Լրահոս

07.10.2009 15:35


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմասնակցե՞ն հայ–թուրքական արձանագրությունների ստորագրմանը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկություն է հայտնել, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը մասնակցեն նաև ղարաբաղյան հակամարտության լուծմանն օժանդակող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ «The Wall Street Journal» թերթին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ֆորմալ կապված չեն։ Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ Թուրքիան սահմանի բացման և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները կստորագրի շաբաթ օրը՝ հոկտեմբերի 10-ին, եթե մինչ այդ ժամկետը Երևանից ոչ մի խոչընդոտ չլինի։

-Մեր արտգործնախարարը պատրաստվում է ստորագրել այդ համաձայնագիրը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հոկտեմբերի 10-ին, եթե այս պահից մինչև հոկտեմբերի 10-ը հայերի կողմից հակադարձում չլինի։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում այս համաձայնության ստորագրման հետ կապված, որովհետև ինչպես արդեն գիտի ողջ աշխարհը և ինչպես մենք շուտով նորից կտեսնենք, մենք միշտ մեր խոստումներին հավատարիմ ենք մնում։ Այդ պատճառով, քանի դեռ տեքստում փոփոխություններ չեն եղել, մենք պատրաստ ենք ստորագրել համաձայնագրերն այն տեսքով, ինչպես դրանք կան հիմա,-ասել է Էրդողանը։

-Մենք նույնպես կցանկանայինք տեսնել Մինսկի խմբին որպես վկա այդ համաձայնագրի ստորագրմանը, և եթե ֆրանսիացիները չգան, հավանական է, որ կգան ամերիկացիներն ու ռուսները,-ասել է Թուրքիայի վարչապետը։

Էրդողանի խոսքերով՝ պայմանավորվածությունները, որոնք ծրագրվում է ստորագրել հոկտեմբերի 10-ին, ոչ մի ընդհանրություն չունեն նրա հետ, ինչ տեղի է ունենալու Մոլդովայում, որտեղ այս  շաբաթվա վերջին ԱՊՀ երկրների գագաթաժողովի ժամանակ ծրագրված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս ամենով հանդերձ, Թուրքիայի վարչապետն աել է, որ Մոլդովայում հանդիպման դրական զարգացումը, իհարկե, դրական կազդի ամբողջ գործընթացի վրա։

Քննարկելով այն հանգամանքները, որոնք կարող են տեսականորեն բացասաբար ազդել Երևանի դիրքորոշման վրա՝ կապված հայ-թուրքական արձանագրությունների հետ՝ Էրդողանն ուշադրություն է դարձրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղևորության վրա։ Եվրոպայում և ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանը հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, և նրանցից շատերը դեմ են արտահայտվել Թուրքիայի հետ նախաստորագրված արձանագրություններին։

-Երբ նախագահ Սարգսյանը գտնվում էր արտասահմանյան ուղևորության մեջ, բախվեց Հայկական սփյուռքի արձագանքի հետ։ Դրա համար ծայրահեղ կարևոր է այն, թե ինչպես նա կարձագանքի դրան։ Եթե կլինի հաստատակամ, և եթե Հայաստանի կառավարությունը, այլ ոչ թե Հայկական սփյուռքն է որոշում Հայաստանի քաղաքականությունը, ապա կարող ենք առաջ ընթանալ։ Ինչ վերաբերում է մեզ, ապա խնդիր չկա։ Բայց Հայաստանի կառավարության որոշելու խնդիրն է,-ասել է Թուրքիայի վարչապետը։

Ըստ «РИА Новости»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը