Մեկնաբանություն

12.02.2015 13:31


Սերժ Սարգսյանն այսօր կհայտարարի՞ արտահերթ ընտրությունների վերաբերյալ իր որոշումը

Սերժ Սարգսյանն այսօր կհայտարարի՞ արտահերթ ընտրությունների վերաբերյալ իր որոշումը

Ոչիշխանական ուժերի ճնշման արդյունքում Սերժ Սարգսյանը երկու անգամ հետաձգեց սահմանադրական փոփոխությունների գնալու վերաբերյալ իր որոշումը:

Այսօր ՀՀԿ խորհրդի նիստում նա, ամենայն հավանականությամբ, դա կանի (համենայնդեպս, այդպիսի անոնս են անում «անկախ» լրատվամիջոցները):

Չի բացառվում, որ Հանրապետականի նախագահը հերթական անգամ հետաձգի իր իսկ վերարտադրվելու որոշումը բարձրաձայնելը, բայց արդեն հայտարարվել է, որ այսօր նա տալու է ԲՀԿ առաջնորդի նախաձեռնած համաժողովի շեշտադրումների և պահանջների պատասխանները: Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ նախագահը պետք է արձագանքի Հայաստանի բացարձակ մեծամասնության տեսակետներին ու պահանջներին:

Եթե, այնուհանդերձ, ասվի «Ինձ ոչինչ չի հետաքրքրում, ես պետք է հավերժ լինեմ իշխանության», նշանակում է՝ գործող նախագահը վերջնականապես անցավ Ռուբիկոնը: Այս պարագայում համաժողովրդական շարժման հետագա անելիքների մասին խոսելն ավելորդ է. արդեն իսկ հայտարարվել է, թե ինչ է տեղի ունենալու, եթե Սերժ Սարգսյանը չհրաժարվի վերարտադրվելու մտադրությունից:

«Եթե իշխանություններն, այնուհանդերձ, չլսեն հասարակության և քաղաքական ուժերի կարծիքը, և գնան հանրաքվեի, ապա վերջինիս անցկացման օրը պետք է հայտարարել ՈՉ-ի հանրաքվեի օր և սկսել շուրջօրյա համապետական ցույցեր` իշխանափոխության պահանջով»,- ասված է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովի արդյունքներով տարածված հաղորդագրության մեջ:

Եթե այսօր Սերժ Սարգսյանը հայտարարի սահմանադրական փոփոխություններ իրականացնելու իր որոշումը, դրանով նա փաստացի կգնա արտահերթ ընտրությունների, ինչը վատ չէ:

Բնականաբար, ՀՀԿ նախագահի հույսը սուրիկխաչատրյաններն են: Բայց նա չի կարող հաշվի չառնել այն իրողությունը, որ դուրս է գալիս երկրի առնվազն 80 տոկոսի դեմ: Իսկ այն արդեն առաջվանը չէ: Առաջվանը չէ շարունակվող «Ապահով Հայաստան» օպերացիայի պատճառով, ու տասնապատիկ անգամ առաջվանը չէ այդ 80 տոկոսի արդարացի պահանջին տեր կանգնած ուժերի և գործիչների առումով: Այսօր լրիվ այլ իրավիճակ է: Սերժ Սարգսյանը չի կարող դա չիմանալ: Այս պարագայում ամեն գնով վերատադրության գնալը նշանակում է ինքդ քեզ վերջնագիր ներկայացնել: Բայց դե, դա արդեն իր խնդիրն է։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը