Լրահոս

08.10.2009 18:37


Սփյուռքահայ երիտասարդները շարունակում են հացադուլը

Հայ-թուրքական արձանագրությունների կասեցման արշավի շրջանակներում Լոս Անջելոսում հայտարարված երիտասարդական հացադուլը շարունակվում է։ Սփյուռքի «Ասպարէզ» պարբերականի փոխանցմամբ, երեկ երեկոյան հարյուրավոր մարդիկ են միացել Գլենդելում Հայաստանի հյուպատոսարանի դիմաց հացադուլի նստած 34 հայ երիտասարդներին՝ հայրենասիրական երգերով ու կոչերով ոգևորելով նրանց ու իրենց զորակցությունը հայտնելով։

 «Մենք այստեղ ենք, որպեսզի մեր կոչը Հայաստանի հյուպատոսարանը լսելի դարձնի Հայաստանի կառավարությանը, չնայած երևում է նրանք հրաժարվում են սփյուռքին ականջալուր լինել այս հարցում»,-ասել է Վրեժ Բարսեղյանը, հացադուլավոր երիտասարդների խմբի ղեկավարը։

Հացադուլավորները նաև թռուցիկներ են տարածել՝ «կարդալ տողերի արանքում» անվանումով, որտեղ պարզ անգլերեն լեզվով բացատրում է հայ-թուրքական արձանագրությունների հնարավոր հետևանքները։ Հացադուլավոր երիտասարդները նաև ահազանգել են հյուպատոսարանին՝ բացատրելով, թե ինչու են դեմ արձանագրություններին և նույն ահազանգը հնչեցրել են նաև բոլոր անցորդների համար։

Նշենք, որ հացադուլը նախաձեռնվել է Հայաստանի երիտասարդական ֆեդերացիայի և «Stop the Protocols» արշավի կողմից։ Այն սկսվել է երկուշաբթի կեսգիշերին և տևելու է 96 ժամ՝ մինչև ուրբաթ կեսգիշեր, երբ և նախանշված է արձանագրության վավերացումը Հայաստանի արտգործնախարարության կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը