցնում ենք մեր մտահոգությունը: Մենք կաշխատենք Հայաստանի ցանկացած պետական կառույցի հետ, այդ թվում և՝ Խորհրդի հետ, որը հանդես կբերի կոռուպցիայի դեմ պայքարելու հանձնառություն ու կձեռնարկի շոշափելի գործողություններ: Սակայն կոռուպցիայի դեմ պայքարն արդյունավետ է, եթե կա քաղաքական կամք, դա գիտակցում ենք մենք և հայ ժողովուրդը, ուստի մենք սպասում են նոր Խորհրդի կողմից այդ կամքի դրսևորմանը:

-Փորձե՞լ եք քաղաքացիական հասարակության տեսակետները ճշտել, թե ինչու՞ շատերը, ովքեր հասարակության շրջանում հեղինակություն են վայելում, հրաժարվում են նույն սեղանի շուրջ նստել խորհրդի կազմում ընդգրկված իշխանության ներկայացուցիչների հետ, և վաղօրոք հայտարարում են, որ ձախողված է այդ կառույցի գործունեությունը:

-ԱՄՆ կառավարությունը ողջունում է նոր ձևավորված Հակակոռուպցիոն խորհրդում Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ներառելու հնարավորությունը: Կառավարության որոշմամբ՝ երկու կազմակերպություն մրցութային հիմունքներով կընտրվի ու ռոտացիոն սկզբունքով կծառայի Խորհրդի կազմում: Հուսով ենք, որ ընտրված ՀԿ-ների աշխատանքը Խորհրդում կլինի արգասաբեր և կխթանի Խորհրդի՝ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելու առաքելության իրագործմանը:

-Պարո՛ն Միլլս, Հայաստանին տրամադրվող օժանդակության չափը կազմում է տարեկան շուրջ 200 մլն դոլար: Արդյոք Ձեր կողմից ցուցաբերվո՞ւմ է հետևողականություն, թե ԱՄՆ հարկատուների գումարները ՀՀ իշխանությունները ճի՞շտ են տնօրինում, թե՞ ոչ: Դա պարզելու ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ կան:

-ԱՄՆ ՄԶԳ-ը Եվրոպայի և Եվրասիայի 13 երկրների տարեկան կտրվածքով տրամադրում է ընդհանուր առմամբ 200 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն: Մենք մշտադիտարկում ենք ԱՄՆ կառավարության միջոցների կիրառումը և պահանջում ենք մեխանիզմներ, որոնցով կիրականացվի աշխատանքների պատշաճ կառավարում և կապահովվեն նախատեսվող արդյունքները, ինքնաբավությունը և ներդրումային արժեքը:

Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը