Մեկնաբանություն

15.02.2015 10:15


Ինչպես ազատվել չարիքի իշխանությունից

Ինչպես ազատվել չարիքի իշխանությունից

Արդեն երրորդ օրն է հանրությունը քմծիծաղով հետեւում է իշխանական ճամբարում տիրող աննախադեպ իրարանցմանը:

Սերժ Սարգսյանի հրահանգով հանրապետականները, գործադիր եւ օրենսդիր իշխանությունները բան ու գործը թողած՝ զբաղված են Գագիկ Ծառուկյանի մասով հանձնարարականների կատարմամբ:

Կատարյալ զավեշտ: Գործող իշխանությունը վերջապես անելիք ու զբաղմունք է գտել:

Դե, հասկանալի է՝ տնտեսական, սոցիալական խնդիրներով զբաղվելու եւ դրանք լուծելու համար մեծ ջանքեր ու անձնուրաց աշխատանք է պահանջվում, ինչին իշխանությունը ոչ միայն սովոր չէ, այլեւ ունակ չէ գլուխ հանելու այդ խնդիրներից, որոնք առաջացել են իր իսկ ապաշնորհ գործունեության հետեւանքով:

Այնպես, որ Սերժ Սարգսյանը հիանալի ու հեշտ զբաղմունք է գտել, ինչը առժամանակ պարտակում է իշխանության անգործությունը:

ՀՀԿ-ականները ոչ միայն չեն լռում, այլեւ նրանցից յուրաքանչյուրն արդեն «երկրորդ կռուգն» է տալիս՝ ԲՀԿ առաջնորդի հասցեին հերթական անհեթեթ ու տգեղ բառակապակցությունները շաղ տալու համար:

Այնպիսի տպավորություն է, որ ՀՀԿ խորհրդի դահլիճում հավաքված մի 200 մասնակիցները պարտադիր պետք է խոսեն Ծառուկյանի դեմ: ՀՀԿ առաջնորդն ընդդեմ Ծառուկյանի իր խայտառակ ելույթով նաեւ յուրօրինակ տեստ է անցկացնում կուսակցության վերնախավի համար՝ փորձելով պարզել, թե ով է իրեն հավատարիմ, ով՝ ոչ: Բնականաբար, այդ նիստի մասնակիցները պետք է հերթ կանգնեին՝ առաջնորդի «ծրագրային» ելույթի բոլոր նախադասությունները հրապարակավ կրկնելու համար:

Ողորմելի վիճակ է: Բաղրամյան 26-ից ուշի-ուշով հետեւում են հանրապետականների ակտիվությանը, բոլորին առել են մանրադիտակի տակ եւ ուշադիր նայում են՝ հո մեկնումեկը գլուխ չի՞ պահում՝ Ծառուկյանի դեմ խոսելու հարցում:

Դե, ՀՀԿ-ականներն էլ ինքնամոռաց խոսում են՝ փորձելով շեֆին ապացուցել, որ հավատարիմ են նրան: Սա՛ է ՀՀԿ առաջնորդի արժեհամակարգը, ով հավատարմության ցուցիչ է համարում «յուրայինների» կողմից իր քաղաքական հակառակորդի հասցեին ափեռ-ցփեռ դուրս տալը:

Իսկ օրենսդիր մարմնին էլ լծել է Ծառուկյանին մանդատից զրկելու գործին: Ընդ որում, օրենքը խախտելու ճանապարհով, քանի որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարի բացակայությունները ժամանակին հարգելի են համարվել: Բայց հիմա խախտելով օրենքը, դրանք պետք է համարեն «անհարգելի»:

Ողջ ԱԺ ղեկավարությունը արդեն մի քանի գիշեր է լուսացնում, որ կարողանա … օրենքը խախտել ու Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից:

Մյուս կողմից էլ Կառավարությունն է աշխուժացել ու ոգեւորված լծվել է Ծառուկյանի եմ Սարգսյանի հանձնարարականների կատարմանը: Ազգային անվտանգության խորհրդի անդամի պաշտոնից ազատելուց հետո, Գագիկ Ծառուկյանին ազատեցին նաեւ Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի խորհրդի նախագահի պաշտոնից: Սա նույնպես խայտառակություն է, քանի որ այդ պաշտոնը ընտրովի է:

Ինչեւէ, հուսանք, որ Աշոտյանը ստիպված կլինի բյուջեի նկատմամբ սեփական ախորժակը զսպել եւ ֆինանսապես աջակցել այդ ինստիտուտում իրականացվող ծրագրերին, որը մինչ այս իրականացվում էր բացառապես Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցության շնորհիվ:

Իսկ Սերժ Սարգայանը, որ մոռացել էր ԱԱԽ-ի մասին (այդ կառույցը անհիշելի ժամանակներից նիստեր չի անում), այստեղ նիստ անցկացրեց, որի ժամանակ հայտարարեց. «Վերջին ժամանակներս ավելի են ընդգծվում առանձին անձանց օրակարգում տեղ գտած հարցերը քաղաքական գործընթացների շրջանակներից դուրս բերելու և դրանց այլ լուծումներ տալու մտադրություններն ու փորձերը: Մինչ օրս համապատասխան գործողություններին տրված գնահատականները և դրանց առթիվ կատարված վերլուծություններն առավելապես ունեցել են քաղաքական ուղղվածություն:

Կարծում եմ, որ այսօր ժամանակն է նման գործողությունները և դրանց հետ առնչվող երևույթները քննարկել նաև ազգային անվտանգության տեսանկյունից: Մեր խնդիրն է գնահատել, թե որքանով են առկա սպառնալիքները վտանգում անձի, հասարակության և պետության կենսականորեն կարևոր շահերը, ձևավորել ընդհանուր մոտեցում, թե ինչպիսին պետք է լինեն այդ սպառնալիքների չեզոքացման միջոցները»:

Ահա, այսպես:

Քաղաքական գործընթացներն էլ են այսուհետ դիտարկվելու ազգային անվտանգությանը սպառնացող երեւույթներ: Նայած, թե ինքն ինչպես կգնահատի դրանց ուղղվածությունը, ըստ այդմ էլ՝ կորոշի այդ գործընթացների նկատմամբ չեզոքացման միջոցներ գործադրել, թե ոչ:

Փաստորեն, ժողովրդի մեծամասնությունը կարող է դիտարկվել որպես սպառնալիք ազգային անվտանգությանը, քանի որ դեմ է գործող իշխանությանը եւ մասնակցում է քաղաքական գործընթացներին (հանրահավաք, երթ, անհնազանդության ցույց, բոյկոտ, հացադուլ եւ այլն):

Այս ամենը հաշվի առնելով՝ ևս մեկ անգամ ապացուցվում է, որ ճիշտ է ձևակերպել Գագիկ Ծառուկյանը՝ մասնավորապես նշելով. «Քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը` ազատվելու համար չարիքի այս իշխանությունից»։ Սա չարիքի իշխանությունից ազատվելու բանաձևն է։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը