Մեկնաբանություն

12.02.2015 10:00


Սարգսյանն օպերատիվ է Էրդողանի, բայց ոչ սպանվածների ծնողների նամակին պատասխանելիս (տեսանյութ)

Սարգսյանն օպերատիվ է Էրդողանի, բայց ոչ սպանվածների ծնողների նամակին պատասխանելիս (տեսանյութ)

Հերթական անգամ բռնության փաստ է արձանագրվել: Այս անգամ՝ նախագահական նստավայրի դիմաց: Ոստիկանները բռնություն են կիրառել, ոչ ավել, ոչ պակաս, բանակում խաղաղ պայմաններում սպանված զինվորների մայրերի նկատմամբ:

Համացանցում տարածված տեսանյութում պատկերված է այդ խայտառակ տեսարանը:

Սպանված զինվորների ծնողները, որոնց համբերությունը հատել է սպասելուց, որոշել էին խաղաղ ակցիա իրականացնել Բաղրամյան 26-ի դիմաց:

Այս մարդկանց Սերժ Սարգսյանը խաբում է արդեն 3 տարի: Հիշում եք՝ 2011–ին որդեկորույս մայրերի հետ Սերժ Սարգսյանը խոսեց նախագահական նստավայրի առջեւ, ճաղերի հետեւից, եւ հայտարարեց, թե ամենից շատ ինքն է ուզում, որ մեղավորները պատժվեն:

Սակայն մինչ օրս սայլը տեղից չի շարժվում:

2014-ի նոյեմբերին սպանված զինվորների ծնողները ստիպված են եղել նամակով դիմել Սերժ Սարգսյանին՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի: Հույս ունեին, թե անցած երեք ամիսներին նա կպատասխանի իրենց նամակին, կանդրադառնա իրենց խնդիրներին եւ, վերջապես, 2011-ին ճաղերի հետեւից տված խոստումը կկատարի:

Բայց Սերժ Սարգսյանն այդպես էլ անտեսել ու չի պատասխանել իրենց նամակին:

Այս մարդիկ տարիներով բողոքի ցույցեր են անում Կառավարության, ՀՀԿ գրասենյակի շենքերի դիմաց: Սակայն նրանց խնդիրները ոչ ոք լսել չի ուզում:

Եվ ահա նորից եկել էին նախագահական նստավայրի դիմաց: Սակայն ոստիկանները, նրանց ոտքերից ու ձեռքերից բռնած, բռնությամբ տեղափոխեցին դիմացի մայթ: Որդեկորույս մայրերից մեկը վատացավ, շտապ օգնություն կանչեցին: Մի խոսքով, ոստիկանները չափազանց կոպիտ ու անհարգալից վերաբերմունք դրսեւորեցին սեւազգեստ մայրերի նկատմամբ: Կարծես՝ այդ մի քանի կանայք պետք է նախագահական պալատը գնդակոծեին:

Վշտի մեջ կորած մարդիկ ընդամենը արդարություն են փնտրում եւ ուզում են իմանալ, թե ինչու է իրենց արհամարհում Սերժ Սարգսյանը: Իսկ վերջինս, ինչպես գիտեք, անցած երեք ամիսներին միայն օպերատիվ կարգով պատասխանել է Էրդողանի նամակին եւ անտեսել ու անտեսում է ոչ միայն բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողների, այլեւ շատ այլ բողոքավոր խմբերի նամակները, որոնք զարմանալիորեն դեռ հավատում են, թե Սերժ Սարգսյանը կլուծի իրենց հուզող խնդիրները:

Լուծելու փոխարեն նա, ոստիկանների օգնությամբ ու բռնություն գործադրելու միջոցով, մարդկանց քշում է դիմացի մայթ (կամ, լավագույն դեպքում, երեք տարին մեկ անգամ ճաղերի հետեւից սուտ խոստումներ է տաիս) եւ հարցերը համարում փակված: Բնականաբար, դրա դիմաց ստանալով անեծք ու նախատինք, ինչպես այսօր հնչեցրին սպանված զինվորների մայրերը:

Որդեկորույս մայրերի հանդեպ նման վայրագ գործողությունները պատկերող տեսանյութը դիտում ես ու մտածում՝ լավ, Սերժ Սարգսյանը չի կարողանում սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել, չի կարողանում աղքատության, արտագաղթի խնդիրները լուծել, չի կարողանում գործազրկության ու գնաճի խնդիրները լուծել:

Լավ, ենթադրենք՝ այդ հարցերը բարդ են, իսկ նամակներին պատասխանելն է՞լ է բարդ գործ:

Ստացվում է, որ դա էլ չի կարողանում անել:

Նրա մոտ շատ լավ է ստացվում միայն բռնություններով քաղաքացիների հետ «շփումը» կամ ճաղերի հետեւից մի երկու բառ ասելը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը