Լրահոս

29.01.2011 09:30


Իրանական քաղաքական շաբաթ

Իրանական ներքաղաքական խմորումները հանգեցրին նրան, որ արդեն գործադիրի ղեկավար Ահմադինեժադը ուղղակի բարձրաձայնեց իր ղեկավարած կառավարության ծրագրերը խոչընդոտողների անունները:

Արտաքին քաղաքական անցուդարձերում, սակայն, կրկին Իրանի միջուկային ծրագրերի շուրջ զարգացումներն էին' ստամբուլյան բանակցությունների շրջանակներում:

***

Ներքաղաքական "դիմառնության" ձեւային ու բովանդակային պատկերն այժմ այնպիսին է, որ հակառակ անցյալին' նախագահ Ահմադինեժադը բացեիբաց հայտարարում է իր գլխավորած կառավարության տնտեսական թե քաղաքական ծրագրերի հակառակորդների անունները, որոնք ոչ այլ ոք են, քան երկրի ու պետության կարեւորագույն ատյաններն ու կառույցները գլխավորողները.-

ա - Օրենսդիր իշխանության (խորհրդարան) խոսնակ Ալի Լարիջանի

բ - Դատական իշխանության նախագահ Սադեղ Լարիջանի (առաջինի եղբայրը եւ ուղղակիորեն հոգեւոր առաջնորդի նշանակածը),

գ - Ու վերջապես նախագահի դասական հակառակորդ համարվող (Ահմադինեժադի առաջին շրջանի նախագահական ընտրությունների մրցակից թեկնածու) եւ խորհրդարանի ու Պահապան խորհրդի միջեւ օրենսդրական տարակարծություններն վերահսկող-լուծող պետական կարեւոր ատյան հանդիսացող "երկրի ու համակարգի նպատակահարմարությունը ճշտորոշող ժողովի", ինչպես եւ "Բանիմացների ժողով"-ի (հոգեւոր-կրօնականներով համալրված) նախագահ Հաշեմի Ռաֆսանջանի...

Այս վերջինի դեմ, սակայն, կառավարամետների վերջին ամիսների ընթացքում հարձակումները' իրեն ուղղակիորեն եւ անուղղակի' իր զավակների գործունեությունները պախարակելու ճամփով, երեւի հունից հանեց հանրահայտ ու հեղինակավոր դեմքին, որն էլ դեռ հունվարի սկզբներին բաց նամակով հակադարձեց կառավարամետ ծայրահեղականներին, վերջիններիս վերագրելով "հոգեւոր խավին ու հայտնի կրոնավորներին վարկաբեկելու" վտանգավորությունը...

Գործադիրի տնտեսական (բանկային) ու հասարակա-քաղաքական բուն քաղաքականությանն ու ծրագրերին, սակայն, օրենսդրական թե դատական դրսեւորումների տեսքով ընդդիմացողներն էին նաեւ նույնինքը' խորհրդարանը, որն մշտապես էլ արգելակող ուժ է հանդիսացել կառավարությանը' տարբեր օրենքների մշակման գործում, ինչպես եւ' դատական ատյանը, որն ըստ Ահմադինեժադի' ներգրավված է եղել այն հարցերում, որոնք առնչակից չեն եղել տվյալ ոլորտին: Օրինակ' Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնազրկման կամ նշանակման հանգամանքները:

Հատկանշականը, սակայն, պետական համակարգում հակոտնյա դրսեւորումների այսպես ասած' "դիրքավորումներն" են. մեկ կողմից' օրենսդիր, դատական եւ Ռաֆսանջանիի գլխավորած վերոնշյալ կառույցներն են, իսկ մյուս կողմում' ողջ գործադիր համակարգն ու արմատական-կառավարամետ հակումներով հայտնի' այաթօլլահ Ջաննաթիի գլխավորած "Սահմանադրական օրենքի Պահապան խորհուրդ"-ը, որն իր հերթին լիազորված է վավերացնել կամ չվավերացնել խորհրդարանի ընդունած օրենքները, որի դեպքում էլ միջամտում է Ռաֆսանջանիի գլխավորած ատյանը' "Համակարգի նպատակահարմարությունն ճշտորոշող ժողովը": Իսկ եթե վարչա-իրավական կամ կրոնական (շարիաթ) հարթությանց վրա տարակարծություններն ինքնին անվիճարկելի լուծման են հանգում, այդպես չի կարելի ասել եռյակ ուժերի միջեւ քաղաքական հաշվարկներով պայմանավորված տարակարծությունների դեպքում: Ահավասիկ, այդ վերջին տարաձայնությունները թվում է, թե հենց այդպիսի երանգ են ընդունել, քանզի խորքում 2009-ի նախագահական հետընտրական գործընթացների ազդեցությունն են կրում, հատկապես այաթ. Ռաֆսանջանիի մասով, որով էլ փորձեր են կատարվում նրան ընդմիշտ հեռացնել երկրի քաղաքական բեմից, ինչպես որ նույն թվականից ի վեր մեկուսացված է "Ուրբաթօրյա կրոնա-քաղաքական" աղոթապետական հանգամանքից:

Ինչեւէ, նախագահ Ահմադինեժադի ինչպես միշտ համարձակ քայլը' քննադատական նամակով խորհրդարանին դիմելն ու թվարկած բարձրաձայնումները, չեն կարող վրիպել հոգեւոր առաջնորդի ուշադրությունից, որով էլ նա հաստատապես իր գործառույթից իսկ մղված' միջնորդական-վերջնագրային խոսքն ու հորդորն է կատարելու տարամետ ու հակոտնյա ուժերին, հատկապես, որ երկիրն ու համակարգը նախապատրաստվում են 1979-ի Իսլամական հեղափոխության հաղթանակի 32-րդ տարեդարձի տոնակատարություններին:

* * *

Իրանի ներքաղաքական իրադարձությունները, սակայն, երբեւէ իրենց այնպես զգացնել չեն տալիս, որպեսզի արտաքին քաղաքական ոլորտում ու մասնավորապես պետական-ազգային անվտանգության սկզբունքները խախտվեն:

Այսպես' ստամբուլյան միջուկային թեժ բանակցություններին զուգահեռ' Աբու Դաբիում դիվանագիտական պայքարում մեծ հաղթանակ ապահովեց նույնինքը խորհրդարանի խոսնակ Լարիջանին' Էմիրությունների իր "գործընկերների" նկատմամբ, երբ վերջիններս իբր կանխորոշել էին իրենց հյուրընկալությամբ կայացող "Իսլամական խորհրդարանների վեհաժողովի" ընթացքում վերարծարծել "եռյակ կղզիների" (Մեծ Թոնբ, Փոքր Թոնբ  եւ Աբու Մուսա կղզիներ, որոնց պատկանելությունը անիրավացիորեն իրեն է վերագրում ԱՄԷ-ն) վիճահարույց խնդիրը եւ փորձ անել' նեղը դնել իրանական պատվիրակությանը: Մի բան, որ հենց սաղմում տապալվեց Լարիջանիի կողմից, դեռեւս մինչեւ Աբու Դաբի մեկնելը, որի արդյունքում' Քուվեյթի ու Կատարի պատվիրակներն իսկ Էմիրություններին հետ պահեցին հերթական արկածախնդրությունից ու անհեթեթություն թույլ տալուց...

Գալով ստամբուլյան հայտնի հանդիպմանը, որին ներգրավված էին "5+1" խումբը ղեկավարող Եվրոմիության արտաքին հարցերի պաշտոնակատար Քեթրին Էշթոնը եւ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար, միջուկային հարցերի բանագնաց Սաիդ Ջալիլին, պետք է փաստել, որ բանակցային եռօրյա հանդիպումների առաջին երկու օրերին հակառակ' բացասական ու ձախորդ ընթացք ընդունեց ու այդպիսով էլ ապարդյուն ավարտվեց 3-րդ օրը: Դա, անշուշտ, պայմանավորված էր նրանով, որ "5+1"-ի գլխավոր բանագնաց Էշթոնը "առաջարկեց" իրանական պատվիրակությանը, որպեսզի առանձին բանակցություններ իրականացնի "5+1" խմբի մեջ ներառված ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վիլիամ Բըրնզի հետ, մասնավորապես երաշխիքներ տալու համար "ուրանի հարստացման ու փոխանակման" թեմայով, որն ինչ խոսք' միանշանակ մերժվեց Ջալիլիի կողմից, քանզի ըստ նրա' նախատեսված չի եղել առանձին ձեւաչափերով հանդիպում, որն էլ հենց բավարար հիմք տվեց Էշթոնին, որ բանակցությունների ավարտին հայտարարի դրանց ապարդյունության մասին... Իրանական կողմը, սակայն, այդ կեցվածքը բնութագրեց որպես "փախցրած կարեւոր առիթ"' ապացուցելով եւս մեկ անգամ, որ Իրանը երբեւիցէ չի նահանջելու իր օրինական, խաղաղասիրական միջուկային տեխնոլոգիայի ձեռքբերման իրավունքից, նույնիսկ բանակցային գործընթացները անորոշ թվականի հետաձգվելու գնով: Բանակցություններ, որոնց էլ մշտապես պատրաստ է եղել իրանական կողմը' առանց նախապայմանների ու երկակի ստանդարտների կիրառման եւ որ կարեւոր է' ի հեճուկս տնտեսական թե քաղաքական շրջափակումների ու բոյկոտների սպառնալիքների, որոնք առատորեն բարձրաձայնվեցին հետստամբուլյան բանակցություններին'  Ֆրանսիայի,  Գերմանիայի,  ԱՄՆ-ի, Անգլիայի եւ ....նույնիսկ Շվեյցարիայի կողմից:

 Դերենիկ Մելիքյան

«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը