Մեկնաբանություն

15.02.2015 10:00


Քաղաքական դաշտի խճանկարը

Քաղաքական դաշտի խճանկարը

ՀՀԿ ԳՄ-ի նիստում Սերժ Սարգսյանի ելույթը քաղաքական դաշտի փոփոխությունների համար կատալիզատորի դեր կատարեց: Սարգսյանն իր ելույթով արագացրեց վաղուց հանրաության կողմից հնչեցվող նրա հրաժարականի պահանջը:

Սարգսյանին թվում էր, թե մի ելույթով կկարողանա արագ կուլակաթափության գործը ավարտին հասցնել, և անցնել սահմանադրական փոփոխությունների` իր անձնական շահերի բխող ծրագրի իրականացմանը:

Իրականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Գագիկ Ծառուկյանի պատասխանը ոչ միայն ծանր վիճակի մեջ գցեց Սերժ Սարգսյանին, այլ նաև նրան հետ բերեց քաղաքական քննարկումների դաշտ: Փաստացի, երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնող մարդը չկարողացավ իրեն պահել քաղաքակրթական նորմերի շրջանակներում:

Երկար տարիներ կարծիք կար, որ Սարգսյանը ռազմավարության հարցում հմուտ է, ու կարող է հաշվարկած քայլեր կատարել: Սարգսյանի կառավարման տարիները հօդս ցնդեցրեցին իր մասին այդ միֆերը: Նախ 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Սարգսյանի հանրության հետ շփման արդյունքում բազմաթիվ «թևավոր» խոսքեր են շրջանառության մեջ դրվել: Բացի այդ՝ բոլոր ոլորտներում Սարգսյանի ձախողումները ցույց տվեցին, որ նա կառավարման գործում ամբողջովին թերանում է, որի արդյունքում գրեթե բոլոր ոլորտներում Հայաստանը հետընթաց գրանցեց:

Ներքին և արտաքին քաղաքականության ավանտյուրաները ցույց տվեցին, որ Սարգսյանը ադեկվատ չէ, և չի կարող իրավիճակին համարժեք վարքագիծ դրսևորել: ՀՀԿ ԳՄ-ի նիստում Սարգսյանի վերջինը ելույթը ևս վերը նշվածի ապացույցն էր: Ելույթի արդյունքում Սարգսյանը, չունենալով համապատասխան ռեսուրս, գնաց տոտալ պատերազմի ճանապարհով:

Սարգսյանը առանց սահմանադրական փոփոխություններ կատարելու երաշխիքների՝ գնաց է մի քայլի, որում հաղթանակից հետո կարող է հայտարարել սահմանադրական փոփոխությունների մասին: Իսկ առանց սահմանադրական փոփոխությունների՝ բուրգը թույլ է: Այսինքն, առանց թիկունքն ուժեղացնելու՝ մտնում է ճակատամարտի մեջ:

Բացի դրանից Սարգսյանի կառավարման երկրորդ փուլն է, որը նրա հիմնական թուլության պատճառն է: Առանց սահմանադրական փոփոխությունների և կառավարման երկրորդ փուլում գտնվող Սարգսյանի համար նման հայտարարությունով պայքարի մեջ մտնելը ամենասխալ որոշումն էր, որ հնարավոր էր կայացնել:

Ընդդիմության դաշտում իրավիճակը բոլոր առումներով գտնվում է շահեկան վիճակում: Նախ՝ հոկտեմբերի երկու հանրահավաքները ցույց տվեցին, որ ընդդիմադիր ուժերը հանրային մեծ աջակցություն ունեն:

Երկրորդը՝ ընդդիմադիր ուժերը ունեն գաղափարական, ֆինանսատնտեսական և մարդկային բավարար ռեսուրս և ենթակառուցվածքներ իշխանության դեմ պայքարելու համար: Նաև իշխանության գալու հայտը ուժեղացնում է ընդդիմության դիրքերը, այսինքն ընդդիմությունը պետական ապարատի համար ապագան հստակեցրել է, իսկ Սերժ Սարգսյանը ամեն ինչ թողել է նույն վիճակում ու դեռ մի բան էլ խորացրել է անորոշությունը:

Սարգսյանի ռեսուրսների թույլ կողմը նաև հանդիսանում է այն հանգամանքը, որ որոշակի փուլում այդ ռեսուրսները որևիցե իմաստ չեն ունենա: Օրինակ՝ 100 000 քաղաքացու մասնակցությամբ հանրահավաքը զրոյացնելու են Սարգսյանի մի շարք ռեսուրսներ: Ընդդիմադիր ուժերն ինչքան ավելի ակտիվ լինեն ու գործողությունների դիմեն, այնքան սահմանափակելու են Սարգսյանի ռեսուրսները:

Ընդդիմադիր ուժերի քաղաքական ռեսուրսները ավելանում են, միևնույն ժամանակ Սարգսյանի ռեսուրսները սկսում են նվազել: Այս կարևոր հանգամանքն է, որ Սարգսյանը չի հասկացել, ու գնացել է նման քայլի, և այդ ելույթով նա սկիզբ դրեց իր կառավարման շրջանի ավարտին:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը