Հարցազրույց

21.02.2015 09:42


Ռոման Գրիշենին. «Եթե թվում է՝ մտնում է փակուղի, անհրաժեշտ է նորից փորձել պայմանավորվել»

Ռոման Գրիշենին. «Եթե թվում է՝ մտնում է փակուղի, անհրաժեշտ է նորից փորձել պայմանավորվել»

Հարցազրույց Ա. Մ. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ռոման Գրիշենինի հետ

–Ինչպե՞ս կգնահատեք հայ–ռուսական հարաբերություններն ամբողջապես և Գյումրիում հունվարյան իրադարձությունների համապատկերին՝ մասնավորապես։

–Ցանկանում եմ ասել, որ ռուս–հայկական հարաբերություններն ավանդապես միշտ լավ են եղել։ Ես վստահ եմ, որ այդպիսին էլ մնացել են։ Մենք ունենք ընդհանուր պատմություն, մենք նաև ունենք այն 20 տարիները, որոնց ընթացքում Ռուսաստանն ու Հայաստանն առավել քիչ են համագործակցել, քան մինչ այդ։ Ես չեմ կարող ողբերգական իրադարձությունները, որոնք կատարվել են հունվարին, պատահար անվանել։ Դա ողբերգություն է, որի համար ես խոր ցավ եմ ապրում, և ինձ համար չափազանց տհաճ է, որ դա պատահել է։ Ես կարծում եմ, որ ռուս–հայկական հարաբերությունների վրա դա չի ազդի։ Միանշանակ, անհրաժեշտ է ողբերգության անկողմնակալ հետաքննություն անցկացնել և արժանի փոխգործակցություն ապահովել հայկական և ռուսական քննչական և դատական մարմինների միջև։

–Ձեր կարծիքով ո՞ր երկրի տարածքում պետք է իրականացվի Վալերի Պերմյակովի գործով դատը, և ո՞ր երկրի տարածքում նա պետք է կրի իր պատիժը։

–Չեմ հանդիսանում միջազգային և սահմանադրական իրավունքի մասնագետ, բայց որպես մարդ և ՌԴ քաղաքացի՝ կարծում եմ, որ դատը պետք է տեղի ունենա հանցագործության կատարման վայրում։ Անշուշտ, դա իմ անձնական կարծիքն է, բայց որպես ռուսական ոչ առևտրային կառույցի ներկայացուցիչ՝ ես կարծում եմ նաև, որ դատի անցկացման վայրը որոշելիս պետք է հաշվի առնվեն միջազգային պայմանագրերը և ՌԴ ու ՀՀ սահմանադրությունները։

–Հայաստանը դարձել է ԵՏՄ անդամ։ Ինչպե՞ս դա կազդի կամ արդյոք կազդի՞ ՀՀ և ՌԴ առավել սերտ համագործակցության վրա ՀԱՊԿ–ում։

–Կարծում եմ, որ ռուս և հայ ժողովուրդները, չնայած հարաբերությունների փոքր–ինչ սառեցմանը վերջին 20 տարիներին, եղել են և շարունակում են «պորտալարով» կապված մնալ։ Անշուշտ, մենք եղբայրական ժողովուրդներ ենք, և ես վստահ եմ, որ մենք հիանալի ընդհանուր ապագա կունենանք։ Վստահ եմ նաև, որ գործընկերությունը և ցանկացած համագործակցություն պետք է հիմնվեն առաջին հերթին փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահի վրա։ Սակայն համագործակցության հիմք պետք է լինեն շատ լավ եղբայրական հարաբերություններ ժողովուրդների միջև։

–Ի՞նչ նկատի ունեք «հարաբերությունների փոքր–ինչ սառեցում» ասելով։

–Ամեն դեպքում, մենք փոքր–ինչ հեռացել ենք իրարից մշակութային առումով։ Ժամանակին՝ 80-ականների վերջին, հայերի՝ Հայաստանի քաղաքացիների 89 տոկոսը հավասարապես խոսում էր երկու լեզվով։ Այժմ մենք մեծ ցավով տեսնում ենք, որ հայ երիտասարդների թիվը, որոնք գիտեն, ազատ տիրապետում են ռուսերենին, զգալիորեն կրճատվել է։ Անկասկած, դա ցավալի է, բայց, մյուս կողմից, դա պետք է նաև ցավալի լինի հայերի համար, քանզի մենք որպես Գորչակով հիմնադրամի՝ ռուսական «փափուկ» ուժի գործիք (չեմ սիրում այդ բառը, բայց եկեք գործածենք հանրաճանաչ եզրույթներ)՝ ցանկանում ենք ներկայացնել Ռուսաստանն արտերկրում և այստեղ՝ Հայաստանում՝ որպես ՌԴ առավելությունների և թերությունների ամբողջության քաղաքակրթական ծրագիր։ Մենք, անշուշտ, բազում խնդիրներ ունենք, որոնց հետ անհրաժեշտ է պայքարել, սակայն, այնուամենայնիվ, առկա են բազում արժանիքներ, որոնք անհրաժեշտ է օգտագործել համատեղ։ Մասնավորապես, հիմա Ռոսսոտրուդնիչեստվայի ներկայացուցչությունը Հայաստանի ներկայացուցիչների համար նաև Ռուսաստանի բուհերում սովորելու կրթական ծրագիր է մտցնում։ Ես կարծում եմ, որ դա հիանալի գաղափար է, և անհրաժեշտ է ՌԴ–ն ներկայացնել նաև որպես երիտասարդներին մասնագիտական առումով սոցիալական վերելակի հնարավորություն տրամադրող երկիր։ Առաջին հերթին ռուսերենով կրթություն ստանալու համար անհրաժեշտ են բավականին լուրջ հիմնարար գիտելիքներ, ռուսերենի իմացության բարձր մակարդակ։ Ցավոք, Հայաստանում այժմ չկան այդպիսի հնարավորություններ, որոնք առկա էին 25 տարի առաջ։ Այնուամենայնիվ, դա նույնպես անհրաժեշտ է հաղթահարել։ Եթե խոսենք «Ռուսական աշխարհ» հիմնադրամի հետ համագործակցության մասին, ապա մենք միասին կփորձենք այնպես անել, որ ռուսաց լեզուն և ռուսական մշակույթը նույնքան հարազատ դառնան հայ ժողովրդին, որքան եղել են ոչ վաղ անցյալում։

–Դուք նշեցիք, որ նվազել է քաղաքացիների՝ ռուսերենի իմացության մակարդակը Հայաստանում, բայց չեք կարծո՞ւմ, որ դա նորմալ երևույթ է, առավել ևս՝ Հայաստանի անկախացումից հետո։

–Ես պարզապես կարծում եմ, որ Հայաստանում բավականին երկար ժամանակ գործում են արտասահմանյան, առաջին հերթին՝ արևմտյան օտարերկրյա կազմակերպություններ, և դրանք, ինչպես արդիական է խոսել սոցիալական վերելակների մասին, իրականում ցույց տվեցին հայ երիտասարդերին սոցիալական վերելակների հնարավորությունն Արևելքում։ Այժմ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ ՀՀ երիտասարդ քաղաքացիների համար առավել բաց են դարձել սոցիալական վերելակները Ռուսաստանում։ Անշուշտ, շատ ուրախ կլինենք Ռուսաստանի առաջատար բուհերում տեսնելու երիտասարդ հայերին, և կհամարձակվեմ վստահեցնել՝ այնտեղ կրթական մակարդակը գրեթե չի տարբերվում Արևմուտքի առաջատար կրթօջախների մակարդակից։

–Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում են ՀԱՊԿ անդամ–պետություններ։ Բացի այդ, Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ռազմավարական դաշնակից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջան ռուսական հարձակողական զենքի մատակարարումը։

–Գիտեք, ես ցանկանում եմ ասել, որ Ռուսաստանի Դաշնության, ռուսական պետության պատմությունը խոր արմատներ ունի. Ռուսաստանի ողջ պատմությունը վկայում է այն մասին, որ մենք երբեք ոչ մի անգամ հետ չենք կանգնել մեր դաշնակցային պարտքը կատարելուց։ Ես կարծում եմ, որ այն մարդկանց տրամաբանությունը, որ եթե ՌԴ–ն Ադրբեջանին զենք չմատակարարեր, ապա այդ բացը կլրացնեին այլ մատակարարներ, ճշմարիտ է։ Ես շեշտը չէի դնի դրա վրա՝ մատակարարվո՞ւմ է զենք, թե ոչ, հիմնական խնդիրը, որը ես տեսնում եմ, հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։ Ես վստահ եմ, որ ռուսական Գորչակովի հիմնադրամը կանի ամեն հնարավորն իր հերթին, որ տեսանելի ապագայում մեր սերունդները դառնան այն բանի ականատեսը, որ բոլոր տարածքային և այլ խնդիրները, որոնք խոչընդոտում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, հանվեն օրակարգից։ Սրա հետ կապված՝ ցանկանում եմ նաև ավելացնել, մեջբերել ակադեմիկ Պրիմակովին, որը խոսում էր Աբխազիայի և Վրաստանի միջև հարաբերությունների կարգավորումից։ Նա ասել է, որ կարևորն այն է, որ մարդիկ պետք է միշտ պայմանավորվեն, նույնը պետք է անեն նաև պետությունները։ Անպայման պետք է սկսել բանակցային գործընթաց։ Անգամ եթե թվում է՝ մտնում է փակուղի, անհրաժեշտ է նորից փորձել պայմանավորվել, և բոլոր հարցերը պետք է լուծվեն ոչ թե մարտի դաշտում զենքով, այլ բանակցությունների սեղանի շուրջ։

Հարցազրույցը վարեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը