Լրահոս

08.10.2009 11:03


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. hոկտեմբերի 7-ին հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Կուշներին: Այս տարվա ընթացքում դա նախարարների երկրորդ հանդիպումն էր:

Նախարարներ Նալբանդյանն ու Կուշները, բարձր գնահատելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորված բարեկամական, սերտ փոխհարաբերությունները, կարեւորեցին երկու երկրների միջեւ համակողմանի համագործակցության զարգացման ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը:

Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունների եւ դրանց զարգացման հեռանկարների շուրջ:

Զրուցակիցները քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը' որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Էդվարդ Նալբանդյանն ու Բեռնար Կուշները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այդ ենթատեքստում նախարար Կուշները, ողջունելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացը, հույս հայտնեց, որ առաջիկայում այն կունենա շոշափելի արդյունքներ:

Հանդիպումից առաջ Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագիր:

Այդ համաձայնագիրը ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման ճանապարհի առաջին քայլն է:

Այնուհետեւ, Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Հանդիպմանը քննարկվեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք գոհունակություն հայտնվեց հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Զրուցակիցները քննարկեցին հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ Ֆրանսիայի Նախագահի մշտական ուշադրության եւ ցուցաբերվող աջակցության, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման գործընթացներում Ֆրանսիայի կառուցողական դերակատարության համար:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 32-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է առաջիկա երկու տարիներին կազմակերպության կողմից իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը:

Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ծավալուն ելույթով, որում անդրադարձավ Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ փոխգործակցությանը, մշակութային ժառանգության պահպանման գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերակատարությանը:

Այս խորագրի վերջին նյութերը