Հարցազրույց

18.02.2015 14:45


Ուորլիք. «Խաղաղության բանալիները նախագահների ձեռքերում են»

Ուորլիք. «Խաղաղության բանալիները նախագահների ձեռքերում են»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը բացառիկ հարցազրույց է տվել «Արցախպրես» լրատվական գործակալությանը.

–Պարո՛ն Ուորլիք, հայտնի է, որ անցած տարվանից ի վեր շփման գծի երկայնքով արձանագրվել է լարվածության աճ, ինչը զգալիորեն վտանգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Տեսնո՞ւմ եք արդյոք հայտարարություններից բացի՝ որևէ գործնական մեխանիզմ, որը կարող է նպաստել իրավիճակի կայունացմանը:

–Անցած տարվա ընթացքում շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով լարվածության աճը վտանգում է ոչ միայն համանախագահների միջնորդական ջանքերը, այլև նախագահների հանձնառությունը իրենց ժողովուրդների առջև՝ լուծելու ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք կարող են նվազեցնել ոչ դիտավորյալ պատահարների հավանականությունը հակամարտության գոտում, և մենք սատարում ենք դրանց իրականացումը՝ ուղղված տեղում իրավիճակի կայունացմանը: Համանախագահները հակամարտության կողմեր ին ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք այժմ քննարկվում են տարածաշրջան մեր այցի ընթացքում:

–Համանախագահներն այժմ գտնվում են տարածաշրջանում: Կա՞ որևէ կոնկրետ առաջարկ, որը քննարկվելու է բոլոր երեք կողմերի հանդիպումների ընթացքում:

–Նախ և առաջ, մենք կողմերի հետ խոսում ենք տարածաշրջանին սպառնացող վերջին լարվածության ու բռնության մասին: Բռնության շարունակման պայմաններում չի կարող առաջընթաց լինել դիվանագիտական հարթությունում: Մենք նաև բարձրացնում ենք նախագահների հանդիպումների վերականգնման անհրաժեշտության հարցը, ում ձեռքերում են գտնվում խաղաղության բանալիները: Բացի դրանից, կարևորում ենք տևական կարգավորման վերաբերյալ համապարփակ բանակցությունների սկսումը: Չափազանց կարևոր է ունենալ կայուն բանակցային գործընթաց, որը կարող է բերել խաղաղության մասին համաձայնագրի:

–Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի՝ Դուք նշել եք, որ Աստրախանի հռչակագրի համաձայն՝ Ադրբեջանի երկու քաղաքացիների (որոնք դատապարտվել են ծանր հանցագործությունների համար) փոխանցումն Ադրբեջանին կլինի կարևոր մարդասիրական քայլ, որը կարող է նպաստել լարվածության նվազեցմանը և կողմերի միջև վստահության հաստատմանը: Արդյոք կարծո՞ւմ եք, որ Աստրախանի հռչակագիրը կիրառելի է հանցագործների պարագայում, և այս հանցագործությունների անպատժելիության հանգամանքը չի խորացնի Ադրբեջանում ամենաթողության կեղծ զգացումը, ինչը տեղի ունեցավ Ռամիլ Սաֆարովի դեպքում:

–Նախկինում կողմերը, որպես մարդասիրական քայլ՝ հիմնականում ճանապարհ գտել են՝ վերադարձնելու բանտարկյալներին: Ներկայիս այս աստիճանի լարվածության պայմաններում, նման մարդասիրական մոտեցումը կարող է խթանել բանակցությունների համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծմանը:

–1997 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի ուղղակի և լիիրավ կողմ չի եղել: Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարբեր առիթներով հայտարարել են, որ ղարաբաղյան կողմը շուտով կրկին կընդգրկվի ուղիղ բանակցություններում: Չե՞ք կարծում, որ տվյալ իրավիճակում բանակցությունների նախկին՝ եռակողմ ձևաչափի վերականգնումը վճռորոշ դեր կունենա դրանց առաջընթացի համար:

–Ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը: Կողմերի համար առաջին քայլն այն է, որ նրանք արտահայտեն իրենց պատրաստակամությունը՝ սկսելու նման բանակցություններ:

Մանրամասները՝ «Արցախպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը