Լրահոս

29.11.2010 15:41


Աշխարհը կարող է հայտնվել անակնկալ իրավիճակում

Այսօր Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից հրապարակած Միագրացիայի մասին 2010թ. համաշխարհային զեկույցում նշվում է, որ Միգրացիայի համառ ու չդադարող տեմպերի արդյունքում աշխարհը կարող է հայտնվել անակնկալ իրավիճակում, եթե պետությունները, միջազգային կազմակերպություններն ու քաղաքացիական հասարակությունը համատեղ չաշխատեն' ներդրումներ կատարելու արձագանքման կարողությունների ուղղությամբ:

«Միգրացիայի ապագան. կարողությունների ձևավորում փոփոխությունների համար» վերնագրի ներքո հրապարակված զեկույցը ներկայացնում է, որ մերօրյա աշխարհում, որտեղ ժողովրդագրական, տնտեսական կարիքները ու շրջակա միջավայրի փոփոխությունները հանգեցրել են միջազգային միգրացիայի անխուսափելի աճի, պետություններին, ոչ պետական կառույցներին չի մնում ոչ այլ ինչ, քան ներդնել համարժեք ֆինանսական ու կադրային ռեսուրսներ, որպեսզի պետությունների, հասարակությունների և միգրանտների համար ապագայում դրսևորվի միգրացիայի ողջ ներուժը:

Թեպետ տարեկան հարյուրավոր միլիոնների հասնող դոլարներ են ծախսվում միգրացիայի արդյունավետ կառավարման հարցերում պետությունների կարողությունների ամրապնդման ուղղությամբ, սակայն զեկույցը նշում է, որ ներկայիս և ձևավորվող միգրացիոն խնդիրներին ու հնարավորություններին ուղղված արձագանքը սովորաբար կարճաժամկետ է, մասնակի կամ անհավասարաչափ: Սա խորը ազդեցություն է թողնում մարդկանց տեղաշարժի, սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ընդ որում ինչ-որ կերպ ներգործում է ամեն մի երկրի վրա:

«Եթե չգործարկվի միգրացիայի հետ կապված համապատասխան քաղաքականություն ու գործի չդրվեն համարժեք ռեսուրսներ, ապա կկորցնենք համաշխարհային այս երևույթի հետ կապված պատմական հնարավորությունը, - ասում է ՄՄԿ Գլխավոր տնօրեն Վիլյան Լեյսի Սվինգը , - Հաշվի առնելով միգրացիայի չդադարող տեմպերը, պետությունների հնարավորությունը, որ թույլ է տալիս միգրացիայի բացասական կողմերը վերածել դրականի, արագորեն կրճատվում է»:

Եթե միջազգային միգրանտների թիվը, որ 2010թ. կազմել է 214 միլիոն, շարունակի աճել նույն տեմպերով, ինչ վերջին 20 տարիների ընթացքում, ապա 2050թ. կկազմի 405 միլիոն:

Այս կտրուկ աճի պատճառներից մեկը կլինի զարգացող երկրներում աշխատուժի զգալի աճը, որը 2005թ. կազմում էր 2.4 միլիարդ մարդ, իսկ 2040թ.-ին կհասնի 3,6 միլիարդի' շեշտադրելով աշխատանքի առաջարկի ու պահանջարկի համաշխարհային անհամապատասխանությունը: Ապագայում միգրացիոն միտումների վրա ազդեցություն կունենան նաև շրջակա միջավայրի փոփոխությունները:

Արդեն կան ապացույցներ նոր միգրացիոն օրինաչափությունների վերաբերյալ: Օրինակ' Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի նորահայտ տնտեսությունները այսօր առավել քան երբևէ դարձել են կարևորագույն նպատակակետ աշխատանքային միգրանտների համար' շեշտադրելով հարավ-հարավ տեղաշարժի ավելացումը և այն անհրաժեշտությունը, որ այդ երկրներն ավելին պետք է ներդնեն միգրացիոն կառավարման ու քաղաքականության ուղղությամբ:

Անկանոն միգրանտների թիվը կշարունակի աճել, քանի դեռ աշխատանքի առաջարկը միգրաանտների ծագման երկրներում գերազանցում է պահանջարկը միգրանտներին ընդունող երկրներում, իսկ օրինական միգրացիայի ուղիները մնում են ավելի շատ որպես բացառություն, քան բնականոն ուղի:

Զեկույցն առանձնացնում է անկանոն միգրացիայի նորահայտ օրինաչափությունները, մասնավորապես' առանց մեծահասակի ուղեկցության անչափահասների, ապաստան հայցողների, թրաֆիքինգի (մարդկանց անօրինական փոխադրումների) զոհերի թվի աճը, ինչպես նաև շրջակա միջավայրի ու կլիմայի փոփոխության ազդեցությունների հետևանքով այլ վայրերում հանգրվան փնտրողների թվի ավելացումը, բայց ներկայումս նրանց համար շատ քիչ միջազգային պաշտպանություն է ապահովվում: Այս խմբերն ավելի մեծ մարտահրավերներ կստեղծեն այն պետությունների ու հասարակությունների համար, որոնք ներկայումս ջանում են մարդասիրական եղանակներով կարգավորել այդ հարցը:

«Անկասկած է, որ եթե միգրացիոն հարցերում էական ներդրումներ չլինեն, ապա այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք են միգրանտների համար մարդու իրավունքների ապահովումը կամ նրանց ինտեգրումը հասարակությանը, ավելի կսրվեն, - ավելացնում է Սվինգը, - Միգրացիայի ուղղությամբ ներդրումների կատարումն ու պլանավորումը կօգնի բարելավել հասարկական ընկալումը միգրանտների վերաբերյալ, որն հատկապես վնասվել էր ներկայիս տնտեսական անկման արդյունքում: Այն նաև կօգնի նվազեցնել քաղաքական ճնշումները կառավարությունների վրա' միգրացիայի արձագանքման կարճաժամկետ միջոցների մշակման համար»:

Տնտեսական ճգնաժամի լույսի ներքո զեկույցն առանձնացնում է, որ միգրատների ընդհանուր թիվը մնացել է կայուն, քանի որ համեմատաբար քիչ միգրանտներ են վերադարձել տուն' չնայած գործազրկությունն անդրադարձել է նրանց վրա: Արդյունքում 2009թ. ընթացքում զարգացող երկրներ կատարվող դրամական փոխանցումները նվազել են 6%-ով, չնայած 2008 և 2009թթ. ավելացել են դրամական փոխանցումները դեպի Բանգլադեշ, Պակիստան և Ֆիլիպիններ:

Զեկույցը որպես առաջիկա տարիների ընթացքում խոշորագույն փոխակերպումների ենթարկվելիք ոլորտներ առանձնացնում է աշխատանքի շարժունությունը, անկանոն միգրացիան, միգրացիան և զարգացումը, ինտեգրումը, շրջակա միջավայրի փոփությունները և միգրացիոն կառավարումը:

Յուրաքանչյուր թեմատիկ գլուխ առանձնացնում է 10-ը հիմնական ոլորտներ, որտեղ պահանջվում են ավելի շատ ներդրումներ ու քաղաքականության պլանավորում: Օրինակ' շրջակա միջավայրի հետ կապված միգրացիային առնչվող առանցքային հարցերը ներառում են ներքին տեղահանման  մասին ազգային օրենսդրության ու կանոնակարգերի բարելավումը որպես առաջին քայլ, քանի որ այս փոփոխությունների արդյունքում տեղահանված անձինք հակված են տեղաշարժվել իրենց երկրի ներսում:

Այլ առաջարկների թվում են անկանոն միգրացիայի և աշխատանքի շուկաների մասին տվյալների ապահովման բարելավումը, պայքարը միգրանտների անօրինական սահմանահատումների և մարդկանց անօրինական փոխադրումների (թրաֆիքինգի) դեմ և անկանոն միգրանտներին աջակցելու հարցում տարանցիկ երկրների կարողությունների բարելավումը:

Միգրացիայի մասին 2010թ. զեկույցը կոչ է անում մանրակրկիտ կերպով վերլուծել միգրացիայի կառավարման ասպարեզում երկրների հիմնական կարողությունները, որպեսզի գնահատվեն դրանց արդյունավետությունը, վերհանվեն բացերն ու նախանշվեն ապագա գերակայությունները:

Այս խորագրի վերջին նյութերը