Մեկնաբանություն

24.02.2015 02:00


«Օսկարը» փախչում է կյանքից

«Օսկարը» փախչում է կյանքից

Ափսոս: Անդրեյ Զվյագինցեւի «Լևիաթանն» «Օսկար» չստացավ:

Թեպետ ռուս ռեժիսորին 2014 թվականի ընթացքում «երես էին տվել» միջազգային շատ կինոփառատոններ՝ նրա ֆիլմին արժանին հատուցելով: Կաննի կինոփառատոնից մինչեւ «Ոսկե գլոբուս», բրիտանական կինոփառատոնից մինչեւ ռուսաստանյան Կինոակադեմիա Զվյագինցեւի «Լևիաթանին» պատվել են մոտ տասը մրցանակով:

Իսկ ահա «Օսկարի» մրցանակաբաշխության ժյուրին «Լևիաթանի» փոխարեն «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում նախապատվությունը տվեց լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկու «Իդա» ֆիլմին:

Մինչդեռ, հավանականությունը մեծ էր, որ «Օսկարի» կարժանանա «Լևիաթանը»:

Թվում էր՝ Զվյագինցեւի ֆիլմը քաղաքականացված «Օսկար» մրցանակաբաշխության համար բոլոր նախադրյալներն ապահովել էր, որպեսզի ընտրությունը կանգ առներ հենց իր վրա, սակայն այդ ամենը զանց առնվեց:

Տեսեք, անցած տարվա ընթացքում Զվյագինցեւի եւ «Լեւիաթանի» անունը բոլորի շուրթերին էր, Ռուսաստանում կատաղի գրոհը շարունակվում էր «հակառուսական» եւ «հակապուտինյան» ֆիլմի դեմ, ռուսական հասարակության տարբեր շերտեր ցասումնալից հայտարարություններով էին հանդես գալիս, զայրութը չէր զսպում ռուսական եկեղեցին: Վարձույթ չմտած՝ ֆիլմը ապօրինի ճանապարհով «սպրդել» էր համացանց, եւ այն հասցրել էր դիտել 4 միլիոն մարդ. սովորական հանդիսատեսին եւ մասնագետներին հիացրել է Զվյագինցեւի գրագիտությունն ու մինիմալիզմը, ռեժիսորի վարպետությունն ու հրաշալի դերասանական կազմը, եւ որ ամենակարեւորն է՝ քաղաքացիական համարձակությունն ու հանդգնությունը: Իսկ քննադատներից մեկը «Guardian»-ում գրել էր, որ այն «սթափ և ազդեցիկ ողբերգական դրամա է… և կրում է Հին կտակարանի ու Էլիա Կազանի ազդեցությունը»:

Ավելին՝ ՌԴ մշակույթի նախարարը բացահայտ հայտարարել էր, որ ֆիլմն իրեն դուր չի եկել, եւ նաեւ ակնարկել էր, որ այսուհետ պետությունը կմտածի, թե ում է պետք ֆինանսավորել: Թեպետ Վլադիմիր Մեդինսկին նաեւ նկատել էր. «Թող լինեն բոլոր ծաղիկները, սակայն պետությունն ինքը կորոշի, թե որն է արժանի պետական աջակցության»:

Ի դեպ, որքան էլ զարմանալի է, «Լեւիաթանը» նկարահանվել է ՌԴ մշակույթի նախարարության եւ Կինոյի պետական ֆոնդի աջակցությամբ:

Իսկապես, թվում էր, թե «Լեւիաթանի» հեղինակը օսկարակիր դառնալու բոլոր շանսերն ուներ: Ավաղ:

Տաղանդավոր ռեժիսորի ֆիլմին «Օսկարից» զրկելու պատճառները դեռ մեկնաբանությունների կարիք ունեն, եւ դրանք, անշուշտ, կլինեն:

Սակայն համարձակվեմ ինքս երկու վարկած առաջ քաշել:

Առաջին՝ չնայած ֆիլմի աննախադեպ հաջողությանը եւ համընդհանուր ջերմ ընդունելությանը՝ այնուհանդերձ, ՌԴ դեմ պատժամիջոցներ կիրառող Արեւմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, իր այս քայլով ցույց է տալիս, որ պատժամիջոցները չեն շրջանցում նաեւ ռուսական կինոն:

Երկրորդ.՝ չնայած Ռուսաստանում ֆիլմի դեմ ծայր առած ագրեսիվ արշավին (երբ նույնիսկ ոմանք պահանջեցին, որպեսզի «ազգի դավաճան» Զվյագինցեւը ծնկի գա Կարմիր հրապարակում եւ ներողություն խնդրի ռուս ժողովրդից)՝ այնուհանդերձ, այս տարվա հունվարին, առաջ անցնելով «Օսկարի» մրցանակաբաշխությունից եւ դրսեւորելով լայնախոհություն՝ ՌԴ Կինեմատոգրաֆիստների միությունը եւ Կինոակադեմիան Զվյագինցևին արժանացրին Ռուսաստանի «Ոսկե արծիվ» մրցանակին լավագույն ռեժիսուրայի համար (ֆիլմի երկու դերասանները նույնպես մրցանակակիրներ են):

«Օսկարի» կազմակերպիչների համար սա անսպասելի էր, քանի որ նրանք, հավանաբար, շատ կուզենային, որ Ռուսաստանում լիովին մերժված ու ռուսական կինոգործիչների, կինոքննադատների կողմից անվերապահորեն բոյկոտված ֆիլմին տային իրենց «Օսկարը»:

Ինչեւէ, մինչ «Օսկարի» մրցանակաբաշխությունը՝ շատ ավելի վաղ Անդրեյ Զվյագինցեւը հարցազրույցներից մեկում արդեն նշել էր, որ «Օսկարը» ոչինչ չի փոխելու իր կյանքում եւ գործունեության մեջ:

Իսկ ի՞նչ է պատկերված իր գոյությամբ մեծ աղմուկ բարձրացրած ֆիլմում:

Լեւիաթանը դիցաբանական կերպար է՝ ծովային հրեշ, որ հիշատակվում է Հին կտակարանում:

Ներկայացնելով ռուսական իրականությունը, փտած համակարգը (Ռուսաստանի փոքրիկ քաղաքներից մեկի օրինակով)՝ ռեժիսորն իշխանություն-եկեղեցի սիմբիոզը դիտարկում է որպես ծովային հրեշ, որը շատ հեշտությամբ խժռում, ոչնչացնում, սպանում է մարդուն, անհատին, քաղաքացուն։ Տվյալ դեպքում՝ Նիկոլային, որի ձեռքից տեղական իշխանիկը հոգեւորականի անթաքույց աջակցությամբ խլում է տունը, արհեստանոցը, հողը:

Որոշվել է՝ հիանալի վայրում, բոլոր առումներով շահեկան դիրքում գտնվող Նիկոլայի հայրական տունը պետք է քանդել եւ տեղում կառուցել եկեղեցի:

Տանտերը, կինը, որդին, Նիկոլայի բանակային ընկերը՝ Մոսկվայից ժամանած փաստաբանը, պայքարում են՝ թույլ չտալու համար անիրավ, անմարդկային որոշման իրականացումը: Ապարդյուն:

Ճարպոտ կերպարանքով ու գիտակցությամբ, լպիրշ ու նողկալի քաղաքապետն ու երեսպաշտ, ներքին ցինիզմը մի կերպ քողարկող հոգեւորականը, որոնց համար մարդու կյանքը գրոշի արժեք չունի, այս հանցավոր տանդեմն ուղղակի միջատի պես ճզմում են Կոլյային, կործանում նրա ընտանիքը: Կինը դավաճանում է ամուսնուն (ընկեր փաստաբանի հետ), ինչից հետո ինքնասպան է լինում: Քաղաքապետն իր դատախազ-դատավորներով փաստն օգտագործում է Կոլյայի դեմ, վերջինիս մեղադրում կնոջ սպանության մեջ եւ 15 տարով ազատազրկում: Իսկ քաղաքապետի դեմ կոմպրոմատների մեծ փաթեթով այդտեղ հայտնված փաստաբանին քաղաքապետի բանդան շան ծեծ է տալիս՝ քշելով քաղաքից (ի դեպ, ապօրինությունների մեջ թաղված քաղաքապետը մարդուն ոչնչացնելու ծրագիրը յուրայինների հետ մշակում եւ քննարկում է իր առանձնասենյակի պատից կախված Պուտինի նկարի ներքո):

Ծանոթ պատմություն է, ավելի քան իրական դրվագ՝ սոսկալի իրավիճակի մեջ հայտնված անզոր մարդու ողբերգություն, որ եղել է միշտ եւ ամենուր՝ անկախ վայրից ու ազգությունից:

Իշխանության եւ անհատի բախումը միշտ ավարտվում է վերջինիս պարտությամբ, եթե այդ անհատը միայնակ է: Եթե անհատի խնդիրն իրենը չի համարում հանրությունը, եթե նույն այդ հանրությունը մեկի դեմ գործադրված իշխանության բիրտ ուժը չի դիտարկում որպես մարտահրավեր իր դեմ, անհատը պարտվում է:

Զվյագինցեւի հայացքը մռայլ է, անհույս ու անելք. փոքրիկ քաղաքն ընկղմվել է հարբեցողության, ծուլության, կեղծիքի, անտարբերության տիղմի մեջ՝ իրականության հետ հաշտված, վախվորած, շարունակ հայհոյող, դեգրադացված բնակիչներով, որոնց, կարծես, լքում են բարոյականության եւ արժանապատվության վերջին փշրանքները:

Որքան էլ մռայլ, բայց սա է կյանքը, եւ ռեժիսորը չի ստել, չի փորձել գունազարդել իրականությունը, որտեղ մի կողմում ծովային հրեշն է, մյուս կողմում՝ հուսահատ ու բարոյալքված համայնքը:

Նման իրականության մեջ ծովային հրեշը կարող է անարգել բուլդոզերով տապալել մարդու տունը եւ տեղում կառուցել եկեղեցի: Այդպես էլ անում է:

Եվ արյան ու դժբախտության վրա վեր խոյացած եկեղեցու բացման ժամանակ էլ նույն այդ հոգեւորականն արդարություն, հույս ու սեր է քարոզում: Արգահատելի փարիսեցիություն:

Կարելի է համարել (այդպես են կարծում շատերը), որ Զվյագինցեւի հերոսները պարտված տեսակ են, ծովային հրեշին զոհ գնացող տեսակ, ներկայացված իրականությունն էլ տխուր ու սարսափելի է: Այո, դա չի կարելի ժխտել:

Բայց ռեժիսորն իր ֆիլմով հաստատապես ուղերձ է հղում հանդիսատեսին՝ պետք է փոխե՛լ այս իրականությունը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը