Մեկնաբանություն

13.02.2015 13:20


Մի բանում Սերժ Սարգսյանը միանգամայն ճիշտ է

Մի բանում Սերժ Սարգսյանը միանգամայն ճիշտ է

Երեկվա ելույթով Սերժ Սարգսյանը բացառապես բացահայտեց իրեն՝ նորովի: Ուրիշ ոչինչ: Իսկ ելույթի տեքստը…

Այնպիսի տպավորություն է, որ այն գրողները սև կատակ են խաղացել` առերևույթ Գագիկ Ծառուկյանին վիրավորող ու սպառնացող տողերում նկատի ունենալով լրիվ այլ մարդու:

Վերցրե՛ք Սերժ Սարգսյանի ելույթի ցանկացած հատված կամ արտահայտություն ու բարձր կարդացեք: Ո՞վ է առաջինը գալիս ձեր աչքի առաջ:

Ո՞վ է տարիներ շարունակ Հայաստանը խայտառակում միջազգային բոլոր հնարավոր տիրույթներում: Ո՞վ է այսօրվա մեր անեկդոտների գլխավոր հերոսը: Ո՞վ, գրագիտության հետ լուրջ խնդիրներ ունենալով հանդերձ, դարձավ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը` նախագահի նստվայրը դարձնելով բիզնես գրասենյակ: Ո՞ւմ տանել չի կարողանում Հայաստանի բացարձակ մեծամասնությունը: Ո՞ւմ պատճառով վերջին 7 տարվա ընթացքում տնտեսությունը խոշտանգվեց, աղքատությունը հասավ 40 տոկոսի, 300 հազարից ավելի մարդ արտագաղթեց: Ո՞ւմ իշխանության օրոք այսչափ լկտիացավ Ադրբեջանը:

«Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք»,- ասում է 10 մարդու կյանքի գնով իշխանության եկած մարդը, ով անուղղակի հաստատեց, որ վերջին աննախադեպ բռնությունների պատասխանատուն է:

«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»,-ասում է Սերժ Սարգսյանը: Ու միանգամից աչքիդ առաջ են գալիս նրա քաղաքական հաճախորդները` դհոլները: Կրկես չի, բա ի՞նչ է:

ՀՀԿ նախագահը մտավ անձնական վիրավորանքների տիրույթ: Նրա ելույթից հետո այս խիստ վտանգավոր ճահիճն անմիջապես նետվեցին նաև նրա «հավատարիմ թիմակիցները»: Եվ դա այն դեպքում, երբ մի քանի պարբերություն վերև կարդացվում էր իրական քաղաքական մշակույթի ձևավորման անհրաժեշտության մասին:

Սերժ Սարգսյանը սպառնում է՝ չհասկանալով, որ երեկվա կարդացած նրա յուրաքանչյուր տողը բացառապես ուղղվել է իր դեմ: Եթե կոռեկտությունից և այլ բարոյական չափանիշներից ելնելով մինչ այժմ չէին ներկայացվում իշխանության առաջին էշելոնի անցած ուղին, նրանց մարդկային ու մասնագիտական որակները, այն քստմնելի ճանապարհը, որը դարձել է կարիերա անելու միակ գրավական, երեկ դա պարտադրվեց անել:

Սերժ Սարգսյանը ոչ թե Ռուբիկոնը, այլ Լետան անցավ: Ու հետդարձի ճանապարհ այլևս չկա: Մի բանում նա միանգամայն ճիշտ է. «Սխալը պետք է ուղղել: Արագ, մինչև վերջ և հստակ: Այլևս որևէ մեկը կանգնելու կամ հապաղելու իրավունք չունի»:

Տարիներ ի վեր օդում կախված փաստերը պետք է վերջնականապես պատասխանատվության բերեն Հայաստանն այս օրին հասցրած բոլոր մեղավորներին:

Մի խոսքով, Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը որքան որ ապաքաղաքական էր, նույնքան դառնալու է քաղաքական գործընթացների կատալիզատոր:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը