Մեկնաբանություն

14.02.2015 17:40


Ելքը կանխորոշված է

Ելքը կանխորոշված է

Հայաստանում աննախադեպ ներքաղաքական իրավիճակ է: Երկրի իշխանությունը, միայն իր իսկ արձանագրած ցուցանիշներով, երբեք այսքան թույլ չի եղել: Ճիշտ հակառակը` մենք երբևէ չենք ունեցել, տարբեր ճանապարհներ անցած, մի շարք հարցերի վերաբերյալ տարակարծություններ ունեցող, բայց միավորված, ու ամենակարևորը` լուրջ ռեսուրսներ ունեցող այսպիսի ընդդիմություն և ամենակարևորը՝ փոփոխություններ պահանջող հասարակություն:

Ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանը նախահարձակ եղավ: Դա ճիշտ քայլ չէր։ Ավելին՝ դա սխալ էր։ Բայց նա միգուցե հաշվել է, որ այլընտրանք չունի։ կամ էլ մտածել է, որ հաճախորդների ու բորենիների այնքան բանակ ունի, որ կարող է գրոհել։ Բայց դե տեսանք, թե ինչ ստացվեց։

Գագիկ Ծառուկյանը բացեց փակագծերը` կուլիսային առևտուրը չաշխատեց: Սերժ Սարգսյանն անընդհատ ներկուլիսային ճանապարհով է լուծել իր դիրքերի ամրապնդման հարցը: Նա հաճախորդացրեց ում հնարավոր էր` հայտնի դեմքերից մինչև լրատվական դաշտի բավկանին մեծ հատված: Ում կամ ինչը «չդհոլացրեց»` սեփականաշնորհեց: Սա պակաս ռեսուրս չէ, բայց այն չաշխատեց: Մեկ պարզ պատճառով` ցանկացած արհեստական շատ արագ վերանում է:

ՀՀԿ նախագահին այլ բան չէր մնում` նա հարձակվեց: «Հավատարիմ թիմակիրներին» էլ հրահանգեց շարքում «մեկ-երկու» հաշվել:

«Կա՛մ հարցերը լուծվում են քաղաքակիրթ ճանապարհով, կա՛մ լինելու են անցանկալի զարգացումներ»,- ասում են հանրապետականները՝ «քաղաքակիրթի» տակ ակնհայտորեն այլ բան հասկանալով:

Քաղաքակիրթ ճանապարհով անցկալի զարգացումները լինելու են հենց իշխանությա՛ն համար: Դրանք արդեն սկսվել են: Բոլոր խաղաքարտերը բացված են: Բացի վաղուց ծակված դհոլներից Սերժ Սարգսյանի զինանոցում մնացել են միայն սուրիկխաչատրյանները, մեկ էլ՝ քաղաքական դաշտի զառամյալները: Իսկ դրանք առաջվանը չեն:

Հայաստանի բոլոր ժամանկների ամենաթույլ իշխանությունը դուրս եկավ երկրի բացարձակ մեծամասնության դեմ: Ելքը կանխորոշված է:

Մեծ է գայթակղությունը անդրադառնալ քաղաքական դաշտի տգետներին կամ «ինտելեկտուալներին», բայց դա կարվի հետո: Առավել ևս, որ համացանցն իր գործն անում է: Այլևս կարիք չկա նաև անդրադառնալ սահմանադրական փոփոխություններին: Արհեստական այս հարցն այլևս ջրված է: Սերժ Սարգսյանը բացահայտ հայտարարեց, թե ինչ է ցանկանում ու ինչի է գնում: Ստեղծված իրավիճում սահմանադրական փոփոխությունները «մեյդան բերելու» ցանկացած խոսք անհեթեթ է: Դու կա՛մ Սերժ Սարգսյանի հաճախորդն ես, կա՛մ նրա հեռնալու պահանջատերը:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը