Հարցազրույց

11.02.2015 16:01


Փ. Հայրապետյան. «Եթե նախկին վարչապետն էր էդպիսին, կաթողիկոսն էլ էսպիսին կլինի, էլի»

Փ. Հայրապետյան. «Եթե նախկին վարչապետն էր էդպիսին, կաթողիկոսն էլ էսպիսին կլինի, էլի»

Հարցազրույց ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանի հետ

–Գաղտնազերծվել է Գարեգին Բ-ի շվեյցարական հաշվեհամարը։ Դուք էլ պնդում եք, որ տուժել եք Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի «օֆշորային» գործողություններից։ Այսպիսով, ի՞նչ պատկերացում կարելի է կազմել Հայաստանյայց Առաքելական եկեղեցում այժմ հաստատված բարքերի մասին։

–Հիմա բոլորն էլ հաշվեհամար ունեն. կապիտալիստական երկիր է, ով ինչ ուզում՝ անում է, ով որտեղ ուզում՝ գնում է։ Էնպիսի գործեր են դրանք անում, որ մենք չենք էլ կարող ասել։ Եթե նախկին վարչապետն էր էդպիսին, կաթողիկոսն էլ էսպիսին կլինի, էլի։ Տիգրան Սարգսյանն իմ ունեցածը տարել դրել է իր հաշվին, հետո դուրս է գրել ու իր համար տուն, մեքենա է առել։

–Ի դեպ, այսօր հրավիրված ասուլիսում «7օր»–ի հարցին ի պատասխան՝ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը հրաժարվել է մեկնաբանել «օֆշորային սկանդալը» և դրանում Կճոյանի ներգրավվածությունը։ Նման դիրքորոշումը ճի՞շտ եք համարում։

–Իհարկե, ճիշտ չի անում, որ չի մեկնաբանում։ Ճիշտ կլիներ, որ կաթողիկոսի խոսնակը մեկնաբաներ, ճիշտ կլիներ, որ Կճոյանն էդպիսի բան չաներ, ճիշտը նա կլիներ, որ նախկին վարչապետը նման բան չաներ։ Բայց դե, ի՞նչ կարող ես անել. մենք փոքր մարդ ենք, քաղաքացի էլ չենք համարվում, փոքր մարդիկ ենք իրենց համար։

–Ձեր հարցաքննությունների ժամանակ երբ պահանջում եք հարցաքննել նաև Տիգրան Սարգսյանին և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ի՞նչ են պատասխանում։

–Պահանջում եմ անընդհա՛տ, բայց ասում են՝ մենք իրավունք չունենք Տիգրան Սարգսյանին ու Կճոյանին հարցաքննության կանչելու. անձեռնմխելի են նրանք։ Պիտի հանրապետության նախագահը թույլատրի, ԱԺ–ն թույլատրի, որ դրանց կանչեն։ Հո դրանք էդքան հեշտ մարդի՞կ չեն. մեծ պաշտոն ունեն։ Անպատժելի են։

–Այդ դեպքում ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ձեր ունեցվածքը հետ բերելու համար։

–Դատարանը տեսնենք՝ ինչ է անում, հետո կբողոքարկեմ՝ ինչքան ատյան կա... բայց ո՞ւմ բողոքեմ, ախր։ Հանրապետության նախագահ է, հանրապետության վարչապետ է, հանրապետության հոգևորական է. ես ո՞ւմ կարող եմ բողոքել, ո՛չ մեկին։ Մենք ճանապարհ չունենք. է՛ս է մեր ճանապարհը։ Կասեն՝ չես ուզում՝ թող գնա, քեզ ո՞վ է խանգարում, դուրդ չի գալիս, գնա ուրիշ տեղ ապրի։ Բայց ես ո՞ւր գնամ. իմ ծնողների, իմ եղբոր, իմ երեխայի գերեզմանն էստեղ է, ես ո՞ւր գնամ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը