Լրահոս

09.10.2009 14:25


Վահան Փափազյան. «Տարածքների հանձնման խնդիրը միշտ կա, այլ խնդիր է, թե ե՞րբ, ո՞նց, ի՞նչ հերթականությամբ...»

Վահան Փափազյան. «Տարածքների հանձնման խնդիրը միշտ կա, այլ խնդիր է, թե ե՞րբ, ո՞նց, ի՞նչ հերթականությամբ...»

Նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե միշտ էլ Ղարաբաղյան խնդիրը եղել է հայ-թուրքական բանակցությունների  բաղադրիչներից մեկը։ Եվ հիմա էլ հայ-թուրքական և ղարաբաղյան հակամարտության խնդրի կարգավորումներն ընթանում են զուգահեռ և մեկ փաթեթի մեջ։ «7օր»-ի այն հարցին, թե դրակա՞ն է արդյոք դա, նա պատասխանել է՝ այդ հարցը մի օր պե՞տք է լուծվի, թե՞ ոչ։

-1991թ.-ից նախապայմաներ չեն  եղել, եղել է նախապայման՝ Ղարաբաղի հարցի հետ կապված։ Ես այն ժամանակ բախտ եմ ունեցել շփվելու Թուրքիայի մի շարք արտգործնախարարների հետ, և իմ բանակցությունների ընթացքում բոլորի հետ  էլ  եղել  է մի խնդիր՝ ԼՂ հարցը։ Ուրիշ հարց չի եղել։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը միշտ առկա է  հայ-թուրքական բանակցություններում,-ասել է նա։

Վահան Փափազյանը հավելել է նաև, որ իշխանությունների պնդումները, թե արձանագրություններում Ղարաբաղի հարցը չկա, բացահայտ սուտ է։

-Վաղը արձանագրությունները ստորագրելուց հետո հարցը կտեղափոխվի խորհրդարաններ՝ վավերացման կամ չվավերացման, կամ էլ երկարաձգման։ Բայց  որևէ կասկած չկա, որ այս փաստաթղթերը ուժի մեջ կմտնեն միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի հարցում տեղի ունենա որոշակի առաջընթաց։ Որոշակի առաջընթաց ասելով՝ շատ պարզ է ինչ հասկանալ՝ Ղարաբաղի  5 շրջաններից հայկական զինուժի դուրսբերում։ Շատ հաճախ ենք հարցեր լսում, որ ընդդիմությունը, ի դեմս ՀԱԿ-ի, այստեղ վատ բան չի տեսնում՝ մեջբերելով Տեր-Պետրոսյանի խոսքերը հանրահավաքի ժամանակ։ Այո՛, դա այդպես է. որպես ազգի համար պատասխանատու գործիչներ՝ գտնում ենք, որ, այո՛, ԼՂ-ի հարցը պետք է լուծվի։ Իհարկե, պետք է լուծվի, բա ի՞նչ։ Մինչև ե՞րբ պետք է Հայաստանը մնա պատերազմի վերսկսման վտանգի առջև, և բացի դիվանագիտական լուծումից՝ ի՞նչ լուծում կարելի է առաջարկել։ Այլ հարց է, որ 1997-1998թթ. փաթեթային, փուլային լուծումները, որ առաջարկվում էին, ավելի լավն էին, քան Մադրիդյան սկզբունքները,-նշել է նա։

«7օր»-ի այն հարցին, թե չէ՞ որ տարածքների հանձման խնդիրն այն ժամանակ էլ էր դրված, Վահան Փափազյանը պատասխանել է՝ տարածքների հանձնման խնդիր միշտ կա։

-Այլ խդիր է, թե ե՞րբ, ո՞նց, ի՞նչ հերթականությամբ, ո՞ր տարածքը պետք է պահպանվի, միջանցքի խնդիրը ո՞նց պիտի լինի, պիտի ապառազմականացվե՞ն այդ տարածքները, թե՞ոչ,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը