Հարցազրույց

27.02.2015 16:40


Գառնիկ Իսագուլյան. «Դեռ կգան ՄԵՐՈՆՔ ու կմտնեն համաշխարհային ՍՈՎՆԱՐԿՈՄ»

Գառնիկ Իսագուլյան. «Դեռ կգան ՄԵՐՈՆՔ ու կմտնեն համաշխարհային ՍՈՎՆԱՐԿՈՄ»

Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ

–Պարո՛ն Իսագուլյան, ներքաղաքական ներկա լարված իրավիճակում կողմերի լռությունն է՛լ ավելի է մեծացնում տարբեր ասեկոսեների տարածումը հասարակության մեջ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է սա պայմանավորված, և ի՞նչ կանխատեսումներ ունեք։

–Բազմիցս եմ նշել, որ փետրվարի 12-ից հետո, ըստ էության, ներքաղաքական պայքարն իշխանությունների կողմից դուրս եկավ ՀՀ սահմանադրության և օրենքների դաշտից։ Նման իրավիճակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ փետրվարի 20-ին նախատեսվող հանրահավաքը չանցկացնելու որոշումը, հաշվի առնելով իր պատասխանատվության աստիճանը, միանշանակ ճիշտ էր։ Ներկա լռությունը, կարծում եմ, պայմանավորված է այն հանգամանքով, որ անհրաժեշտ է որոշակի ժամանակ, մինչև զարգացումները կտեղափոխվեն սահմանադրական և օրենքների դաշտ։ Իսկ ասեկոսեներին պետք է վերաբերվել հումորով ու համբերատար սպասել մինչև պաշտոնական տեղեկատվությունները։

–Բոլոր դեպքերում, հնչում են տարբեր վարկածներ ԲՀԿ հետագա կարգավիճակի և նրանում սպասվող վերադասավորումների վերաբերյալ։ Ի՞նչ եք կարծում՝ ինչքանո՞վ են դրանք իրատեսական։

–Այդ ամենը բացառապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներքին խնդիրներն են, և որոշումները կայացնում են նրանք։ Բայց ես կարծում եմ, որ ինչ էլ որ լինի, դրանք կրելու են ժամանակավոր բնույթ, և ամեն ինչ, ինչ-որ պահից սկսած, վերադառնալու է մինչև փետրվարի 12-ը եղած կարգավիճակին, ու բոլոր գործընթացները կընթանան Սահմանադրության և օրենքների շրջանակներում։

–Դուք ձևակերպումներում շատ իմպերատիվ եք, բայց ի՞նչ երաշխիք կա, որ համանման զարգացումների պարագայում իշխանությունները դարձյալ չեն գնա հակասահմանադրական գործողությունների։

–Ցանկացած ռեսուրս ինչ-որ պահից սկսած՝ սպառվում է, և այլևս անհնարին է դառնում այն կիրառելը։ Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները քաջ գիտակցում են, որ այն սոցիալ-տնտեսական ու ներքաղաքական ծանր իրավիճակը, որն առկա է Հայաստանում, չի կարող երկար շարունակվել, ու կարող է պայթել ցանկացած պահի, որի անկառավարելիությունը կունենա կործանարար հետևանքներ։ Սրանով է պայմանավորված իմ կողմից իմպերատիվ գնահատականներ տալը։ Պետք է ընդունել, որ հասարակության մեջ մեծ վստահություն կար, և, կարծում եմ, դեռ կա, ԲՀԿ-ի և նրա առաջնորդի նկատմամբ։ Այն փոշիացնելը չի բխում որևէ մեկի շահից, առավել ևս՝ իշխանությունների։

–Հետևելով սոցիալական ցանցերին ու լրատվամիջոցներին՝ կարելի է պնդել, որ Ձեր կողմից ասված վստահությունն այսօր այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ։ Ի՞նչ կասեք դրա մասին։

–Ցանկացած իրավիճակ, այն էլ այնպիսին, ինչպիսին առկա էր Հայաստանում մինչև փետրվարի 20-ը, երբ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը թե՛ հոգեբանորեն, թե՛ գործողությունների առումով ակնկալում էր ու պատրաստ էր լուրջ փոփոխությունների, հանկարծ շատերի համար մինչ օրս անհասկանալի պատճառով հօդս ցնդեց։ Շատ բնական է, որ դա առաջացրեց մեծ հիասթափություն։ Այժմ հարկավոր է որոշակի ժամանակ, որ և՛ քաղաքական վերնախավը, և՛ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին ամբողջական պատկերացում կազմեն, թե ինչ կարող էր տեղի ունենալ, որ տեղի չունեցավ, որից հետո արդեն սառը տրամաբանությամբ, անկախ նրանից, թե ինչ կկատարվի մոտակա օրերին, բոլորը կտեսնեն, որ, ըստ էության, ամեն ինչ այնքան էլ դրամատիկ չէ, ինչքան այսօր երևում է։ Եվ ինչպես ասում էր էական չէ, թե ով՝ դեռ կգան ՄԵՐՈՆՔ ու կմտնեն համաշխարհային ՍՈՎՆԱՐԿՈՄ։

Հարցազրույցը՝ Ժաննա Արթուրի

Աղբյուրը՝ «evdu.am»

Այս խորագրի վերջին նյութերը