Մեկնաբանություն

13.02.2015 15:26


Նեոբոլշևիկների հախուռն գրոհը

Նեոբոլշևիկների հախուռն գրոհը

Փետրվարի 12-ի ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթը պաշտոնապես հայտարարություն էր նեոբոլշևիկյան կարգերի հաստատման վերաբերյալ:

Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ ցանկանում է «կուլակաթափության» միջոցով գնալ իր իշխանության վերարտադրմանը: Սակայն պետք է փաստել, որ ելույթն ավելի շատ հուշում է, որ Սարգսյանը կորցրել է ադեկվատությունը, որովհետև քաղաքական ամենաբարձր մակարդակի ամբիոներից մեկում սկսել է խոսել անձնական վիրավորանքների լեզվով: Ելույթի տեքստը նաև հուշում է, որ Սարգսյանը հնարավորություն չունի հնչեցրած մտքերն իրականություն դարձնել, այդ իսկ պատճառով սպառնում է: Իրականում նման քաղաքական մտքերը ոչ թե ելույթով են մեկնարկում, այլ փորձում են իրականություն դարձնել, իսկ ընթացքում ելույթների միջոցով արդարացնում են կատարվածը:

Օրինակ՝ երբ Վլադիմիր Պուտինը ձերբակալեց Միխայիլ Խոդորկովսկուն, դրա մասին ոչ թե հայտարարեց, այլ ձերբակալեց, հետո իշխանությունը սկսեց բացատրել, թե ինչու են նման որոշում կայացրել: Ընդհանրապես, ավտորիտար ռեժիմներում քաղաքական ճնշումների մասին պաշտոնապես չեն հայտարարում, այլ ճնշումները կատարում են, եթե հետո կարիք է լինում, բացատրություններ են տալիս ճնշումների արդյունքների մասին:

Սարգսյանը լրիվ այլ ուղղությամբ է գնացել, որը հուշում է, որ նրա մոտ բացակայում են ամբողջական ճնշումների համար քաղաքական ռեսուրսները: Սա չի նշանակում, որ ընդհանրապես ճնշումներ չեն լինելու, կամ չի փորձելու հնչեցված մտքերն իրականություն դարձնել, սակայն մի բան պարզ է՝ Սարգսյանը դրա համար բավականաչափ ռեսուրս չունի, այդ իսկ պատճառով փորձում է հայտարարության միջոցով մեկնարկել:

Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Սարգսյանը առանց սահմանադրական փոփոխություններ կատարելու երաշխիքների՝ գնում է մի քայլի, որում հաղթանակից հետո կարող է հայտարարել սահմանադրական փոփոխությունների մասին: Իսկ առանց սահմանադրական փոփոխությունների՝ բուրգը թույլ է: Այսինքն, առանց թիկունքն ուժեղացնելու՝ մտնում է ճակատամարտի մեջ:

Իսկ ճակատամարտի ճակատը լայն է, ու մի քիչ խորանալու դեպքում մնալու է շրջափակման մեջ: Սա ևս խոսում է այն մասին, որ Սարգսյանի ռեսուրսները սահմանափակ են հաղթանակի համար:

Հետաքրքիր է, որ Սարգսյանն իրեն վստահ չի զգացել նաև սահմանադրական փոփոխությունների մեկնարկի մասին հայտարարելու համար:

Մի խոսքով, Սարգսյանը սահմանափակ ռեսուրսներով տոտալ պատերազմ է հայտարարել, որում նրա հաղթանակի հավանականությունը շատ քիչ է: Ավելին, նա այս քայլով մոբիլիզացնում է ընդդիմադիր դաշտն իր դեմ և արագացնում արտահերթ ընտրությունների պահանջով հանրահավաքների կազմակերպումը:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը