Մեկնաբանություն

26.02.2015 15:55


Քիչ էր մնում՝ Հրանուշն ասեր, որ Ճոյտի ֆիլմն էլ է ինքը նկարել

Քիչ էր մնում՝ Հրանուշն ասեր, որ Ճոյտի ֆիլմն էլ է ինքը նկարել

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի պարզաբանումները «ցնցող» էին:

Այն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրը թմբկահարելով՝ շատերն են փորձում սեփական «փիառն» անել, ակնհայտ է: Բայց տիկին նախարարը ինքնագովազդի առումով գերազանցեց բոլորին:

Պատասխանելով հարցին՝ Սփյուռքում գործող հանձնախմբերն ինչպե՞ս են նախապատրաստվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Հրանուշ Հակոբյանը կոմերիտական խանդավառությամբ սկսեց թվարկել միջոցառումները՝ դրանք բոլորը վերագրելով իրեն ու իր նախարարությանը: Կարճ ասած, հաջողացրեց պետական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագիրը «կարել իր վրայով»: Ավելին, համաշխարհային ընդգրկում ունեցող միջոցառումների ցանկը բարեհաջող կերպով հասցրեց «տեղավորել» սփյուռքյան համայնքների տարածքում եւ այդ մակարդակում:

Փաստորեն, քաղաքական, քարոզչական, տեղեկատվական, հրատարակչական, գիտական ու մշակութային ուղղվածություն ունեցող միջոցառումների ողջ ծանրությունը Հրանուշ Հակոբյանը հերոսաբար դրել է իր ու իր ղեկավարած անհասկանալի նախարարության ուսերին եւ վստահ քայլերով գնում է դեպի ապրիլի 24 եւ ավելի առաջ: Նրա խոսքից տպավորություն ստեղծվեց, թե «Հայ դատի» ճակատում բացի իրենից՝ ոչ ոք ոչինչ չի անում:

Զավեշտալի էր, իհարկե, Հրանուշ Հակոբյանի այն հայտարարությունը, երբ ոգեւորված ու ներշնչված բոլորիս տեղեկացրեց, թե Սփյուռքի հանձնախմբերն ընդունել են «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսը, եւ նաեւ ընդունել են անմոռուկ խորհրդանիշը:

Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, թե որքա՜ն մեծ աշխատանք է տարել տիկին նախարարը, որպեսզի Սփյուռքի հանձնախմբերն ընդունեն այդ կարգախոսն ու խորհրդանիշը: Դե լավ է: «Արի տուն» ծրագիրը ձախողելուց հետո գոնե լավ է, որ նրան հաջողվել է Սփյուռքին համոզել, որպեսզի ընդունեն հայտնի կարգախոսն ու խորհրդանիշը:

Հրանուշ Հակոբյանը խոսում էր ինչ-որ միջազգային գիտաժողովների ու համերգների, ֆորումների ու միջազգային լրատվամիջոցների հրապարակումների մասին։

«Չկա օր, որ Սփյուռքում գիտաժողովներ չկազմակերպվեն. արդեն իսկ իրենց հարգող համալսարանները գումարել եւ գումարում են միջազգային համաժողովներ, կլոր սեղաններ, այդ բոլորը մեր հանձնախմբերի ակտիվ աշխատանքի արդյունքն է», հայտարարեց նա՝ չնշելով եւ ոչ մի համալսարանի անուն:

Տիկին նախարարը խոսեց նաեւ «սիմֆոնիկ տարբեր նվագախմբերի» մասին, որոնք ապրիլի 24-ին համերգներով հանդես են գալու Երեւանում: Չենք կարող չհարցնել՝ տիկի՛ն Հակոբյան, այդ ի՞նչ սիմֆոնիկ նվագախմբերի մասին եք խոսում, գոնե մեկնումեկի անունը տվե՛ք՝ իմանանք: Եթե, իհարկե, գիտեք, ինչում խորապես կասկածում եմ:

Մի խոսքով, պետք է լուծարել բոլոր գերատեսչությունները եւ թողնել միայն Հրանուշի «կանտորան», ով «100-րդ տարելիցին» ընդառաջ՝ կամովին ստանձնել է միաժամանակ «Մայր Հայաստանի» եւ Սփյուռքի գլխավոր ակտիվիստի դերը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը