Լրահոս

09.10.2009 12:47


Իտալիայում ՀՀ դեսպանը ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում Իտալիայի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է հայ-թուրքական բանակցային գործընթացը

Իտալիայում ՀՀ դեսպանը  ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում Իտալիայի պատվիրակության ղեկավարի  հետ քննարկել է հայ-թուրքական բանակցային գործընթացը

Հոկտեմբերի 7-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում Իտալիայի պատվիրակության ղեկավար Ռիկարդո Միլլիորիի (Riccardo MIGLIORI) հետ:

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի, ինչպես նաեւ' հայ-իտալական խորհրդարանական համագործակցության աշխուժացման վերաբերյալ:

Դեսպան Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի առնչությամբ հատուկ անդրադարձավ ադրբեջանական կողմի շարունական շահարկումներին' հողերի գրավման, փախստականների, մշակութային ժառանգության ոչնչացման եւ այլ հարցերին: Հաշվի առնելով իտալացի պատգամավորի իրավագետ լինելու հանգամանքը դեսպան Կարապետյանը վերջինիս փոխանցեց մի շարք նյութեր ԼՂ հակամարտության իրավական հարցերի, ինչպես նաեւ ադրբեջանական կողմից Նախիջեւանում եւ այլ տարածքներում հայկական ժառանգության ոչնչացման վերաբերյալ: Իր հերթին Ռիկարդո Միլլիորին հավաստիացրեց, որ իտալական պատվիրակությունը կանի առավելագույնը ԵԱՀԿ ԽՎ աշխատանքների ընթացքում հայկական կողմին աջակցելու եւ ՀՀ դիրքորոշումները էլ ավելի լսելի դարձնելու ուղղությամբ:

Այնուհետեւ պրն. Միլլիորիի մասնակցությամբ դեսպան Կարապետյանը հանդիպում ունեցավ Իտալիայի Տոսկանա նահանգի Ռոնդինե քաղաքում հիմնադրված «Խաղաղության ամրոց» ասոցիացիայի նախագահ Ֆրանկո Վակարիի (Franco VACCARI) եւ կազմակերպության անդամների հետ, որոնք ՀՀ դեսպանին ներկայացրեցին ասոցիացիայի կողմից ս.թ. մայիսի 16-19-ը կազմակերպված եւ Կովկասի ժողովուրդներին վերաբերող միջազգային կոնֆերանսի աշխատանքները: Հանդիպման վերջում ասոցիացիայի նախագահը ՀՀ դեսպանին հանձնեց կոնֆերանսում ընդունված 14 կետանոց փաստաթուղթը, ուր ամրագրված են մի շարք առաջարկներ ուղղված Կովկասի ժողովուրդների միջեւ երկխոսության խորացմանը, հարգանքի եւ փոխվստահության ամրապնդմանը, հակամարտությունների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նշված ասոցիացիայի աշխատանքներում հայ երիտասարդների ընդգրկման, ինչպես նաեւ Հայաստանում եւ Արցախում համատեղ գիտաժողովների կազմակերպման վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը