Լրահոս

07.10.2009 18:10


Գյուլը հրավիրել է օտարազգի պատմաբաններին միանալ Ցեղասպանության ուսումնասիրման հանձնաժողովին

Գյուլը հրավիրել է օտարազգի պատմաբաններին միանալ Ցեղասպանության ուսումնասիրման հանձնաժողովին

Ֆրանս Պրեսի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը երեքշաբթի օրը՝ Ֆրանսիա կատարելիք պաշտոնական այցելության նախօրեին, կոչ է արել օտարազգի պատմաբաններին միանալ Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած հայկական ջարդերի ուսումնասիրման հանձնաժողովի աշխատանքներին։

«Ամեն տեսակի պնդումներ կան մեկ դար առաջ տեղի ունեցածի շուրջ։ Հասկանալի է, որ մարդիկ, ովքեր չգիտեն՝ ինչ է տեղի ունեցել, ի վիճակի չեն որոշումներ կայացնել այս հարցում,-ասել է Գյուլը, ապա հավելել,-մենք հույս ունենք, որ պատմաբաններն ու հնագետները կուսումնասիրեն այս հարցը, և մենք պատրաստ ենք հանձնաժողովի եզրակացություններն ընդունել։ Որպեսզի ապացուցենք մեր մտադրության անկեղծությունը, մենք նույնիսկ հայտարարում ենք, որ եթե երրորդ կողմի մի երկիր հետաքրքրված է այս հարցում, օրինակ, եթե կան ֆրանսիացի պատմաբաններ, որոնք ցանկություն ունեն մասնակցություն ցուցաբերել հանձնաժողովի աշխատանքներին, մենք միայն կողջունենք» ։

Ֆրանս Պրեսը մեջբերել է նաև «The Wall Street Journal»-ին տված Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հարցազրույցից, ով ավելի վաղ հայտարարել էր, որ արձանագրությունները կվավերացվեն շաբաթ օրը։ Հոդվածագիրը նաև հավելում է, որ պաշտոնական Երևանը վերջին հայտարարությունը դեռ չի հաստատել, ինչպես նաև հիշեցնում է, որ «Ցեղասպանության ուսումնասիրման հանձնաժողովը» հանդիսանում է հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատաման և սահմանների բացման նպատակով նախաստորագրված արձանագրությունների առանցքային կետերից մեկը։ 

Այս խորագրի վերջին նյութերը