Մեկնաբանություն

11.02.2015 15:09


Ոստիկանները վտանգավոր «ռեցեդեւիստի» են բռնել՝ փրկելով իշխանության երկու պեչենին (տեսանյութ)

Ոստիկանները վտանգավոր «ռեցեդեւիստի» են բռնել՝ փրկելով իշխանության երկու պեչենին (տեսանյութ)

Համացանցում տարածված տեսանյութն իսկապես ցնցող է: Չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս:

Ճանապարհային ոստիկանները տաք հետքերով բռնում են մի թշվառ տղամարդու, ով փորձել է Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետից երկու պեչենի գողանալ:

Տեսարանն ապշեցուցիչ է: Նախ՝ ՃՈ հաղթանդամ ոստիկանն է բռնում գողին, նստեցնում ՃՈ մեքենան, հետո արագ հաղորդում է ծառայակիցներին, որոնք մի 7-8 հոգով (դարձյալ՝ պինդ ու հաղթանդամ) եւ երկու-երեք մեքենաներով վրա են հասնում, լղար տղամարդուն՝ ինչպես հազվագյուտ ռեցեդեվիստի՝ ՃՈ մեքենայից տեղափոխում եւ խոթում են ոստիկանական մեքենան: Մի արտակարգ իրավիճակ է ստեղծված: Բռնել են աշխարհի ամենախոշոր հանցագործին եւ ուժեղացված ռեժիմով տեղափոխում են ոստիկանության բաժին՝ կաթվածահար անելով Ամիրյան փողոցի երթեւեկությունը:

Նայում ես ու մտածում՝ Աստված իմ, ոստիկանությունն այս ինչ արագ ու օպերատիվ է գործում, եւ տաք-տաք հետքերով վնասազերծում է իշխանության երկու պեչենին գողանալ փորձող էս խեղճուկրակին:

Հայտնի է, որ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին:

Եվ ահա, հայրենի ոստիկանները ատամներով պաշտպանում են իշխանական երկու պեչենին՝ գործելով կայծակնային արագությամբ, ոստիկանական գումարտակի ներգրավման միջոցով: Այնպես, ասես բռնել են սերիական մարդասպանի:

Ի դեպ, ասենք, որ այս դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ փետրվարի 7-ին: Այն նույն օրը եւ նույն ցերեկային ժամին, երբ մի քանի փողոց այն կողմ դիմակավորված անձինք առեւանգում էին ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին: Առեւանգեցին ու դաժան ծեծի ենթարկեցին:

Իսկ ոստիկանները նույն պահին, դեմքի լուրջ եւ պատասխանատու արտահայտությամբ, շնչակտուր օպերացիա էին իրականցնում «ՍԱՍ»-ի շրջակայքում, որտեղ էլ կալմեջ արեցին երկու պեչենի գողանալ փորձող, կիսասոված թշվառին:

Իսկ Արտակին առեւանգած եւ դաժան ծեծի ենթարկած իրական հանցագործներին դեռ չեն հայտնաբերել:

Կարեւորը՝ փրկված է իշխանության երկու պեչենին, եւ ձերբակալված է ՀՀԿ-ական պատգամավորին սննկացնել փորձող, ահավոր վտանգավոր «ռեցեդեւիստը»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը