Մեկնաբանություն

17.02.2015 03:55


Ծառուկյան–Սարգսյան դիմակայություն. նախնական արդյունքներ

Ծառուկյան–Սարգսյան դիմակայություն. նախնական արդյունքներ

ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը քաղաքական դաշտի փոփոխությունների համար կատալիզատորի դեր կատարեց: Սարգսյանը հարձակման անցավ և փորձեց կարճ ժամանակում կուլակաթափության միջոցով ոչնչացնել ընդդիմադիր դաշտը: Սակայն այս պահին կարելի է փաստել, որ նա հիմնականում ձախողել է իր նախաձեռնությունը:

Փորձենք ավելի կոնկրետ արձանագրել հարձակումները, որպեսզի ավելի պարզ լինի այս պահի արդյունքները:

Սկիզբ ենք ընդունում ՀՀԿ խորհրդի նիստը, որը հանդիսացավ կոշտ դիմակայության հայտարարման սկիզբը: Սարգսյանն իր ելույթով ցածր կանգնեց իր զբաղեցրած պաշտոնից ու քաղաքակրթական սկզբունքներից: Նա չկարողացավ հանրային աջակցություն ստանալ իր գործողությունների համար: Ավելին՝ հանրությունը շատ բացասական ընդունեց Սարգսյանի ելույթը:

Սերժ Սարգսյանի ելույթին հաջորդեց Գագիկ Ծառուկյանի պատասխանը, որտեղ վերջինս քաղաքական մակարդակում պատասխանեց Սարգսյանի ելույթին:

Ի տարբերություն Սարգսյանի ելույթի՝ Ծառուկյանի ելույթը հանրության կողմից հիմնականում դրական գնահատվեց: Արդյունքում առաջին հարձակումից հետո Սարգսյանը ժամեր անց կորցրեց այն թվացյալ առավելությունը, որը առաջացել էր ՀՀԿ խորհրդի նիստից հետո։

Հաջորդ հարձակման փորձը եղավ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը: Կիրակի երեկոյան իշխանությունը անուղղակի ինֆորմացիոն կենտրոններով լուր տարածեց, որ ցանկանում է երկուշաբթի օրը Ծառուկյանին զրկել մանդատից: Սակայն ԲՀԿ-ի շտապ նիստը ինչպես նաև դրան հաջորդած քաղաքական հայտարարությունները ստիպեցին իշխանություններին այս պահին զերծ մնալ այդ գործընթացից:

Փետրվարի 12-ի Սերժ Սարգսյանի ելույթից հետո նաև իշխանական լրատվամիջոցները սկսեցին ինֆորմացիա տարածել, որ ԲՀԿ-ի որոշ անդամները դուրս կգան կուսակցությունից: Դրան ի պատասխան ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանը, ում մասին ևս նման լուր էին տարածել, հայտարարեց, որ ոչ միայն դուրս չի գալիս ԲՀԿ-ից այլ ամեն ինչ անելու է չարիքի իշխանությունից ազատվելու համար:

Միայն փետրվարի 16-ին Արագած Ախոյանը և Կարո Կարապետյանը հայտարարեցին, որ դուրս են գալիս ԲՀԿ-ից: Փաստացի Սարգսյանն այս պահին միայն երկու պատգամավոր է կարողացել անցկացնել իր կողմը: Այս առումով ևս կարող ենք փաստել, որ մեծ մասով Սարգսյանը ձախողել է: Հատկապես որ այդ պատգամավորների վարքագիծը կանխատեսելի էր ԲՀԿ–ի համար։

ԲՀԿ-ի վերնախավը կազմաքանդելու հարցում ձախողելու պատճառով Սարգսյանը ոստիկանների միջոցով հարձակման անցավ ԲՀԿ տարածքային կառույցների ու ակտիվիստների վրա: Իրականում այս գործընթացում ևս Սարգսյանը հաջողության հասնելու քիչ ռեսուրս ունի:

Փետրվարի 16-ին հրապարակային խոսքով հանդես է եկել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ասել է, որ ցանկացած գործողություն ԲՀԿ ղեկավարի դեմ բոլորի կողմից հիմա կգնահատվի որպես քաղաքական հետապնդում, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից: Նա նաև նշել է, որ ԲՀԿ-ին ու ընդհանրապես՝ ընդդիմությանը բառացիորեն մղում են կազմակերպել մասսայական փողոցային գործողություններ, որոնց հետևանքներն անկանխատեսելի են: Ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատև ճգնաժամ:

Փետրվարի 12-ից Սարգսյանի սկսած գրեթե բոլոր խոշոր հարձակումները ձախողել են, այս պահին գրանցած ոչ մի հաջողություն չունի: Ավելին՝ նա ընդդիմադիր դաշտը ավելի է մոբիլիզացրել իր դեմ:

Փաստացի կարող ենք արձանագրել, որ Սարգսյանին չհաջողվեց բլից կրիգի միջոցով հաղթանակ տանել: Ավելին նա այս պահին որևիցե լուրջ հաջողություն չի գրանցել, իսկ դա նշանակում է, որ ահագին նվազեցրել է հետագա հաղթանակների հնարավորությունը:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը