Լրահոս

29.11.2010 15:46


ԼՂՀ նախագահը հանդիպումներ է անցկացնում Փարիզում

Լոս Անջելեսում կայացած համազգային հեռուստամարաթոնի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ժամանել է Փարիզ:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 27-ին Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի հետ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին և նրա ղեկավարին՝ Եվրոպայում «Հեռախոսամարաթոն-2010»-ի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հանդիպման ժամանակ արծարծվել են նաև ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նոյեմբերի 28-ին ԼՂՀ նախագահը Փարիզում հանդիպում է ունեցել գործարար   և բարերար Վարդան Սիրմակեսի հետ:  Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Նույն օրը Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում Բակո Սահակյանը մասնակցել է կիրակնօրյա պատարագին, որը մատուցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:

Երկրի ղեկավարը մասնակցել է Ֆրանսահայ բժիշկների միության տարեկան հավաքին: Նախագահը երախտագիտություն է հայտնել ներկաներին՝ Արցախին մշտապես սատարելու համար, նշելով, որ միությունը կարևոր դեր ունի մեր հանրապետությունում բժշկության զարգացման գործում: Քննարկվել են նաև առողջապահության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը