Մեկնաբանություն

16.02.2015 09:45


Հայրենիքը վաղուց է վերածվել կրկեսի

Հայրենիքը վաղուց է վերածվել կրկեսի

Ուրեմն, ասում է՝ կրկեսի վերածելու հայրենիք չունենք:

Հայրենիքը վաղուց է կրկեսի վերածվել: Անցած տարիներին կրկեսային տեսարանների պակաս չի զգացվել, ու յուրաքանչյուր կրկեսային «համարից» հետո հանրությունն ուժգին հռհռացել է: Նաեւ՝ ամոթի զգացում ապրել:

Կրկեսային տեսարանների հանդիպել ենք Եռաբլուրից մինչեւ Հանրապետության հրապարակ, Մելիք-Ադամյան փողոցից մինչեւ խորհրդարան ու Կառավարություն, ԵԽԽՎ–ից մինչեւ մարզեր: Ամենուր, որտեղ երեւացել են Սերժ Սարգսյանն ու նրա կուսակիցները, նորից ու նորից համոզվել ենք, որ հայրենիքը սարքել են կրկես: Այնպիսի կրկես, որին անգամ կնախանձեր Օլեգ Պոպովը:

«Էկել ես ստեղ, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»,- Եռաբլուրում արած Սերժ Սարգսյանի հայտարարությունն ի՞նչ է, եթե ոչ կրկեսային արենային սազական դրվագ:

Առանց տեքստի խոսող ՀՀԿ առաջնորդի ցանկացած հայտարարություն բուֆոնադային «արժեք» է: Վերջինը՝ «Իյա՜, իրո՞ք»: Իսկ դրանից առաջ տարբեր վայրերում եւ տարբեր ժամանակներում նրա հնչեցրած ցանկացած նախադասություն դարձել է կրկեսին հարմար «թեւավոր խոսք», որ մինչ օրս ամենահեգնական երանգով հիշում ու կրկնում են բոլորը:

Մենք տեսել ենք նաեւ «սմերտելնի նոմերներ», երբ «փուչիկ Կարենի» կազմակերպած հերթական միջոցառման ժամանակ տարածքը՝ երկինքն ու գետինը, բոցավառվում էին: Առաջին անգամ Հանրապետության հրապարակում տեսանք այդ «սմերտելնի նոմերը»: Բա սա կրկես չէ՞, այն էլ՝ նախընտրական կրկես:

Նույն շրջանում ՀՀԿ-ական տիկինների անպարագիծ քծնանքն ու ասմունքը առաջնորդի առաջ եւ բոցավառ խոսքը՝ Չեբուռաշկայի ճառի մեջբերումով, ի՞նչ են, եթե ոչ կրկես: Իսկական կրկեսային միջավայր ու մթնոլորտ էր ստեղծվել այդ նախընտրական հանդիպումների ժամանակ՝ «Մովսես առաջնորդն է գալիս»՝ տրագիկոմիկական արարի ցուցադրությամբ հավելված:

Երբ «Սյունյաց արծիվը», նկատի ունենալով Սերժ Սարգսյանին, բղավում էր՝ «Նա արեւածագն է», սրանից տպավորիչ կրկես որտե՞ղ կգտնեք: Ոչ մի տեղ, միայն մեր հայրենիքում:

Հայրենիքը կրկեսի է վերածվել այն պահից, երբ տեսանք, թե ինչպիսի կադրային քաղաքականություն է իրականացնում Սերժ Սարգսյանը: Մեկը, ճիշտ է, կրկեսային ապաշնորհ արտիստ էր, բայց պատմում էր, թե ինչպես պետք է լվանալ կովերի պտուկները, հաջորդ պահին էլ՝ «Բարո՜վ եկար, սիրո՛ւն կռունկ» երգելով՝ չաշխատող բիոզուգարաններ էր տեղադրում հայրենիքում ու բաց չէր թողնում ոչ մի մեռելոց՝ ձեռքի հետ օֆշորագիտությամբ զբաղվելով:

Սրանից փայլուն կրկեսային համար որտե՞ղ եք տեսել: Այդ «արտիստը» նաեւ հանդես էր գալիս ֆոկուսնիկի դերում. որքան ավելացնում էր արտաքին պարտքը, այնքան արագ քայքայվում էր տնտեսությունը: Էդ ֆոկուսնիկը կրկեսի տնօրենի հետ մինչ օրս այդպես էլ չի բացատրել «հանդիսատեսին», թե դրսից եկած գումարներն ուր են անհետացել: Մեծագույն աճպարարներն ու խեղկատակները միայն մեր՝ կրկեսի վերածված հայրենիքում են գործում՝ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Հաջորդ կադրի թշիկներին էին քաշքշում Ցյուրիխում, մյուս կադրը մինչեւ հիմա էլ մնաց կարմիրշորտիկավոր, գիտակցությամբ՝ շորտիկավոր, ով սառցեջրով դույլը գլխին լցնելով՝ հանրակրթական ոլորտն է տնօրինում: «Սմերտելնի նոմերների» շարքից է նաեւ Լիսկայի վերանշանակումը: Ի դեպ, Լիսկային ամեն անգամ Մելիք-Ադամյանի գրասենյակի մոտ տեսնելիս ՀՀԿ տատին սիրատոչոր բղավում է՝ «Մեռնեեե՜մ արեւիդ»: Ի՞նչ վատ կրկեսային համար է, որ… Հիանալի է…

Ո՞ր մեկին հիշես. երկրի երկրորդ դեմքն ամեն օր իր «գալուստերենով» զվարճացնում է հանրությանը: Այն մյուս կադրը խաչեղբայր է կարգվում ու բանակը թողած՝ տերտերի շորերով իրեն է ցուցադրում եկեղեցում: Այս ամենը տեղավորվում է կրկեսային ծրագրի մեջ. մեկը մյուսից գրոտեսկային համարներ են:

Շա՜տ դրվագներ կարելի է հիշել, որոնք ամբողջացնում են պատկերը՝ հավաստելով, որ հայրենիքը վաղուց է վերածվել կրկեսի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը