Մեկնաբանություն

11.02.2015 14:35


Շատ ճիշտ է՝ «կոնսեսուս՝ մինուս մեկ»

Շատ ճիշտ է՝ «կոնսեսուս՝ մինուս մեկ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Tert.am»-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին՝ ևս մեկ անգամ փաստեց, թե դրանց անցկացումը բացառապես անհրաժեշտ է քաղաքական մեծամասնությանը վերարտադրվելու համար:

Եթե մինչ այժմ բերվող «հիմնավորումները» ոչ մի հակափաստարկի չէին դիմանում, այսօր արդեն սահմանադրական փոփոխությունների անցկացման վերաբերյալ դատողություններն այնքան են կտրված մեր իրականությունից, որ կարծես ինչ-որ աֆրիկյան պետության մասին են խոսում:

Փոփոխությունները նախաձեռնած Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե դրանք հնարավոր կլինեն քաղաքական-հասարակական լայն կոնսոլիդացիայի դեպքում: Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը կարիք չունի հերթական անգամ ներկայացվելու: Լայն կոնսոլիդացիան ընդդեմ Սերժ Սարգսյանի է:

Եվ ի՞նչ է ասում ՀՀԿ պատգամավորը. «Նմանատիպ խոշոր, մեր երկրի համար համակարգային բարեփոխումները ենթադրում են այլ քաղաքական դաշտի, հասարակության կոնսոլիդացիա, այսինքն՝ եթե մեկ բառով ասենք՝ ժողովրդի կոնսոլիդացիա»:

Նախ՝ անհասկանալի է, թե ինչ նշանակում «այլ քաղաքական դաշտ», և վերջապես, ի՞նչ ժողովրդի կոնսոլիդացիայից է խոսում ՀՀ ԱԺ պատգամավորը: Հանրապետականները թող մեկ օր պտտվեն Հայաստանով մեկ՝ բեմականացված «հանդիպումների» շրջանակից դուրս, ու կտեսնեն «կոնսոլիդացիա» ասվածի իրական պատկերը: Բայց սրանով Հովհաննես Սահակյանը չի սահմանափակվում:

Արվում է սուպերաբսուրդային հայտարարություն. «Եթե ժողովրդի անունից են խոսում, ապա մենք պետք է նայենք՝ այդ «կոնսեսուս՝ մինուս մեկն» ինչքան քվե ունի, ինչքան վստահություն ունի ժողովրդի մոտ, ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ մյուս ուժերը»։

Հայաստանի բացարձակ մեծամասնության կոնսեսուսի «մինուս մեկը» հենց ՀՀԿ-ն ու նրա հաճախորդներն են: Դրա միայն քաղաքական հիմնավորումները քաղաքական ու լրատվական դաշտի տարբեր շրջանակներ արդեն մի քանի տարի տալիս են, իսկ ամենամեծ հիմնավորումը Հայաստանի այսօրվա վիճակն է, և բացի այդ՝ Սերժ Սարգսյանն էլ է պնդել, որ ժողովրդի 80 տոկոսը դեմ է իշխանությունների առաջարկվող քայլերին:

Իսկ հիմա ուշադրություն՝ տա–դա՜. «Մեր ժողովուրդը քաջ գիտակցում է, հատկապես մարզերում, մարզային համայնքներում, թե որ քաղաքական թիմն է ժողովրդի կողքին, և որ քաղաքական թիմն է պատասխանատվություն վերցնում և իրական գործ անում»:

Չգիտես էլ՝ ինչ ասես: 2008-ից մինչ օրս երկրի խայտառակ պատկերը՝ հատկապես մարզերում, միայն մեկ բան է ցույց տալիս՝ Հայաստանի գործող իշխանությունը ոչ մի բանի համար պատասխանատվություն չի կրում ո՛չ ներսում, ո՛չ դրսում: Նա միայն իր համար է: Ու այսքանից հետո ցանկանում է վերարտադրվել:

Հովհաննես Սահակյանը ճիշտ է մեկ բանում՝ իրական «կոնսեսուս՝ մինուս մեկը» պետք է կյանքի կոչվի: Եվ միգուցե խորհրդանշական է, երբ հանրապետականն է արդեն խոսում «կոնսեսուս՝ մինուս մեկից»:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը