Լրահոս

09.10.2009 13:56


Վահան Հովհաննիսյան. «Հայհոյանքը թույլի վերջին զենքն է»

Վահան Հովհաննիսյան. «Հայհոյանքը թույլի վերջին զենքն է»

-Հայհոյանքները, որպես մեթոդ, կիրառում են նրանք, ովքեր փաստարկ չունեն։ Հայհոյանքը թույլի վերջին զենքն է։ Փաստարկ չունեցողը սկսում է հայհոյել, ընդդիմախոսներին կոչել ինչ-որ այլանդակ անուններով,-այսպես է ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը մեկնաբանել սփյուռքի հասցեին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի արած հայտարարությունը։

Այս հայտարարությունը Վահան Հովհաննիսյանին հիշեցրել է  ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի դրսևորած պահվածքը, երբ ասում էր, թե նրանք, ովքեր իր հետ չեն, ուրեմն տականք են և ազգի մոլախոտ։

-Սա վկայում է քաղաքական կուլտուրայի այնպիսի ցածր մակարդակի մասին, որ նույնիսկ  նրանք, ովքեր արդար զայրույթ էին արտահայտում Լևոն Տեր-Պետրոսյանի այդ տեսակ հայտարարությունների նկատմամբ, այսօր կիրառում են նույն զենքը,-ասել է Վահան Հովհաննիսյանը։

ՀՅԴ խմբակցության ղեկավարը հիշեցրել է, որ Դաշնակցությունը հենց սկզբից հայտարարել է, որ լինելու է նոր որակի ընդդիմություն։

-Ընդդիմություն, որի համար հայհոյանքը, ատելությունը, հասարակության պառակտումը, բաժանարար սահմանների գծումն անընդունելի ոճ է։ Ըստ ամենայնի, մեր երկրում քաղաքակիրթ ընդդիմության ընկալում չկա։ Դա է պատճառը, որ հանրապետականների կարկառուն դեմքերից մեկը՝ Ռազմիկ Զոհրաբյանը, հայտարարում է, թե ՀԱԿ-ը շատ ավելի ազդեցիկ և լուրջ ուժ է, քան Դաշնակցությունը և նրա գաղափարների շուրջ համախմբվող ուժերը։ Իհարկե, նրան այդպես պետք է թվա, որովհետև նա ուրիշ ոճ չի պատկերացնում, բացի ուշունցից։ Այդ ոճի մեջ նրա համար ավելի կոմֆորտային է՝ որպես ընդդիմություն ունենալ Կոնգրեսին և Լևոն Տեր-Պետրոսյանին,-նկատել է Վ. Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը